Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում եւ ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն հայերի, ովքեր սրի քաշվեցին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից: Դա մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի ու հրեշավոր ծրագրերից մեկն էր, որը դարձավ խարան հետագա սերունդների համար:
Այս օրը մենք բոլորս միասին ենք՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով, բոլորս ծաղիկ ենք խոնարհում մեր սրբադասված նահատակների հիշատակին, բոլորիս սիրտը մղկտում է նույն ցավից ու ցասումից:
Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ, տոկուն ու անսասան՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու, հայոց անկախ պետականությունը ամրապնդելու ճանապարհին: Սա է մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի գրավականը, սա է մեր պատասխանը ցեղասպանություններին: Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին էին այն ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթեւան մնացած մեր հայրենակիցներին: Երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում՝ հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, բարու եւ արդարության հաղթանակի:
Մենք միշտ վառ ենք պահում մեր անմեղ զոհերի հիշատակը եւ այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի այլեւս երբեք ողբերգություններ չլինեն, որպեսզի մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ»: