Ես չգիտեմ՝ այդ թիվը որտեղից են վերցրել. Կարեն Աղամյանը՝ Նկարիչների միությունում գոյացած պարտքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի կառավարման ժամանակահատվածում միությունը կուտակել է մոտ 31 միլիոն դրամի պետական պարտք, որից 13 միլիոնը գոյացել է գույքահարկը չվճարելու, իսկ մոտ 18 միլիոնը՝ 2015-2017թթ. գոյացած ԱԱՀ-ն չվճարելու պատճառով՝ ներառյալ տույժերը եւ տուգանքները:

Միության ներկայիս նախագահ Սուրեն Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ երբ 2015-2017թթ. հասարակական կազմակերպությունները նույնպես հանդիսացել են ԱԱՀ վճարող, միությունը սկսել է այս հարկերը կուտակել: Նրա խոսքով՝ նախկին տնօրինությունը պնդում է, որ ԱԱՀ-ի վերաբերյալ պարտավորությունների մասին չի ծանուցվել իրենց:

Ինչ վերաբերում է գույքահարկին, Սուրեն Սաֆարյանի փոխանցմամբ, այն մի քանի տարի շարունակ չի վճարվել այն պատճառաբանությամբ, թե ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը ներել է պարտքը: Միության ներկայիս նախագահը չի հասկանում՝ այդ դեպքում նախկին ղեկավարությունը վերջին տարիներին ինչու չի դիմել քաղաքապետարան: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի հետ:

-Պարո՛ն Աղամյան, Սուրեն Սաֆարյանը հարկերի կուտակումը համարեց թերացում, շատ անփույթ աշխատելաոճ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում գործին: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա ասածը:

-Կարելի է ասել՝ դա մեր հաշվապահի թերացումն էր, թեպետ նա էլ պարտավոր չէր իմանալ, որ մեր երկրում արտոնություններ էին տրամադրված, օրինակ, խաղատներին, բայց ոչ մշակութային կառույցներին: Ի դեպ, երբ օրենքը փոխվել էր 2017թ.-ին` ի նպաստ մեզ, մենք դրա մասին եւս չենք իմացել:

-Ձեր նախագահության օրոք Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի ներե՞լ է գույքահարկը: Այդ դեպքում ինչո՞ւ այդքան պարտք կուտակվեց:

-Ոչ միայն մեզ, այլեւ ստեղծագործական մյուս միություններին, այո, ներել է գույքահարկը, որովհետեւ այդ միությունները պետությունից ֆինանսական որեւէ աջակցություն չեն ստանում, գոյատեւում են իրենց տարածքները վարձակալությամբ տալու միջոցով: Հիմա գույքահարկը կուտակվել է, որովհետեւ քաղաքապետարանն այս անգամ, ինչպես պարզվում է, եւ նախորդ տարի չի զիջել:

-Ինչո՞ւ:

-Չգիտեմ, դա արդեն իրենց պետք է հարցնեք:

– Դուք միության նախագահ չեք հանդիսանում 2018թ.-ի դեկտեմբերից:Ասում եք, որ Ձեր օրոք քաղաքապետարանը ներել է գույքահարկը: Ուրեմն այս 4 ամսվա ընթացքում ինչպե՞ս կարող էր 5 միլիոնի գույքահարկ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող շենքը կուտակել, մոտ 8 միլիոն դրամի էլ՝ միությանը պատկանող քանդակի կոմբինատի շենքը:

-Քանդակի կոմբինատի տնօրեն Մարտին Հարությունյանը միության վարչության նիստի ժամանակ հայտարարել է, որ իր մեղավորությամբ է 8 միլիոնը կուտակվել, եւ պատրաստ է այդ պարտքը մարել: Այսինքն՝ սա առանձին կառույց է:

-Իսկ 5 միլիոնն ինչպե՞ս է կուտակվել այդ կարճ ժամանակահատվածում: Տարեկան գույքահարկը «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող շենքի համար որքա՞ն է կազմում:

-Մոտավորապես 2 միլիոն դրամ, գուցե ավել…

-Ուրեմն ի՞նչ 5 միլիոնի մասին կարող է խոսք լինել:

-Ես չգիտեմ՝ այդ թիվը որտեղից են վերցրել: Եթե ես մնայի միության նախագահ, անկասկած կդիմեի քաղաքապետարան, եւ վերջինս կզիջեր: Հիմա էլ ղեկավարությունը նույնը պետք է անի:

-Անդրադառնանք միության տարածքների կորստի հարցին: Փաստորեն, միության շենքն այսօր զրկված է տանիքից եւ նկուղից, քանի որ ցուցասրահների հատվածը վերակառուցվել է վերնահարկը վաճառելու կամ նվիրատվություն անելու արդյունքում: Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ տրվել է տանիքը, որպեսզի միությունն ունենա վերանորոգված ցուցասրահներ, բայց, նրա համոզմամբ, դա քիչ է, այսինքն՝ միության տվածն ու ստացածը համարժեք չէ: Ո՞րն է այս հարցի շուրջ Ձեր մեկնաբանությունը:

-Սուրեն Սաֆարյանը գուցե տեղյակ չէ. 2005թ.-ին մեզ դիմեց «Ռենգեմա» ՍՊԸ-ն եւ առաջարկեց վերանորոգել միության շենքը իրենց համար երկու հարկ ավելացնելու պայմանով: Երբ քաղաքապետարանից թույլտվություն տալու նպատակով եկան, ստուգեցին շենքը, ասացին, որ ոչ միայն հնարավոր չէ հարկեր ավելացնել, այլեւ որ այդ շենքը գտնվում է սեյսմիկ առումով վտանգավոր վիճակում, եւ մեր գտնվելն այնտեղ արդեն իսկ մեծ վտանգ է:

Անցավ որոշ ժամանակ, նույն ընկերությունն առաջարկեց շենքը հիմնովին քանդել, մեր ուզած ձեւով նախագծել վերեւում երկու հարկ ավելացնելու պայմանով: Վարչության անդամների հավանությունը ստանալուց հետո սկսեցինք պայմանագրի վրա աշխատել: Առաջարկեցի պայմանագիրը կնքել հետեւյալ կերպ. պետք է մանրամասն նշվեր ՍՊԸ-ի պարտավորությունները, եւ իրենց բաժին մակերեսը նախապես գրանցվեր միության անունով: Եթե տեսնեինք, որ ՍՊԸ-ն իր պարտավորությունները կատարել է, այդ ժամանակ իր բաժինը պետք է ձեւակերպվեր իր անունով: Այդպես էլ եղավ:Այսինքն՝ մենք ՍՊԸ-ին տվեցինք այն, ինչ չէինք էլ ունեցել՝ դրա դիմաց ստանալով նոր շենք, 400քմ լրացուցիչ մակերես, նոր դահլիճներ: Այսինքն՝ ոչ թե ցուցասրահ է վերանորոգվել, այլ նոր շենք է կառուցվել: Մենք մեր ունեցվածքից ոչինչ չենք զիջել, հակառակը, շահելենք:

-Իսկ նկուղի մասով ի՞նչ կասեք:

-Դա աբսուրդ է. մենք նկուղ երբեք չենք էլ ունեցել: Երբ հին, ոչ սեյսմակայուն շենքը քանդեցին, այնտեղ նկուղ չկար: Հետո, երբ նոր շենքը կառուցվեց, նկուղ էլ սարքեցին, եւ դա պատկանեց, բնականաբար, շենքը կառուցողին: Այսինքն՝ մենք նկուղ չենք ունեցել, որ խլեին: Իդեպ, նկուղից միությունը նույնպես օգտվում է:

-Դժգոհություններ կան նաեւ ջեռուցման հետ կապված: Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ ցուցասրահներում առկա է ջեռուցման համակարգ, բայց ոչ կաթսա: Միությունը ստիպված շենքի վերնամասի սեփականատիրոջ կաթսան է օգտագործում: Նա էլ կա՛մ զիջում է, կա՛մ նրան վճարում են:

-Եթե մենք ունենայինք առանձին կաթսա, պետք է նաեւ համապատասխան աշխատակից պահեինք, իսկ նրան վարձատրել չէինք կարող: Դա լրացուցիչ ծախս է: Հիմա ապահովվում է ջեռուցում առանց այդ ավելորդ ծախսի. ի՞նչն է խնդիրը: Նույնիսկ եթե կաթսայի համար վճարում են, դա ավելի ձեռնտու է, քան սեփական կաթսա ունենալը:

-Եվ վերջին հարցս վերաբերում է միությանը պատկանող Վարդաշենի կոմբինատին: Փաստորեն, այն սեփականության վկայական չունի: Ինչու՞:

-Այո, չունի, այդ խնդիրն էլ թող միության ներկայիս նախագահը լուծի: Դուք գիտե՞ք, որ Նկարիչների միության ու Նոր Նորքի՝ միությանը պատկանող կոմբինատի շենքերը, Շորժայի, Ծաղկաձորի հանգստյան տները եւս չունեին սեփականության վկայական, եւ ես մեծ դժվարությունների միջով եմ անցել, մինչեւ որ այդ խնդիրը լուծել եմ: Ի դեպ, ասեմ՝ այն, որ Վարդաշենի կոմբինատը չունի այդ վկայականը, մի կողմից լավ է, քանի որ ազատվում է գույքահարկից:

-Բայց կարող են սեփականության հետ կապված այլ խնդիրներ առաջանալ…

-Դե դրա համար էլ ես լուծեցի մյուս շենքերի սեփականության հարցը. թող այս մեկինն էլ նոր ղեկավարությունը լուծի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս