ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԼԱՎ ՄՏԱԾՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու եւ կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար: Այս ծրագրից օգտվելու համար դիմել է արդեն ավելի քան 50 հազար մարդ, ու շատերը պատրաստվում են դիմել՝ հերթ կանգնելով ծրագրի գրասենյակների առաջ: Միայն թե կասկածներ կան, որ իրականում այս ծրագիրը լավ մտածված խարդախության շղթա է, որ արվում է քաղաքացիներից գումար շորթելու համար: Պայմանները բավականին գայթակղիչ են. բնակարան ապահովելու խոստման դիմաց քաղաքացիներին առաջարկում են վճարել սիմվոլիկ գումար՝ 2 հազար դրամ` քաջ գիտակցելով, որ աֆյորան բացահայտվելուց հետո, երբ պարզվի՝ որեւէ բնակարանաշինություն չի իրականացվում, ոչ բոլորը կպահանջեն այդ գումարը` մոռացության տալով այն: Փոխարենը հեղինակները կհասցնեն կլորիկ գումարի տեր դառնալ:
Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն է արել` այս ծրագրի` Էջմիածնի գրասենյակի գործունեության հետ կապված: Պարզվում է՝ դեռ հատկացված չեն այն հողատարածքները, որտեղ պետք է տները կառուցվեն: Արմավիր մարզում ծրագրի համակարգող Վան Հայրապետյանը հայտարարել է, թե Մեծամոր, Էջմիածին քաղաքների քաղաքապետերն աջակցում են իրենց ծրագրին, այնինչ Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը` ասելով, որ միայն տեղյակ է այդ ծրագրի գոյության մասին եւ ոչ մի բան ավելի: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Համայնքի կողմից որեւէ տարածք չի տրամադրվել այդ կազմակերպությանը: Մեզ դիմել են այդ հարցով, բայց ես, տեսնելով, որ որեւէ փաստաթուղթ չկա, ասացի, որ բացառում եմ նման պարագայում տարածք տրամադրելու գործընթացը»: Ի դեպ, չնայած մեր թղթակցի համառ պնդումներին` այս ծրագրի ղեկավարներն այդպես էլ իրենց գործունեության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ցույց չեն տվել, ինչն արդեն կասկածելի է:
Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է ոչ միայն Արմավիրի, այլեւ մի շարք այլ մարզերում, նաեւ Երեւանում: Ու ենթադրվում է՝ այստեղ եւս խաբեությամբ: Մնում է՝ իրավապահները զբաղվեն այս հարցով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Սա գործադիր-օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հերթական հանդիպումն է: Ընդ որում, հատկանշական է այն փաստը, որ այս հանդիպմանը հնարավոր է ներկա չգտնվեն «Իմ քայլի» առանցքային դեմքերը՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով փետրվարի 25-ից 27-ը մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սա այս շաբաթվա միակ հանդիպումը չի լինելու։ Մինչեւ շաբաթվա վերջ խմբակցությունը ծրագրում է հանդիպել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։ Պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, թե հատկապես սպասում էին ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանը, չնայած այն վարչապետին կից կառույց է։

 

 

 

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։ Հետաքրքիրն այն է, որ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Դանիելյանը, մի քանի անգամ կարճվել, այնուհետեւ վերաբացվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է. «Այս ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է տվյալ քրեական գործը։ Սկզբից` հանցակազմի բացակայության պատճառով, դա այլ դրվագներով էր։ Իսկ այս ձերբակալությունը մի քրեական գործի շրջանակներում է. արտաքին աուդիտի արդյունքներով են վեր հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով»։ Նա նաեւ ասել է, որ նախկին քաղաքապետը 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին ու հեռացել:

 

 

 

 

2018 թվականի հունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բնակաշինության ոլորտներում չարաշահումներ են բացահայտվել, ու այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս չարաշահումների մասին ժամանակին տեղյակ է եղել նաեւ Սերժ Սարգսյանը, որը ՊՆ այցերից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել այս թեմայով, ՊՆ-ում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայությամբ զրուցել է Աշոտ Գրիգորյանի հետ: Վերջինս էլ արդարացել է, թե ինքը կապ չունի, այլ ամբողջը տեղակալն է արել: Միայն թե նկատենք` այս կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրություն եղավ 2018թ. հունիսին: Ու թեեւ 8 ամիս է՝ քննություն է ընթանում, սակայն մինչ օրս չկա որեւէ տեղեկատվություն, թե ինչ փուլում է այն:

 

 

 

ԵՐԲ ՆԱԽԱՐԱՐՆ Է ՊՆԴՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին բանակի ներգրավվածության մասին, իսկապես ուշագրավ էր: «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել եւ կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որեւէ գնահատական տալուց, բայց որ զինված ուժերը ներկա են եղել եւ օգտագործվել են, դա փաստ է»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Նրա խոսքով` «Մարտի 1»-ի քրեական գործը ե՛ւ բանակի ավագ կազմի, ե՛ւ բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: «Անընդհատ հրավերներ ՀՔԾ եւ այլ վայրեր: Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլեւս այդպես շարունակել չի կարելի»,- պնդել է Տոնոյանը:
Փաստորեն, առաջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով նման պնդում է հնչում, այն էլ մի իրավիճակում, երբ հենց բանակի ներգրավմամբ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով քրեական գործ է հարուցված, ու մեղադրանք է առաջադրվել երկրի նախկին բարձրաստիճան ղեկավարությանը: Սակայն պետք է նկատենք, որ Տոնոյանի հայտարարությունները որոշակի հստակեցման կարիք ունեն: Ըստ էության, նա հստակ չի մատնանշել՝ զինված ուժերը երբ են ներգրավվել մարտիմեկյան իրադարձություններին, 2008թ. փետրվարի 23-ից՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բանակի սպայական կազմի հետ հանդիպումից հետո ծնված 0038 գաղտնի հրամանո՞վ, թե՞ մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանական ուժերը հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների վրա, թե՞ երեկոյան Լեո-Պարոնյան խաչմերուկում, թե՞ ավելի ուշ, երբ արդեն հայտարարված էր արտակարգ դրություն, ու բանակի վրա էր դրված պետական կարեւորագույն օբյեկտների պաշտպանությունը:
Չնայած, մեծ հաշվով, սա կարեւոր չէ. 2008թ. գործող սահմանադրության համաձայն` ԶՈՒ օգտագործումը ներքաղաքական խնդիրների դեպքում արգելված էր: Ու այս դրույթը շատ հստակ էր: Սահմանադրության մեջ հստակ նշված էր՝ ԶՈՒ օգտագործումը թույլատրված է ՀՀ-ի վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի կամ պատերազմ հայտարարելու դեպքում՝ ռազմական դրության ժամանակ: Ավելի ուշ` Սերժ Սարգսյանի օրոք միայն ընդունվեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը՝ այնտեղ սահմանելով ԶՈՒ օգտագործման դեպքերը:




Լրահոս