Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը. նա կմնա անազատության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը. նա կշարունակի մնալ անազատության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Առաջին ատյանի դատարանի` նախկին պատգամավորի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը մնացել է ուժի մեջ:

Մկրտչյանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը դեռևս գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:

«Այժմ այնպիսի իրավիճակ է, որ նրա շաքարային ցուցանիշը 7 էր, բարձրացել է 27: Գրիգորյանն այս պահին 110 միավոր ինսուլին է ստանում, որը մինչև կալանավորումը չի ստացել: Պաշտպանյալս ունի մի շարք այլ հիվանդություններ, որոնք շարունակում են բարդանալ, սակայն միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է, որ առողջական վիճակը ինչ-որ չափով կայուն է պահում»,- նշեց պաշտպանը:

Անդրադառնալով հարցին, թե Մանվել Գրիգորյանը կարո՞ղ է խոչընդոտել գործին ազատության մեջ լինելու դեպքում՝ փաստաբանը նշեց, որ նա արդեն եղել է ազատության մեջ և նմանատիպ գործունեություն չի ծավալել:

«Գործում այդ մասին թույլատրելի, վերաբերելի, օրինական ապացույցներ չկան: Այս պահի դրությամբ Մանվել Գրիգորյանի տեսակցությունները թույլատրվել են Եվրոպական դատարանում հայտնվելուց հետո, ինչպես նաև կա հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն»,- ասաց Մկրտչյանը և հավելեց, որ նրան տեսակցության եկել են միայն ընտանիքի անդամները:

Նրա պնդմամբ՝ վարույթ իրականացնող մարմինն այսօր որևէ հիմք չունի պնդելու, որ Մանվել Գրիգորյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին:

Մանվել Գրիգորյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:




Լրահոս