«Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է:
Ուրախ եմ հանդիպման համար, քանի որ մեր կողմից մշակվող ռազմավարությունների, ծրագրերի արդյունավետությունը կախված է նաև ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկեր կազմակերպությունների կողմից վերհանված խնդիրների հավաքագրումից և նրանց լավագույն փորձի տեղայնացումից»,- այս մասին Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության, զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ.
«Ուրախ եմ նշել, որ մեր մտահոգություններն ու տարվող աշխատանքները մեզ հետ կիսում է ողջ կառավարությունը: Դրա օրինակը տարբեր միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծումն է, որոնց ակտիվ գործունեությունը լավագույն արդյունքի գրավականներից մեկն է: Մեզ համար կարևոր է, որ մեր ծրագրերը կարող ենք ներկայացնել ամենաբարձր մակարդակում՝ ակնկալելով Կառավարությունում աշխատող մեր գործընկերների աջակցությունը»,- ասել է նախարարը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թ.-ից՝ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով: Վերջին 15 տարիներին առաքելության մանդատը զգալիորեն փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր.
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության ոլորտում առկա բոլոր խնդիրները այս կամ այն կերպ առնչվում են միգրացիոն հարցերին: Մեր ուսումնասիրությունները և վիճակագրական տվյալները փաստում են, որ միգրացիոն հոսքերի շուրջ 90 %-ը կապված են զբաղվածության հետ: Աշխատանքային միգրացիայի դեպքում՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը լուրջ խնդիրներ է առաջացնում»,- ասել է նա:
Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը աշխարհի ավելի քան 20 երկրներում իրականացնում է ինքնակամ վերադարձի աջակցության ծրագիր: Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը, ըստ ՄՄԿ-ի, միջինում կազմել է 150-200 մարդ՝ տարեկան, սակայն վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1800 մարդու.
«Ինքնակամ վերադարձի դեպքում ևս գլխավոր հարցը մնում է զբաղվածության խնդիրը: Վերաինտեգրումը չափազանց կարևոր և ցավոտ հարց է այն միգրանտների համար, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիք»,- ասել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄՄԿ-ի հետ համագործակցել է «Ամրապնդելով Հայաստանի աշխատանքային միգրացիայի կառավարման կարողությունները՝ ի բարօրություն միգրանտների իրավունքների պաշտպանության և լավ կառավարման» ծրագրի շրջանակներում: ՀՀ առավել խոցելի համայնքներում միգրանտների իրավունքների պաշտպանությանն ուղղված ևս մեկ ծրագիր դեռ իրականացման փուլում է: