Եթե պատկերասրահում հրդեհ բռնկվի, 3 թանգարան կվտանգվի, ապակենտրոնացնել է պետք. Սահակ Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին բռնկված հրդեհի նախադեպը, որի հետեւանքով քանդվեցին տաճարի աշտարակն ու կտուրը՝ հուժկու ավերածություններ պատճառելով կոթողին` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը հետեւյալ գրառումն է կատարել. «Այսպիսի տեսարան չունենալու պատճառով Մշակույթի նախարարությունը արգելել էր Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի պատմության թանգարանի տանիքից հրավառություն անել. միջոցառում կազմակերպողները մեզնից դժգոհ էին, քանի որ բարձր կետից հրավառությունն ավելի տպավորիչ է, բայց անվտանգությունը առաջնային է»:

Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց՝ պատկերասրահը տեղակայված է քաղաքի այնպիսի հանգույցում, որտեղ, օրինակ, հենց հրդեհի պարագայում դեպքի վայր հասնելու համար հրշեջներից կպահանջվի կես ժամից մեկ ժամ, իսկ դա հսկայական ժամանակահատված է, եւ այդ ընթացքում շատ հավանական է` պատկերասրահում տեղակայված մշակութային արժեքներն ամբողջովին այրվեն. «Նախ՝ շենքը նախատեսված չէ պատկերասրահի համար. այնտեղ չկան տարրական պայմաններ, ամռանը շոգ է, ձմռանը ցուրտ է, դրա մասին բազմիցս խոսվել է, բայց, բացի այդ, տվյալ տարածքում տեղակայված է միանգամից երեք թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահն ու Գրականության եւ արվեստի թանգարանը:

Սա կոնցեպտուալ առումով մեծ սխալ է: Աստված չանի, եթե հրդեհ բռնկվի, այս երեք կառույցներն էլ վտանգի տակ են հայտնվելու, ուստի եթե հնարավոր չէ թանգարանների համար հակահրդեհային հզոր համակարգերով շենքեր կառուցել, գոնե պետք է կառույցներն ապակենտրոնացնել, որպեսզի վտանգի պարագայում միանգամից երեքը չհայտնվեն թիրախում: Եթե Ֆրանսիայի պես երկիրը թեեւ դժվարությամբ, բայց կարող է իրեն թույլ տալ վերականգնել տաճարը, մեր պարագայում թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով շատ ավելի դժվար կլինի մեր արժեքները վերականգնել: Ուստի հարկավոր է նախապես ուղիներ մտածել վտանգից խուսափելու համար»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Տիգրան Գալստյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ թանգարանների շենքերն ապակենտրոնացնելու հարցը նախարարությունում երբեւէ չի քննարկվել. «Ավելի լավ է` ուշադրությունը կենտրոնացնենք Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից արագ եւ արդյունավետ աշխատանք ապահովելու եւ այդկերպ վտանգներից հնարավորինս խուսափելու, քան թանգարանների ապակենտրոնացման վրա»,-կարծիք հայտնեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս