ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ դատավորը` ֆեյք ունենալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հասկանալու համար, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչ է փոխվել դատական համակարգում եւ, հատկապես, Սահմանադրական դատարանում:

-Տիկի՛ն Գյուլումյան, թավշյա հեղափոխությունից հետո Սահմանադրական դատարանում ի՞նչ է փոխվել, Դուք ի՞նչ եք զգացել:

-Գիտեք ինչ, դատարանները մի քիչ ավելի կոնսերվատիվ կառույցներ են: Իհարկե, միշտ էլ տարին տարվա վրա փոփոխություններ լինում են, եւ նման դարակազմիկ փոփոխությունների պայմաններում հնարավոր չէ, որ դա չառնչվի դատավորներին:

– Ի՞նչ փոփոխություն եք զգացել դատական համակարգում:

-Նախ` քաղաքացիների ակտիվությամբ, քաղաքացիները սկսում են ավելի շատ արդարություն փնտրել դատարաններում, որովհետեւ իրենք հավատացել են, որ կարող են դատարաններում հասնել դրան, եւ երկրորդը` Սահմանդրական դատարանի պարագայում ես կարող եմ ասել, որ դատարանների ակտիվությունն է ավելի բարձրացել, քանի որ Սահմանդրական դատարան դիմող սուբյեկտները նաեւ դատարաններն են: Դատարանները վերջին մեկ տարում ավելի հաճախ են դիմում Սահմանադրական դատարան համոզվելու համար, որ իրենց կողմից կիրառվելիք նորմը համապատասխանում է սահմանադրությանը, թե ոչ, որպեսզի նոր միայն այդ նորմը կիրառեն: Սա, իհարկե, ողջունելի է, եւ սա, կարծեք թե, պետք է օժանդակի, որ դատարանների կողմից, համենայնդեպս, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում սխալները նվազեցվեն:

-Նախկինում եւ հեղափոխությունից հետո նաեւ բարձրաձայնվել է, որ դատարաններին զանգահարել են նախագահական նստավայրից, ՀՀ կառավարությունից. հիմա որտեղի՞ց եք զանգեր ստանում:

-Անկեղծ ասած` չեմ կարող դա հաստատել ո՛չ նախկինի, ո՛չ …

-Դուք զանգ չե՞ք ստացել:

– Երբեւէ, երբեւէ որեւէ զանգ չեմ ստացել, երբեւէ որեւէ ձեւի ազդել ինձ վրա չեն փորձել, եւ ես կարծում եմ, որ ազդեցության ենթարկվում են նրանք, ում որ մտածում են` կարող են ազդեցություն գործել: Եթե դու այն դատավորներից ես, որ շրջապատն էլ համոզված է, որ դու ղեկավարվելու ես միայն սահմանադրությամբ, միայն օրենքներով, անիմաստ փորձեր չեն կատարի:

-Ինչպիսի՞ փոխհարաբերություն ունեք Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Դուք դատի էիք տվել ՍԴ աշխատակազմին, քանի որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել Ձեր աշխատավարձը` վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահության օրոք: Դուք հաղթեցիք, բայց մեզ տեղեկություններ են հասել, որ ՍԴ-ն չի պատրաստվում տալ Ձեր գումարը. կա՞ նման բան, թե՞ ոչ:

-Մեր հարաբերությունները հրաշալի են, սա զուտ օրենքի մեկնաբանության հարցով տարբեր կարծիքներ են, եւ այդ կարծիքների լուծումը մենք փորձում ենք գտնել դատարանում, ինչպես բոլոր քաղաքացիները: Ես հայտնեցի, որ քաղաքացիները ակտիվացել են, եւ ես նմանապես` որպես քաղաքացի, մտածում եմ, որ վերջնական պատասխանը կտա վարչական դատարանը: Իսկ այսօր գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում է:

-Այսինքն` ՍԴ-ն բողոքարկե՞լ է:

– Բողոքարկել է ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ, բնականաբար, ՍԴ-ն էլ է հանդես գալիս պատասխանող կողմ եւ պետք է համաձայներ ՀՀ ֆինանսների նախարարության հետ: Ես դրա մեջ անձնական ոչինչ չեմ փնտրում, մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մենք նախկինում էլ ենք աշխատել պարոն Թովմասյանի հետ:

-«Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգի տապալման մասին մշտապես բարձրաձայնվեց, եւ քրեական գործն արդեն հայտնի է բոլորին: Որպես ՍԴ անդամ` ի՞նչ եք կարծում, Սահմանադրական կարգ տապալվե՞լ է:

– Կարծիք հայտնել չեմ կարող, քանի որ չեմ բացառում, որ գործը կարող է գալ Սահմանադրական դատարան:

-Դուք ֆեյք ունե՞ք:

-Ես, ընդհանրապես, սոցիալական ցանցերում դատավորների գրանցվելուն սկզբունքորեն դեմ եմ` լինի դա անձնապես, լինի դա ֆեյքի ձեւով: Այդպիսի մասնակցությունը համարում եմ անընդունելի: Իսկ ֆեյքերի մասին կարող եմ ասել` ինչ էլ մենք անենք որեւէ ձեւով, չպետք է վնասենք խոսքի ազատությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս