«Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ իմ շտաբը փախուստի մեջ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը դեռեւս 2008 թվականին մարտի մեկի իրադարձություններից հետո հայտարարել էր, որ ինքը 2008-ի մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին հանդիպել էր, ու իրենց միջեւ զրույց էր տեղի ունեցել: Ըստ Սաֆարյանի` ինքը Տեր-Պետրոսյանին պատմել է, թե մարտի 1-ին ինչ էր տեղի ունենում Մյասնիկյանի արձանի մոտ` Ֆրանսիական դեսպանատան հարեւանությամբ, ու հավելել. «Քանի որ Դուք եք առաջնորդը, ի՞նչ փոխանցի այնտեղ հավաքված ժողովրդին որպես ուղերձ»:

Ստյոպա Սաֆարյանը պատմել էր, որ ՀԱԿ առաջնորդն ի պատասխան ասել էր. «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որեւէ հավաք չի պլանավորել: Միգուցե սադրիչներ են հավաքվել: Այս պահին իմ շտաբի անդամները փախուստի մեջ են, եւ մինչեւ շտաբը չհավաքվի, որեւէ բան ես չեմ անի»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ Ս․Սաֆարյանն ասաց,որ այդ ժամանակ Տեր-Պետրոսյանին ասել է, որ իրենք Ֆրանսիայի հրապարակ են գնում․ «Բայց ասել եմ, որ ինքներդ էլ եք հասկանում, որ մեզ սիրում է ժողովուրդը, մեզ լսում է, բայց մենք չենք շարժման առաջնորդը, Ձեր անունից ի՞նչ փոխանցենք: Ինքն էլ ասել է, որ իմ շտաբը փախուստի մեջ է, չգիտեմ որտեղ են շտաբի անդամները. մենք այնտեղ մարդ չենք հրավիրել, դա մեր ժողովուրդը չէ, մեր հրավիրած ժողովուրդը չէ, ու ես չգիտեմ ինչ ասել»:

Քաղաքագետն ասաց, որ իսկապես այդ հավաքների ժամանակ եղել են սադրիչներ, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակ իրենց տեղեկացրել է, որ իրենք Ֆրանսիայի հրապարակ ժողովուրդ չեն հրավիրել: Իսկ ինչ վերաբերում այսօրվա իշխանությունների կողմից նախաձեռնած մարտի մեկի հարազատներին աջակցելու օրենքի նախագծին, Սաֆարյանի կարծիքով` այն շատ տեղին է․ «Գումարային խնդիրները մի կողմ, սա առաջին հերթին պետության կողմից սեփական մեղքերը քավելու ձեւ է, իմ կարրծիքով, որովհետեւ պետությունն անկարող է եղել ապահովել քաղաքացու հիմնարար իրավունքները: Փաշինյանն արդեն ներողություն խնդրեց մարտի մեկի իրադարձություններից տուժածների հարազատներից, ընտանիքներից, իսկ սա արդեն քաղաքական ամրագրումն է այդ փաստին: Այո, այս օրինագիծը սպասված էր, հետեւաբար, կարծում եմ, շատ ճիշտ քայլ է իրավական ու քաղաքական առումով»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս