Երեկ գրել էինք, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ` Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը մայիսի 7-8-ը լինելու է Արցախի Հանրապետությունում: Արցախում տեղի է ունենալու ֆորում, որը նախաձեռնել է Դաշնակցությունը: Միջոցառումը նվիրված է լինելու Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելուն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Դաշնակացությունը այս օրերին պատրաստում է հռչակագրի տեքստ, որը կլինի փաստաթուղթ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունները կարգավորելուն միտված: Դաշնակցությունը ֆորումին հրավիրել է ԱԺ երեք խմբակցություններին, արտախորհրդարանական մի շարք ուժերի, պաշտապանության նախկին նախարարների, ռազմական փորձագետների: Ըստ նախնական տվյալների` ժողովը տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքում:
ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե խորհրդարանական որ խմբակցություններն են մեկնելու Արցախ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ խմբակցությունը ընդունել է հրավերը, եւ ներկայացուցիչներ Արցախում կլինեն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նույնպես նշեց, որ ԲՀԿ-ից ներկայացուցիչներ կլինեն:
«Յուրաքանչյուր պրոցես, որ վերաբերում է Արցախի հանրապետությանը, միշտ եղել ` կա եւ կմնա «Բարգավաճ Հայաստանի» անմիջապես ուշադրության տակ: Արցախի հետ կապված մենք արդեն մեր դիրքորոշումը հնչեցրել ենք: Պարոն Ծառուկյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ հիմնական խնդիրը այսօր Արցախի լեգիտիզացիան է, որովհետեւ Արցախի հարցը արդեն իսկ լուծված է դե ֆակտո: Պետք չէ փնտրել քաղաքական կոնտեքստներ: Գոյություն ունի հստակ դիրքորոշում: Արցախի հետ կապված բոլոր պրոցեսների մեջ ԲՀԿ-ն միշտ կունենա ամենաակտիվ մասնակցությունը: Յուրաքանչյուր ֆորումներ, հավաքներ, քննարկումներ քաղաքական ուժերի միջեւ յուրաքանչյուր հարցի շուրջ ողջունելի են: ԲՀԿ-ն միշտ եղել է բաց յուրաքանչյուր ֆորմատի քննարկումների համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունը ներկա չի գտնվելու ֆորումին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանը ասաց, որ խմբակցությունում նման հարց չի քննարկվել: Իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու քարտուղար Հակոբ Սիմիդյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: