Աբովյանում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով կտրվի. Կոտայքի մարզպետը մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վարչական վերահսկողության արդյունքներում ի հայտ եկած մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին իրավական գնահատական տալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով իրավախախտումներ են արվել: Որոշ փաստեր ունենք նաև կոմունալ տնտեսության ու մի շարք այլ ՀՈԱԿ-ների աշխատանքների գծով»,- ընդգծեց մարզպետը:

Նրա խոսքով՝ այս պահին գործն իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, ինչից հետո կտրվի իրավական գնահատականը:

«Այս ամենը չի ազդում ընթացիկ առօրյա գործունեության վրա: Եթե քաղաքում ունենք որևէ նոր ձեռքբերում, ապա ոչ մի կաշկանդում չունենք միասին աշխատելու»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի հետ իր հարաբերություններին՝ նա նշեց, որ առհասարակ տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած ներկայացուցչի հետ դրանք գործնական են և պայմանավորված բացառապես ՏԻՄ օրենքով, հողային օրենսգրքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:




Լրահոս