Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 22-ին որոշում է ընդունել մինչեւ մրցույթով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Վազգեն Մարգարյանին այդ բուժհիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու մասին: Իջեւանի ԲԿ-ի նախորդ տնօրեն Ռուզաննա Գրիգորյանին մարզպետ Հ. Չոբանյանն աշխատանքից ազատել էր այս տարվա փետրվարի 18-ին: Ռ. Գրիգորյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել էր կողմերի համաձայնությամբ: Իջեւան քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն` Ռ. Գրիգորյանին աշխատանքից ազատելու առիթ էր հանդիսացել այն, որ նա բժշկական կենտրոնի աշխատակիցներին արհմիության ժողով անցկացնելու համար տարածք չէր տրամադրել:
2019թ. ապրիլի 22-ին մարզպետ Չոբանյանը Իջեւանի ԲԿ անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մարգարյանին, հույս հայտնել, որ վերջինիս կողմից իրականացվելիք աշխատանքները նպաստելու են բուժծառայությունների որակի բարձրացմանը, հիվանդանոցում բոլոր պայմանների բարելավմանը, տարբեր խնդիրների կանոնակարգմանը: Իջեւանի ԲԿ-ի աշխատակիցների մեծ մասը ծանոթ են 61-ամյա Վազգեն Մարգարյանին, քանի որ նա 2013-2015 թվականներին ղեկավարել է այդ բուժհիմնակը: 2013թ. հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Վ. Մարգարյանին նշանակել է Իջեւանի ԲԿ-ի տնօրեն, սակայն 2014թ. դեկտեմբերի 8-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Վազգեն Մարգարյանին կարգապահական տույժի էր ենթարկել:
Մարզպետ Աբովյանը, հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի 2014թ. դեկտեմբերի 3-ի աուդիտորական հաշվետվությունը եւ հաշվի առնելով Վ. Մարգարյանի բացատրությունը, կարգադրել է աշխատանքում լուրջ թերությունների եւ խախտումների համար «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վ. Մարգարյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը` վերջինս կարգադրելով 15 օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերություններն ու խախտումները եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել: 2015թ. հունվարի 23-ին մարզպետ Աբովյանը որոշում է ընդունել Վ. Մարգարյանին ազատել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից:
Դրանից հետո Վազգեն Մարգարյանի նկատմամբ ֆինանսատնտեսական խախտումների համար քրեական գործ էր հարուցվել: Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում կատարված քննության արդյունքում այդ քրեական գործը կարճվել է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ