Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ ու գրող Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին: Նա եղել է նաև գրող, մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար: 1466թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469-1478թթ. աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վերոկիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն:
1495-1497թթ. Լեոնարդո դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է:
1503թ. նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ: Հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում:
Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483-1494թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր:
Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500-1507թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513-1517թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514-1516թթ.) և այլն: Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված է եղել թափառել:
Աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517թ. Ֆրանսուա Ա թագավորի հրավերով որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար» տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր-Բլուա-Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը:
Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ Դա Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր:
Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները: Մահացել է 1519թ. մայիսի 2-ին: