Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ինքը չնայած Երկրապահ կամավորական միությունում չէ, բայց անհրաժեշտության դեպքում իրենք կառույցի կողքին են:
-Պարո՛ն Տեր-Թադեւոսյան, օրերս Երկրապահ կամավորական միությունն ընտրեց նոր նախագահ: Այժմ ԵԿՄ-ն ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Մշտապես նշվել է, որ ԵԿՄ-ն նախկին իշխանությունների օրոք այդպես էլ իր դերակատարումը չկարողացավ ունենալ, քանի որ կառույցը քաղաքականացվել էր եւ ենթարկվում էր նախկին իշխանություններին: Ի՞նչ եք կարծում, այսուհետ ԵԿՄ-ն կկարողանա՞ զերծ մնալ քաղաքականությունից եւ կատարել իր դերը:
-Կառույցը ստեղծվել է Վազգեն Սարգսյանի օրոք, Վազգեն Սարգսյանն է այդ միությունը ստեղծել, ու ես միշտ հույս եմ ունեցել, որ կառույցը կկարողանա օգտակար լինել մեր բանակի համար: Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն էր կառավարում, ու հիմա մենք գիտենք, թե ինչ կարգավիճակում է գտնվում նա: Ես մտածում եմ, որ կառույցը կկարողանա պետության կողքին լինել, աջակցել բանակին: Բոլորը ազատամարտիկներ են, ու ես կարծում եմ, որ իրենք շատ լավ գիտեն, թե որն է իրենց անելիքը: Ազատամարտիկը շատ լավ գիտի բանակն էլ, նրա գինն ու արժեքն էլ:
-Սասուն Միքայելյանին ճանաչելով` ի՞նչ եք կարծում, այս ընթացքում տեղի ունեցած պառակտումները, չլուծվող հարցերը ԵԿՄ-ում կունենա՞ն իրենց լուծումները, թե՞ դժվար աշխատանք է սպասվում նորընտիր ղեկավարին:
-Սասուն Միքայելյանին շատ լավ գիտեմ, պատերազմի ժամանակվանից: Դժվար պահերին ես միշտ «Սասուն» ջոկատի` Սասուն Միքայելյանի ջոկատի վրա հիմնվում էի, կային տղաներ, որ իրենց վրա այդ ժամանակահատվածում հիմնվում էի, ուզում եմ ասել` շատ լավ գիտեմ նրան: Իսկ մենք ինչ հաջողություններ որ ունենք այսօր, Ղարաբաղում այդ տղերքի միջոցով, նրանց շնորհիվ ունենք այդ հաջողությունները:
Դրա համար էլ ես Սասուն Միքայելյանին շատ լավ գիտեմ: Ուղղակի, գիտե՞ք, քաղաքականությունն ուրիշ բան է, ես, օրինակ, ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվել, բայց Սասուն Միքայելյանը զբաղվում է, մարդը ցանկություն ունի, զբաղվում է: Ես այդ կառույցի մեջ չեմ, բայց ես իրենց կողքին եմ: Մենք անհրաժեշտության դեպքում անպայման իրենց կողքին ենք: Կառույցի կողքին ենք մենք ու անհրաժեշտության պահին մենք լինելու ենք իրենց հետ:
-Այսինքն` նպատակ չունե՞ք հիմա անդամակցելու ԵԿՄ-ին, քանի որ կառույցն ամբողջությամբ փոփոխվել է, ու այնտեղ իսկապես այն մարդիկ են, որոնք տարիներ առաջ կռվել են պատերազմի դաշտում իրենց հայրենիքի համար:
-Ես չեմ միանում, բայց ես իրենց հետ եմ, ուղղակի Ձեզ ասեմ, որ մի քանի կազմակերպություն կա, որոնց հետ ես համագործակցում եմ: Ես ուղղակի չեմ կարող միակողմանի լինել` մեկի կողքին կանգնել, ես բոլորի հետ էլ համագործակցում եմ, իրենց կողքին եմ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Ես այսպես եմ կարծում, որ այն կռված տղերքը, ովքեր ինչ-որ կազմակերպություն են ստեղծում, ինչ-որ կառույց են հիմնում, կարողանամ իրենց հետ աշխատել, անհրաժեշտության դեպքում իրենց կողքին լինեմ:
Ես մեծ սիրով տղերքի հետ կաշխատեմ. ես ուզում եմ, որ այն տղերքը, ովքեր կռվել են, ովքեր միասին են միշտ, իրար հետ լինեն, իրար հետ աշխատեն: Ես չեմ ուզում ինչ-որ մեկին առաձնացնել, դրա համար էլ ես աշխատում եմ իրենց հետ, այս պահին էլ ես աշխատում եմ: Ես տարբերություն չեմ դնում. բոլոր տղերքը, ովքեր պատերազմի դաշտում են եղել, կռվել են, իրենք այսօր ուզում են իրենց հայրենիքի համար ամեն լավ բան անել: Ես էլ եմ ուզում դա անել: Այսօր իսկապես շատ կարեւոր է, որպեսզի մենք բոլորս միասին լինենք, միմյանց կողքին ու իրար ցանկացած հարցում աջակցենք, օգնենք, իրար կողքի լինենք:
ԶՐՈՒՑԵՑ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ