Եթե Նիկոլ Փաշինյանը զբաղվի գործարարությամբ, մենք նույն հայտարարությամբ ենք հանդես գալու. Սուրեն Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հայցով: Տեսակետ կա, որ ՔՈ-ի քայլը «պատվեր» է, ավելին` Գ. Ծառուկյանի գործունեության հետ կապված ճնշում է փորձում գործադրվել:

Ըստ տարածված հայտարարության` ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով, օրենքով նախատեսված կարգով, անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ:

Նույն հիմքով դիմում է հղվել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրանքով իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է` Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերն այս հարցերի շուրջ զրուցել է ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ, որն հայտարարեց, թե այն հայտարարությունները, որ իրենք ակտիվ գործունեություն չեն իրականացնում ու Գագիկ Ծառուկյան անձին «թիրախավորել» են` ինչ-որ շահեր հետապնդելով, իրականության հետ կապ չունեն, քանի որ իրենք շատ ակտիվ գործունեությամբ են զբաղված ու երեւէ որեւէ մեկին չեն թիրախավորել:

«Մեզ համար անձը բացարձակ որեւէ կապ չունի. եթե Նիկոլ Փաշինյանը զբաղվի գործարարությամբ կամ ցանկացած այլ պատգամավոր, մենք նույն հայտարարությամբ հանես գալու ենք, նույն դիմումը ներկայացնելու ենք համապատասխան մարմիններին»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

Ըստ Սահակյանի` պետք չէ ուրիշի «ականջներ» փնտրել` իրենց հայտարարության հետ կապված: «Մեր կուսակցության հիմնադրման էությունը, իմաստը նա է, որ պետք է տարանջատել բիզնեսը. ի՞նչ պատվերի մասին կարող է խոսք լինել: Սա մեր արժեքների ու գաղափարախոսության հետ է կապված»,- եզրափակեց ՔՈ կուսակցության ղեկավարը:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս