Այսօր նա առաջին անգամ ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում:
Վարչապետի մոտ քսան րոպեանոց ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 14։00-ին, ապա Փաշինյանը պատասխանելու է ԵԽԽՎ անդամների հարցերին, Հայաստանի ղեկավարին հարցեր ուղղելիս որպես կանոն ակտիվ են լինում Ադրբեջանի պատվիրակության անդամները, որոնք արդեն գրանցվել են:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Այսօր Ֆրանսիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը լրագրողների համար հայտարարությամբ են հանդես գալու:
Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, բացվելու է «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» անվանումով լուսանկարների ցուցահանդեսը, միջոցառմանը Հայաստանի վարչապետին ուղեկցելու են ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը:
Այս օրերին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին են մասնակցում նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները` «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը: