Պղնձաձուլարանի աշխատողները երկու ամիս էլ աշխատավարձ կստանան. նոր գործարան կկառուցվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահի կողմից հանձնարարական է տրվել` Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկու ամսով երկարաձգելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները որոշել են աշխատողների պայմանագրերի լուծման պահը հետաձգել եւս երկու ամսով եւ աշխատողներին տալ նոր ծանուցումներ` համապատասխան աշխատանքային պայմանագրերը հունիսի 30-ից լուծելու մասին: Այսինքն` գործարանի աշխատողները եւս երկու ամիս աշխատավարձ կստանան:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը շահագործում է հենց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, մշակել է հայեցակարգային պլան, եւ չի բացառվում, որ առաջիկայում գործարանը վերագործարկվի: Այսինքն` գործարանը ժամանակավոր պղինձ կարտադրի: Բացի այս, ընկերությունը դիտարկում է նաեւ նոր պղնձաձուլարան կառուցելու տարբերակը:

Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերից գործարանում ժամանակավորապես դադարեցվեց խտանյութերի վերամշակումն ու պղնձի արտադրությունը, ինչին հաջորդեց աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատման գործընթացը. aշխատողները սկսեցին աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումններ ստանալ:

Գործարանի ղեկավարությունը, սակայն, երկու անգամ չեղարկեց տրված ծանուցումները: Վերջին ծանուցումներով` աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատումները նախատեսվում էր իրականացնել մի քանի օրից` ապրիլի 30-ից, բայց, պարզվում է, Վ. Մեջլումյանը հանձնարարել է եւս երկու ամսով երկարաձգել պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս