«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում կային հետաքրքիր տարօրինակություններ: Տեւական դադարից հետո առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առեւտրաշրջանառությունը: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` արտաքին առեւտրաշրջանառությունը պակասել է 5 տոկոսով: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 1.6 մլրդ դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, իսկ ներկրումը՝ 3.1 տոկոսով: Բացարձակ թվային արտահայտությամբ էլ ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցել են արտահանումը, այսինքն՝ ըստ էության, շարունակվում է արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը. ներկրվել է 1 մլրդ 85.8 մլն դոլարի ապրանք, արտահանվել՝ 543 մլն դոլարի ապրանք:
Մասնագետների պնդմամբ, սակայն, այս իրավիճակը սպասելի էր. ի վերջո, տարիներ շարունակ ՀՀ-ից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, մինչդեռ հիմա հանքարդյունաբերող խոշոր ձեռնարկությունները չեն գործում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում