Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված վիճահարույց օրենքի նախագիծը ճանաչել է սահմանադրությանը համապատասխան: Դատաքննությունն ընթացել է գրավոր ընթացակարգով, իսկ որոշումն էլ դատարանը հրապարակել է ապրիլի 19-ի խորհրդակցական նիստում:
Հիշեցնենք, որ, ըստ հոկտեմբերի 2-ին ընդունված նախագծի, եթե Ազգային ժողովի նիստի անցկացման համար խոչընդոտ կա, նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ պնդում էր, որ սրանով խորհրդարանի խորհրդարանական ուժերը միավորվելով փորձում են խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը: Հոկտեմբերի 2-ին խորհրդարանի շենքը շրջափակվեց ցուցարարների կողմից, իսկ ընդունված օրենքը հանրապետության նախագահը ստորագրելու փոխարեն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ վիճահարույց դրույթի սահմանադրականությունը պարզելու համար: Եվ, ահա, այդ իրադարձություններից վեց ամիս անց Սահմանադրական դատարանը որոշել է, որ այդ օրենքը սահմանադրական է։
Եվ այժմ այդ հանգամանքից փորձում են օգտվել եւ իրենց հանդեպ ճնշումներից են խոսում ՀՅԴ գործիչները, ընդ որում` դա անում են բավականին ագրեսիվ կերպով։ Մասնավորապես, այդ ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեսաուղերձով է հանդես եկել եւ ՀՀ ներկայիս իշխանություններին մեղադրել սահմանադրական կարգի տապալման փորձի համար՝ հայտարարելով, որ քննությունը ժամանակի ընթացքում տեղի կունենա։
«Մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ որեւէ դավադրություն չկա, ամեն ինչ տեղի է ունեցել տրամաբանության մեջ, եւ մենք ձգտել ենք օրինական ճանապարհով հասնել ԱԺ-ի արձակմանը։ Այդ օրերի էյֆորիկ մթնոլորտը թույլ չտվեց, որ մեր պարզ խոսքը տեղ հասնի։ Խաբեությամբ ժողովրդին հավաքեցին, այդ օրերին դժվար էր ինչ-որ բան հասկացնել եւ բացատրել»,- նշել է նա։
Արմեն Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ այդ ամենի նպատակն այն էր, որ արտահերթ ընտրություններն անցկացվեին հենց դեկտեմբերին, եւ ՀՅԴ գործիչը այլ պատճառ չի տեսնում այս ամենում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական։ «Ստի ոտը կարճ է, եւ պարզ դարձավ, որ իրականության մեջ եղել է մեծ սուտ, փուչիկ, որը պայթեց, եւ նրանք, ովքեր հայտարարում էին, որ այս ամենը հակասահմանադրական է, հենց իրենք են հակասահմանադրական գործողությունների մեջ եղել։ Եվ այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ: Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»,- հայտարարել է ՀՅԴ գործիչը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ՀՅԴ-ականներն ակտիվ քննարկումների մեջ են, եւ չի բացառվում` այս հարցով փորձեն ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական գործընթաց սկսել։ Ավելին` այս հարցում երեւում են նաեւ քոչարյանական թեւի նկրտումներ. պարզ է, որ Քոչարյանի շրջապատը փորձելու է իր հերթին նպաստել ՀՅԴ գործողություններին: Եվ պատահական չէ, որ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն իր խոսքում օգտագործում էր հենց «հակասահմանադրական գործողություններ» հասկացությունը եւ իշխանություններին մեղադրում այդպիսի գործողություններ անելու համար։
Եվ, մեր տեղեկություններով, նրանք չեն բացառում այս հարցով դատախազին կամ Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը՝ ընդհուպ պահանջելով հակասահմանադրական ճանաչել արդեն ներկայիս իշխանություններին։ Իսկ այդ իրավիճակում լուրջ զարգացումներ կարող են լինել, քանի որ վստահաբար կլինեն մեծ թվով պատգամավորներ, որոնք ցուցմունք կտան, որ իրականում ճնշման տակ են քվեարկել, իրենց սպառնացել են: Ասել է թե` ամեն ինչ կանեն, որպեսզի իշխանությունների դեմ իրավական գործընթաց սկսվի: Եվ ինչպես իր խոսքում նշեց Արմեն Ռուստամյանը, նրանք ցանկանում են ապացուցել, որ այդ ամենը կատարվել է ոչ թե իրավունքի ուժով, այլ ուժի իրավունքով։ Եվ Ռուստամյանի կողմից տեսաուղերձն էլ ամենեւին էլ զարմանալի չէ. նրանք այս ժամանակից սկսած են զգուշացնում սպասվող զարգացումների մասին։
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որն այս պահին ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անելուց այդ հարցի եւ իրենց հետագա անելիքների վերաբերյալ։ «Այժմ ընթանում է Գերագույն մարմնի ժողովը. այն տեւելու է երեք օր։ Դրա ավարտից հետո կլինի ծավալուն հայտարարություն՝ մեր հետագա ծրագրերի, հետագա անելիքների վերաբերյալ եւ նաեւ այդ հարցի շուրջ։ Այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ բան մեկնաբանելուց»։
Հ.Գ. Ի դեպ, հիշում եք հավանաբար ՀՅԴ ընդհանուր ժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել համագործակցել այս կուսակցության հետ: Փաստորեն, ՀՅԴ-ն սրանով մերժում է համագործակցության համար մեկնված ձեռքը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ