ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, բայց փշալարերի տարբեր կողմերում. Փաշինյանը` ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության հիմնադրման 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում շնորհավորական ուղերձ հղեց ոստիկանության համակարգի աշխատակիցներին:

Ապրիլի 16-ին իր ելույթի ընթացքում վարչապետը հույս հայտնեց, որ ոստիկանության ամենօրյա ձգտումը կդառնա կատարելության հասնելը:

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում: Եվ ես այդ օրը շատ նշանային եմ համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարաբերությունների մեջ, որովհետև բացի այն, ինչ երևում է էկրաններից կամ ակնհայտ է, ինչ հետևություն մենք կարող ենք անել այդ օրվանից:

Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ ողջ գործընթացը, երբ տեղի ունեցավ ըստ էության հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ ատելություն: Եվ ես հենց այս առումով եմ հատուկ և նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն էր մի նոր բովանդակության Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների այն առումով, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է առաջացնեն:

Ընդհանրապես հասկանալի է, որ ոստիկանությունը իրավապահ մարմին է, ուժային մարմին է: Եվ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում նույնիսկ երբեմն ոստիկանությունը, ցավոք սրտի, ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների:

Բայց կարևոր է ընդգծել, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն, ոստիկանության գործողությունները չպետք է լինեն ատելության դրսևորում: Եվ ես կարծում եմ, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարող ենք հենց դա համարել, երբ ատելությունը որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից:

Ընդհանրապես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ ոստիկանությունը, իրավապահ մարմինները, մեր պետականության հենասյուներից են: Անկախ ամեն ինչից ոստիկանությունը պետականության հենասյունն է: Եվ մենք պետք է այս իրողությունը շատ հստակ և միանշանակ գիտակցենք և արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումն առաջին հերթին վկայությունն է պետության բարձր մակարդակի:

Եվ ես հույս ունեմ, որ ահա այս հանգրվանում, նոր Հայաստանում ոստիկանությունը իսկապես նոր բովանդակություն կստանա, ոստիկանությունը նոր կերպար կստանա և ոստիկանությունը նոր անելիքի մեջ կդրսևորվի և այդ անելիքը չի լինի քաղաքական որևէ ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին: Եվ ես համոզված եմ, և ես տեսնում եմ, որ այսօր ամեն ինչ հենց այդպես էլ տեղի է ունենում:

Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք գնում ենք միանշանակ ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք վստահ այդ ճանապարհով, և մենք այդ ճանապարհը շարունակելու ենք: Եվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության: Իհարկե, դժվար է ասել` այդ նպատակին երբևէ որևէ մեկը հասնում է, թե չէ, բայց այդ ճանապարհը, այդ ճանապարհով առաջ գնալն արդեն մեծագույն առաքելություն է, և մեծագույն հաջողություն:

Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհավորել այսօրվա կապակցությամբ: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար: Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել և շնորհավորել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր այսօր մարտական հերթապահություն են իրականացնում և պաշտպանում են Հայաստանի Հանրապետության սահմանները:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ոստիկաններին, ովքեր իրենց գործողություններով կյանքեր են փրկում, ովքեր իրենց գործողություններով իրավունք են պաշտպանում, ովքեր իրենց գործողություններով օրինականություն են պաշտպանում, պետականություն են պաշտպանում, ժողովուրդ են պաշտպանում, և ապագա են պաշտպանում: Ես համոզված եմ, որ մենք այսօր ունենք հենց այսպիսի ոստիկանություն և այս առաքելության մեջ ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի ավելիին: Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության:

Եվ ուրեմն` կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս