29-ամյա աղջիկը կարող է կապ ունենալ Էջմիածնի սպանության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 14-ին 911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված: Ավտոմեքենան Դիլիջանի ճանապարհի 3-րդ ոլորանում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին եւ 30 մետր մի քանի անգամ գլորվելով` կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանում, բախվել ծառի։

Ճանապարհային ոստիկանները եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ այդ ավտոմեքենայի վրա կեղծ պետհամարանիշներ են, ավտոմեքենան պատկանում է ապրիլի 13-ին Էջմիածին քաղաքում` իր բնակարանում սպանված անձին։ Դիլիջանցի իրավապահներից տեղեկացանք, որ «Lexus RX300»-ի ավտոմեքենայի ղեկին եղել 29-ամյա աղջիկ, մեքենայի ուղեւորը եղել է նրա տատը: Նրանք մեկնում էին Բերդի տարածաշրջան, ուր աղջկա տատը հարազատներ ունի։ Հիմնավոր կասկածներ կան, որ այդ աղջիկը այլ անձի հետ մասնակից է ապրիլի 13-ին Էջմիածին քաղաքում կատարված սպանությանը։

Աղջիկը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, Դիլիջանից տեղափոխվել։ Ապրիլի 14-ին աղջկա տատը, որը վթարի հետեւանքով կոտրվածքներ ունի, տեղափոխվել է Երեւան` «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս