Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի 2019թ. եզրափակիչ փուլ անցած «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի անդամներին: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Սան Ֆրանցիսկոյում՝ մայիսի 4-ին և 5-ին:
Հայաստանը ներկայացնող թիմի ավագ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել «Հայկական արծիվներ» թիմի անդամներին՝ Զավեն Անդրիասյանին, Հայկ Մարտիրոսյանին, Գոռ Վարդանյանին, Շանթ Սարգսյանին ու Աննա Սարգսյանին, նրանց մարզական ճանապարհն ու հաջողությունները: Նա նշել է, որ թիմն այս հեղինակավոր մրցաշարի 2018թ. գործող չեմպիոնն է, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է, և 2019թ. եզրափակիչ փուլ անցած թիմն այս տարի ևս մտադիր է հաղթել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորիչ է համարել «Հայկական արծիվներ»-ի շախմատային ձեռքբերումները, մաղթել նրանց՝ հաղթանակ առաջիկա եզրափակչում և հետագա հաջողություններ:
Թիմի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մրցաշարի եզրափակչից առաջ իրենց ընդունելու և քաջալերելու համար:
Վարչապետը «Հայկական արծիվներ» թիմի անդամների հետ մտքեր է փոխանակել նաև Հայաստանում շախմատի տարածման, Հայաստանի՝ որպես շախմատային պետություն դիրքավորման և այս համատեքստում երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, հայկական chessify բջջային հավելվածի գործածության և օգտակարության, դպրոցներում շախմատի դասավանդման և այլ հարցերի շուրջ: