«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրին` հարցադրումներ հնչեցնելով, որ ծրագիրը կարող է լավ մտածված խաբեություն լինել: Նման կասկածներ ունենալու համար մի շարք փաստեր են առկա, օրինակ` ծրագրի` Արմավիրի մարզը համակագող Վան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Էջմիածնի քաղաքային իշխանության հետ համագործակցություն կա, այնինչ քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը` նշելով, որ իրեն դիմել են, որպեսզի քաղաքապետարանը հող տրամադրի, սակայն ինքը մերժել է դա, քանի որ իրեն չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, եւ այդ ամենը քաղաքապետի համար առնվազն կասկածելի է թվացել: Նշենք, որ գրեթե նույն իրավիճակն է եղել Մեծամորի դեպքում:
Հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ բնակչության մեջ խոսակցություններ են տարածվել, թե «Մի կտուրի տակը» պետական ծրագիր է, համագործակցություն կա կառավարության, մարզպետարանների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը այս ծրագրի մասին զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ:
-Պարո՛ն Մաթեւոսյան, ի՞նչ տեղեկություններ ունեք «Մի կտուրի տակ» ծրագրի գործունեության մասին:
-Մենք իրենց հետ չենք համագործակցում եւ չենք համագործակցել ոչ Արմավիրի մարզպետարանի կարգավիճակով, ոչ քաղաքապետարանի կարգավիճակով: Ես տեղյակ եմ, որ իրենք գործունեություն էին փորձում ծավալել Էջմիածին քաղաքում: Էջմիածնի քաղաքապետարանը պաշտոնապես հերքում է տարածել, որ չի համագործակցում տվյալ կազմակերպության հետ: Մենք չգիտենք` իրենք ինչքանով են վստահելի: Այնուհետեւ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ կան խնդիրներ, եւ իրավապահ մարմինները կարծես զբաղվում են այդ հարցերով:
-Ինչպես հայտնի դարձավ, փորձել են Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցել: Տեղյա՞կ եք` նույն հարցով դիմել են արդյոք Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին:
-Վստահ չեմ կարող ասել` փորձել են, թե ոչ, եւ չգիտեմ` որ համայնքում ինչ է եղել: Այսինքն` հնարավոր է, որ ոչ միայն քաղաքային համայնքներից են իրենք փորձել հող ստանալ, այլ նաեւ գյուղական համայնքներից, բայց որ Արմավիրի մարզում իրենց հետ չկա համագործակցություն պետական մակարդակով, դա հաստատ է: Թե ինչ են փորձել, վստահ չեմ, որովհետեւ բացի Արմավիրի եւ Էջմիածնի քաղաքներից հնարավոր է նաեւ Մեծամոր քաղաքում նման հանդիպումներ եղած լինեն, հողի հետ կապված հարցեր քննարկած լինեն, բայց, ամեն դեպքում, պաշտոնապես որոշում չկա. իմ ունեցած տեղեկություններով` հողհատկացումներ չեն եղել:
-Դուք հետաքրքրվե՞լ եք` արդյոք իրավապահ համակարգը պատշաճ վերահսկողություն իրականացնում է:
-Շատ չեմ կարող մանրանալ, քանի որ չգիտեմ` քննություն ընթանում է, չի ընթանում: Ճիշտ կլինի` իմ ուժային գործընկերները դրա մասին տեղեկություններ տան, բայց իմ տեղեկություններով` իրավապահները զբաղվում են:
-Դուք` որպես Արմավիրի մարզպետ, ի՞նչ կարծիք ունեք տվյալ ծրագրի մասին:
-Տեսեք, ես իմ անձնական կարծիքն եմ ասում` իրենք ինձ վստահություն չեն ներշնչում եւ ընդամենը այդքանը: Ես այդ ծրագրի ղեկավարների հետ առանձին հանդիպումներ չեմ ունեցել: Ուղղակի փաստաթղթերին եմ ծանոթացել:
-Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:
-Իրենք փորձում էին համագործակցության եզրեր փնտրել քաղաքների հետ, օրինակ` ինչպես նշեցինք, Վաղարշապատի հետ: Եւ ես տեղյակ եմ, տիկին Գասպարյանի հետ խոսել եմ այդ մասին, քննարկում ենք ունեցել: Ամեն դեպքում, քաղաքապետարանը մերժել է:
-Դուք համայնքապետերի հետ ընդհանուր քննարկում ունեցե՞լ եք այդ մասին` իրազեկելու, որ դա պետական ծրագիր չէ, եւ Ձեզ վստահություն չի ներշնչում:
-Այսպես ասեմ, եթե խոսում ենք համագործակցության մասին, ես դա հետեւյալ կերպ եմ պատկերացնում. անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն է, ինչ լիազորություններ ունի կամ ինչ է նախաձեռնում` եթե իրենք ուզում են հողատարածքներ գնել, ապա դրա համար կան հատուկ աճուրդներ: Աճուրդների մասին տեղեկատվություն կտանք, թող գան, մասնակցեն: Այսինքն` այնպես չէ, որ մենք ուղղակիորեն հողհատկացում ենք կազմակերպելու նմանատիպ կազմակերպությունների համար: Ամեն դեպքում, ուղիղ մարզպետարանի հետ քննարկումներ չեն փորձել ունենալ:
-Բնակիչներից բողոքներ ունեցե՞լ եք այդ ծրագրի մասին, կամ թեկուզ մասնավոր զրույցներում Ձեզ հետ խոսե՞լ են այդ մասին:
-Որպես էդպիսին, մուտքագրված բողոքներ չկան մարզպետարանում: Մասնավոր զրույցներում ասում են` լսել ենք, որ ծրագիրը պետության հետ է համագործակցում, մարզպետարանի, մենք էլ հերքում ենք` ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Լուսինե Մինասյան