Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի` հացի արտադրության ծավալները աճել են 1.9 տոկոսով: Սա, ի դեպ, վերջին տարիների համար կարելի է աննախադեպ արդյունք համարել:
Բանն այն է, որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին անընդհատ հետեւողականորեն նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 45 հազար 795 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 44 հազար 941 տոննա: Կա տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները եւս:
Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է: Բայց կա նաեւ այն տեսակետը, որ այդ ցուցանիշների ավելացումը կապված է ստվերից տնտեսվարողների դուրս գալու հետ: