Ռոբերտ Քոչարյանի գործը երկուշաբթի կուղարկվի դատարան. ինչ դիմում են գրել դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը. այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը, կա՛մ ետ ուղարկի նախաքննության: Իսկ մինչ այդ առաջին ատյանի դատարանի քրեական գործեր քննող դատավորներից ոմանք «աղոթում» են, իսկ մի մասն էլ փախուստի է դիմում:

Ապրիլի 22-ին ՀՔԾ-ն գրել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը Արմեն Գեւորգյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը վերհսկող դատախազն արդեն քրեական գործը դատարան է ուղարկել, եւ այն դատարան կմտնի երկուշաբթի օրը:

Կա՛մ աղոթում են, կա՛մ փախնում

Ըւ մինչ քրեական գործը դատարան կհասնի, դատական համակարգում անսովոր լռություն է: Բանն այն է, որ ապրիլի 24-ին գրել էինք, որ դատական համակարգում այս ընթացքում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե ինչ կլինի, երբ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի մասով գործը ուղարկվի դատարան: Չի բացառվում, որ այդ ընթացքում դատական համակարգում քաոս սկսվի, քանի որ շատ դատավորներ հրաժարվել են անգամ քննել նրանց խափանման միջոցի հարցը, ուր մնաց թե քննեն բուն քրեական գործը:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Մարտի 1-ի քրեական գործը չքննելու համար դատավորներից մեկի կողմից առաջին ազդակը տրված է: Մասնավորապես, օրերս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Դավիթ Գրիգորյանը բժշկական տեղեկանք է ներկայացրել, որ ինքը չի կարող ներկայանալ աշխատանքի, մինչեւ չառողջանա: Նկատենք, որ Դավիթ Գրիգորյանը առաջին անգամ չէ, որ հրաժարվում է Մարտի 1-ի գործով առանցքային դեպքերի գործը քննել:

Հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը 2019 թվականի հունվարի 11-ին մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել, նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է իրեն, պարտավոր է քննել: Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: Եվ, ահա, այս ամենի համար բարձրացվել է Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ այն գտնվում է ԲԴԽ-ում, սակայն նրա մասով հարցը ապրիլի 25-ին չի քննարկվել, քանի որ դատավորը չի ներկայացել. վատառողջության պատճառով արձակուրդում է եղել:

Ի՞նչ կլինի մայիսի 8-ին

Ու մինչ առաջին ատյանի դատավորները սպասում են դատախազի կողմից մեղադրանքը հաստատելուն եւ քրեական գործը դատարան ուղարկելուն, ԲԴԽ-ն ապրիլի 25-ին քննել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին, Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, իսկ որոշումը կլինի մայիսի 8-ին: Ի դեպ, նշենք, որ Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը այն անձինք էին, որ հրաժարվեցին քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, եւ հիմա հայտնվել է նման իրավիճակում:

Քնար Մանուկյան




Լրահոս