Սիրո և համերաշխության հեղափոխությունը սպորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա որոշմամբ` հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պետության կողմից կֆինանսավորվի 133,200 դոլարին համարժեք դրամով՝ շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտերին նախապատրաստվելու համար: Կառավարության որոշմամբ` համապատասխան գումարը հատկացվելու է Հայաստանի շախմատի ֆեդերացիային:

«Արոնյանին աջակցելը պետական առաքելություն է, նա աննախադեպ վաստակ ունի երկրի առաջ»,- կառավարության երեկվա նիստում հայտարարել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ իշխանությունների այս քայլն իր մեջ քաղաքական լուրջ ուղերձ է պարունակում: Ինչպես հայտնի է, Շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է: Ու թավշյա հեղափոխությունից հետո ոմանք փորձում էին տպավորություն ստեղծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ս. Սարգսյանին դեմ գնալու համար կարող է եւ շախմատի դեմ քայլեր անել, մանավանդ որ թավշյա հեղափոխության բուռն օրերին՝ Ս.Սարգսյանի հրաժարականից երեք օր առաջ՝ անցյալ տարվա ապրիլի 20-ին, մի քանի առաջատար գրոսմայստերներ, այդ թվում՝ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները, հայտարարություն էին տարածել՝ գովեստի խոսքերի մի շարան հնչեցնելով Սերժ Սարգսյանի հասցեին, մի մարդու, որին մերժելու էր դուրս եկել մի ողջ ժողովուրդ:

«Անթույլատրելի ենք համարում բոլոր այն քայերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել թե՛ մեր երկրին, թե՛ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի։ Հավատացած ենք, որ որեւէ իրավունք չպետք է սահմանափակվի, միաժամանակ սակայն որեւէ իրավունքի իրացում չպետք է ոտնահարի այլոց իրավունքներն ու խաչ քաշի մեր ձեռքբերումների վրա:

Համոզված ենք, որ, որպես շախմատային պետություն, միահամուռ ջանքերով կկարողանանք գտնել իրավիճակի լավագույն լուծումը»,- ասված էր նրանց հայտարարության մեջ:

Ու շատերը ենթադրում էին, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն կանտեսի շախմատը, շախմատիստներին, մանավանդ որ հետո փակվել էր Ս.սարգսյանի մյուս սանիկի` Գ. Սարգսյանի շախմատի դպրոցը: Բանն այն է, որ այդ դպրոցի մարզիչները գրանցված էին ՊԵԿ ուսումնական կենտրոնում, եւ ՊԵԿ-ն այլեւս անիմաստ էր համարել նման աշխատակիցներ ունենալը: Սրան եւս փորձ արվեց քաղաքական ենթատեքստ տալ:

Բայց, արի ու տես, ՀՀ վարչապետը անում է ճիշտ հակառակը եւ փորձում է նպաստել այս սպորտաձեւի զարգացմանը:
Հատկանշական է շեշտել, որ այսպիսի բան Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որը առանձնացրել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

Նա նաեւ նշել է, որ այս ամենը անհրաժեշտություն էր. «Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող հայ շախմատիստը պատրաստվում է Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարին: Պատշաճ մասնակցելու համար անհրաժեշտություն է առաջացել Շախմատի ֆեդերացային հատկացնել այդ գումարը: Արոնյանը մեծ հավակնություններ ունի ու կարող է Մագնուս Կարլսենի հետ պայքարել չեմպիոնի կոչման համար»:

Այս ամենը ապացույց էր նաեւ, որ Հայաստանում իրոք տեղի է ունեցել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, եւ այստեղ տեղ չունեն ոխակալությունը, կեղծիքն ու խաբեությունը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս