Այսօր առավոտից լուրեր են շրջանառվում այն մասին, որ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը դադարեցրել է իր գործունեությունը։
Այս մասին հայտնել են նաեւ հյուրանոցի արդեն նախկին աշխատակիցները, որոնց երեկ երեկոյան տեղեկացրել են, որ այսօրվանից աշխատանքի չներկայանան։ Հիշեցնենք, որ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել էր պետությանը։ Ի դեպ օրեր առաջ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում վստահեցրել էր, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ փոփոխության արդյունքում աշխատակիցները գործազուրկ չդառնան։ Հիմա ստացվում է, որ 50 քաղաքացի համալրեց գործազուրկների շարքերը։
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ տվյալ հյուրանոցը չի պատկանում պետությանը:
«Պետությանը փոխանցելու գործընթացի դեռ ընթացքի մեջ է: Այսինքն` ամբողջական գործըթաց դեռ տեղի չի ունեցել»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մամուլի պատասխանատու Մարգարիտա Սարգսյանը:
ArmLur.am-ը հետաքրքրվեց` հյուրանոցի փակման վերաբերյալ ինչ տեղեկություններ կան:
«Դրա հետ կապված դեռ ոչինչ չգիտենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը: