ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր: «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել է Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո: Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ծրագրի մասին ժամանակին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ 2017թ. օգոստոսին` Իրան աշխատանքային այցի ժամանակ: «Մենք պատրաստ ենք մասնակցել դեպի Եվրոպա Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագրին: Եթե համապատասխան քննարկումների արդյունքում դա շահավետ լինի շահագրգիռ բոլոր կողմերին, ապա այդ ծրագիրը կարելի է իրականացնել»,- ասել էր նա: Բայց Սերժ Սարգսյանի ազդարարած մյուս ծրագրերի նման Հայաստանն իրանական գազի համար տարանցիկ երկիր դարձնելու գաղափարը եւս մնաց օդից կախված: Մինչ այդ մեկ կարեւոր փաստ էլ. Փաշինյանի այցի ժամանակ խոսք է գնացել Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման մասին: «Իրանի նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ հետագա քննարկումների եւ բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը: Իսկ Իրանի նախագահը նշել է. «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաեւ եռակողմ համագործակցություն ծավալել` գազը արտահանելու դեպի Վրաստան»:
Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ վերջին շրջանում բոլորին մտահոգող հարցերն ուղղել անձամբ նրան: Ընդ որում, նրանցից շատերը մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ պատրաստվում են այդ առաջարկությունը ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը: Նախնական որոշվել է այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ` լիագումար նիստերի ավարտից հետո, քանի որ այս շաբաթ հանդիպումներ արդեն իսկ ծրագրված են: Այսօր խորհրդարան կգա ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, իսկ վաղն էլ` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Դատելով ՊՎԾ-ի շուրջ ընթացող պրոցեսներից` Դավիթ Սանասարյանին բավական դժվար հանդիպում է սպասվում:
Այսօր ԵՊՀ-ում անցկացվելու է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Քանի որ օրեր առաջ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել էր՝ ինքը հրաժարական ներկայացնելու միտք չունի, երեկ մեկնաբանությունների համար կրկին դիմեցինք ռեկտորին: «Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որեւէ բան ասել: «Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվի, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, եւ դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի»,- ասել է Սիմոնյանը՝ բացառելով ինքնակամ հեռանալու տարբերակը: Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ում տիրող իրավիճակը երեկ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ հրավիրվել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Եւ իշխող խմբակցությունում տեսակետ է հնչել, որ պետք չէ Սիմոնյանին հեռացնել, քանի որ հարցը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ:
2018թ. ընթացքում կտրուկ ավելացել է ՀՀ վերաքննիչ դատարան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերի դեմ բողոքների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի ընթացքում Վերաքննիչ քրեական դատարան ստացվել է 4 հազար 216 բողոք` 4 հազար 5 դատական ակտի դեմ: Բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված 10 դատական ակտերի 16,6%-ը: Մինչդեռ 2017թ. ընթացքում քրեական վերաքննիչ դատարան ստացվել է ավելի քիչ բողոք՝ 3 հազար 722` թվով 3 հազար 460 դատական ակտի դեմ, այսինքն` բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերի 15,2%-ը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2018թ. քրեական գործերով բողոքարկված 1468 դատական ակտերով վերաքննիչ վարույթն ավարտվել է 1144 գործով, եւ 550 դատական ակտ թողնվել է անփոփոխ:
ՍԵՐԺ ԵՎ ՌՈԴՆԻՆԱ
ՌԴ պետական դումայում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի երեկվա ելույթը մեծ արձագանք ստացավ Հայաստանում: Միրզոյանը հայտարարել է հայ-ռուսական ջերմ հարաբերությունների խորացման մասին` միաժամանակ շեշտելով. «Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ երեկ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- ասել է նա:
Եթե անկեղծ, ապա Միրզոյանը որեւէ արտառոց խոսք չի հնչեցրել. նա ընդամենը բարձրաձայնել է փաստը, որ ռուս պատգամավորներից ոմանք Բաքվում հակահայկական ակցիաների են մասնակցել: Բայց եթե հաշվի առնենք, թե ՀՀԿ իշխանության օրոք` վերջին քսան տարիներին, նախորդ խորհրդարանի ղեկավարներն իրենց ինչպես են պահել ռուս գործընկերների մոտ` վախենալով ինքնուրույն միտք հայտնել, ուր մնաց հակադրվել, ապա Միրզոյանի ելույթը թվում էր խիզախություն:
Բայց վերադառնանք ռուս պատգամավորների՝ Բաքվում հակահայկական միջոցառմանը մասնակցելու փաստին. նրանց մեջ էին Օկսանա Պուշկինան, Դմիտրի Սավելեւը եւ Իրինա Ռոդնինան: Հատկապես Իրինա Ռոդնինան Բաքվում հանկարծ դարձել է «ցեղասպանագետ»` խոսելով հայերի գործած «հանցանքների», Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին, Ռոդնինան, որը ՌԴ Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է:
Անշուշտ, տարօրինակ փոխակերպում է, սակայն առավել տարօրինակ է այն, որ նույն Իրինա Ռոդնինան մի քանի տարի առաջ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մեծ պատիվների էր արժանացել: Սերժ Սարգսյանը 2014թ. անգամ հատուկ շնորհավորական ուղերձ էր հղել Ռոդնինային՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: 2015թ. Իրինա Ռոդնինայի պատվին է անվանակոչվել եւ մինչ օրս էլ նրա անունն է կրում Երեւանում կառուցված գեղասահքի դպրոցը: Ընդ որում, Սերժ Սարգսյանը մասնակցել է ինչպես մարզադպրոցի հիմնարկեքի, այնպես էլ բացման արարողությանը:
Բարդ է ասել՝ Իրինա Ռոդնինան է ապերախտ գտնվել` նման հայտարարություններ անելով, թե Սերժ Սարգսյանն էր կարճատես եւ պատիվների էր արժանացնում մի անձի, որը հայերին համարում է ոճրագործ: Իսկ միգուցե երկուսն էլ միասին: Ամեն դեպքում, ՀՀԿ իշխանության ներկայացուցիչները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ճիշտ կանեին մեկնաբանել այս խնդիրը. ի վերջո, իրենք էին Ռոդնինային պատիվներ շռայլում, այն Ռոդնինային, որը հիմա խոսում է իբր հայերի կողմից իրականացված ցեղասպանության մասին: