«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է: Մենք դերասանի հետ զրուցել ենք նրա բնավորության գծերի, կյանքի դժվարին փուլի, նախասիրությունների մասին:
-Պարո՛ն Ներսիսյան, Ձեր անունը սիրո՞ւմ եք:
-Այո՛, ուրախ եմ, որ Տիգրան Մեծի անունն եմ կրում, մեր պատմական ամենամեծ դեմքերից մեկի անունը, եթե ոչ ամենամեծի:
-Ձեր ո՞ր հատկության համար եք երբեմն տուժում:
-Ճշմարտությունն առանց վարանելու դեմքին ասելու, էմոցիոնալ լինելու համար: Երբեմն էլ տուժել եմ տղամարդկային գայթակղություններին տրվելու համար, բայց դա ավելի երիտասարդ տարիքում:
-Ի՞նչ բան է հայրենիքը, ո՞րն է Ձեր ձեւակերպումը:
-Շատ կոնկրետ բան է՝ այն բակն է, որտեղ ապրել ես, քո շենքն է, ցայտաղբյուրը: Դա օդում կախված բան չէ: Հայրենիքը միայն Մասիսը չէ, այն ավելի շոշափելի է, քան թվում է:
-Այս երկուսից ո՞րը կընտրեիք՝ կլորիկ գումար բանկային հաշվին, թե՞ավելի մեծ ճանաչում:
-Հարաբերական հարց է: Փողը երբեք իմ կյանքում դոմինանտ չի եղել: Կլորիկ գումար ուզեցել եմ ունենալ արժանապատիվ ապրելու համար: Նույն կերպ վերաբերվում եմ նաեւ ճանաչմանը: Ինձ պետք չէ ճանաչում ամեն գնով: Ջոն Լենոնին սպանողն էլ ճանաչում ձեռք բերեց, հետո՞: Ամեն դեպքում, ես Ձեր նշածներից երկուսն էլ ունեմ եւ երկուսից էլ բավարարված եմ:
-Ըստ Ձեզ՝ ո՞վ է լավ ծնողը, եւ ո՞վ՝ լավ զավակը:
-Լավն էին իմ ծնողները: Նրանք չափանիշ են այն բանի, թե ինչպես են նվիրվում զավակներին: Բայց համոզված չեմ, որ ամենալավ զավակն եմ: Երբ այցելում եմ հորս ու մորս շիրիմներին, ներողություն եմ խնդրում` թեկուզ երբեւէ նրանց հետ զրուցելիս ձայնս բարձրացնելու համար…
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:
-Հորս կորուստն աշխարհը շրջեց, մորինս՝ եւս: Սրանք ամենադաժան պահերն էին: Իսկ փուլ, որպես այդպիսին, կառանձնացնեմ այն շրջանը, երբ ոտք էի դնում պրոֆեսիոնալ բեմ: Այդ ժամանակ 19 տարեկան էի: Կայացման ճանապարհը տարիներ տեւեց: Դա համընկավ Խորհրդային Միության փլուզման, անկախության ձեռքբերման դժվար շրջանի հետ: Հետո եկան էլ ավելի դժնի օրեր՝ 1990-ականներին: Հենց այդ ժամանակ էլ ընտանիք կազմեցի: Աստծուց շնորհակալ եմ, որ այդ փուլն արժանապատվորեն անցա:
-Ձեր կինը գիտի, որ…
-Ես իրեն սիրում եմ: Հաստատ գիտի:
-Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը:
-Շատ են, բայց կտամ Ռոբերտ Էլիբեկյանի անունը, քանի որ նա մեր կողքին է:
-Պոետ, որը տակնուվրա է արել Ձեր ներաշխարհը:
-Հորս շնորհիվ «մտերմացել եմ» պոեզիայի հետ. Նարեկացի, Թումանյան, Տերյան, Չարենց, Սեւակ, Սահյան:
-Շո՞ւտ եք մարդկանց վստահում:
-Այո՛, եւ դա իմ թուլություններից մեկն է, որի համար եւս տուժել եմ: Բայց դա լավ կողմ էլ ունի, երբ վստահում ես եւ հուսախաբ չես լինում, հրաշք զգացում է: Ուղղակի որքան շուտ վստահում եմ, նույնքան շուտ էլ թողնում եմ: Իսկ թողնելն ամենադժվար բաներից մեկն է՝ ինքդ քո մեջ թողնելը:
-Հավա՞տն է ավելի զորեղ երեւույթ, թե՞ հույսը:
-Հավատը. եթե դա չունեցար, հույսերը սին են, անիմաստ:
-Ինչի՞ համար եք ափսոսում:
-Ժամանակի կորստի, այն բանի համար, որ կարող էի ավելին անել, քան արել եմ:
-Հայտնի դառնալուց հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:
-Շատ բան: Այսօր թիթեռի կյանքով ապրող մարդիկ կան, որոնց թվում է, թե իրենք հայտնի են, այնինչ` հայտնիությունը մեծագույն պատասխանատվություն է:
-Որպես հայտնի մարդ՝ Ձեր կյանքում զվարճալի դեպքեր եղե՞լ են:
-Այո՛, հեռուստաֆիլմերից մեկում մարմնավորում էի մեծահարուստի: Հիշում եմ՝ փողոցում երկու կին մոտեցան, խնդրեցին, որ իրենց համար բնակարան գնեմ, ասացին. «Մենք գիտենք, որ Ձեզ համար դժվար չէ, դուք 70 հազար դոլար փոխանցեցիք այն օրը այսինչի հաշվին» (ծիծաղում է): Գիտե՞ք՝ նորմալ է, որ դերասանին նույնացնում են դերի հետ: Ավելի վաղ, երբ «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացման մեջ մարմնավորում էի Վոլոդյային, որը բացասական կերպար էր, ներկայացումից հետո էլի երկու կին մոտեցան ու հարցրին. «Դուք կյանքում է՞լ եք այդքան վատը»: Իրականում նրանք ինձ կոմպլիմենտ արեցին. ես իրենց համոզել էի, որ վատն եմ (ծիծաղում է):
-Եթե մարդը վատն է, բայց մեծ մարդ է, արժանի՞ է հարգանքի:
-Նայած թե ինչ մասշտաբի սրիկայություն է արել: Օրինակ՝ եթե հայրենիքին է դավաճանել, անգամ «Ռեքվիեմը» գրած լինի, հարգանքի արժանի չէ:
-Եվ վերջում՝ մարդն աշխարհ է գալիս, որպեսզի…
-Ապրի եւ արարի: Ամեն մարդ պետք է հասկանա, որ ընտրյալ է: Ապրելու մեջ կա ամեն բան՝ ստեղծել, սիրել, շարունակություն ունենալ…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՀԱՐԲԱԾ ԲԱՐԻ ՓԵՐԻՆ, ՄՈԽՐՈՏԻԿՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել «Չեք հավատա, բայց…» խորագրով շարքը, որի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Լիա Զախարյանն է:
Նա հիշեց մի դեպք՝ կապված «Մոխրոտիկը» ներկայացման հետ. «Համազգային թատրոնում ներկայացման պրեմիերան էր, շատ հուզված էինք, ձմեռ էր, կուլիսներում էլ բավական ցուրտ էր: Գլխավոր ռեժիսորը կոնյակ բերեց, ասաց, որ պրեմիերան նշենք, բացի այդ՝ խմենք, կտաքանանք, հուզմունքն էլ կանցնի: Հատկապես ես շատ էի մրսում: Մարմնավորում էի բարի փերիի կերպարը, զգեստս էլ բաց էր, սառը: Այդպիսով՝ հարդարման սենյակում բոլորով կոնյակ խմեցինք, եւ այդտեղից ամեն բան սկսվեց: Ներկայացումն արդեն մեկնարկել էր, բարի փերիի իմ կերպարն այնպիսին էր, որ նրա՝ բեմում հայտնվելուց հետո նոր, ինչ-որ կարեւոր իրադարձություններ էին տեղի ունենում: Եվ հերթը հասել էր ինձ, պետք է դուրս գայի բեմ ու ասեի. «Բիբիծի բաբիծի բու» կախարդական խոսքերը, բայց իմ հեչ պետքը չէր, կոնյակն իր գործն արել էր (ծիծաղում է): Խեղճ խաղընկերուհիս՝ Զառա Սահակյանը, տարատեսակ միջոցներով բեմից անկարկում էր ինձ, որպեսզի հայտնվեմ, բայց հնար չկար: Մեկ այլ դրվագում Մոխրոտիկը պետք է արքայազնի մոտից փախչելիս կոշիկը թողներ նրա մոտ ու դուրս գար: Բայց քանի որ Մոխրոտիկն էլ էր խմած, մոռացել էր կոշիկը հագնել, երկարաճիթ կոշիկներով էր բեմ դուրս եկել: Եվ երբ արքայազնի մոտից դուրս էր գալիս, նայեց ոտքերին, հասկացավ, որ սիրուն, փայլփլուն, սպիտակ կոշիկները չի հագել, երկարաճիթ կոշիկը թողեց բեմում ու գնաց: Մոտեցավ արքայազնի հայրը, որին մարմնավորում էր Լեւոն Հարությունյանը: Նա պետք է ասեր. «Սա ո՞ւմ կոշիկն է, որդի՛ս», փոխարենը իրեն չկորցրեց ու ասաց. «Սա ու՞մ սապոգն է, որդի՛ս»: Բոլորը մտան իրենց դերի մեջ, որպեսզի փրկեին իրավիճակը»,-ծիծաղելով պատմեց Լիան:
Դերասանուհին հավելեց, որ այդ ներկայացման մեջ ընդգրկված հերոսներից եւս երկուսը՝ Մինիոնն ու Սպանջ Բոբը, որոնք նույնպես խմած էին, բեմ էին դուրս եկել իրենց հատուկ զգեստներով եւ մոռացել էին աչքերի համար անցքեր անել: Արդյունքում բեմի վրա նրանք ոչինչ չէին տեսնում:
«Ու չնայած զավեշտալի իրավիճակներին, ներկայացումը շատ լավ անցավ, հանդիսատեսը ոչինչ գլխի չընկավ, մտածեց՝ մոդեռն «Մոխրոտիկ» ենք բեմադրել: Ահա թե ինչ է անում մի կում կոնյակը դերասանին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Երեկ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում կայացավ «Վալենսիա»-«Ռեալ Բետի» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում գրանցված մարտակը ոչ ոքիից հետո` 2:2, այս խաղի ֆավորիտ համարվում էին վալենսիացիները: «Մեստալիայում» կայացած խաղում «չղջիկները» չհիասթափեցրին իրենց երկրպագուներին եւ Ռոդրիգոյի խփած միակ գոլի շնորհիվ կարողացան հաղթել եւ անցնել եզրափակիչ: Նրանց մրցակիցը եզրափակչում լինելու է կատալոնական «Բարսելոնան», ով ընդհանուր 4:1 հաշվով պայքարից դուրս էր թողել «Ռեալին»:
ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄՆԱ
Անգլիական «Չելսին» պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել` թիմի առաջատար Էդեն Ազարին թիմում պահելու համար: Ինչպես տեղեկացնում է Le 10 Sport-ը, լոնդոնյան թիմի ղեկավարությունը արդեն սկսել է բանակցությունները բելգիացու հետ, եւ կողմերը պատրաստվում են երկարաձգել պայմանագիրը: «Ազնվականները» անչափ լուրջ են տրամադրված եւ ամեն ինչ կանեն աստղին պահելու համար: ՈւԵՖԱ-ն արդեն պատժել է «Չելսիին» եւ նրանք չեն կարող երկու տրանսֆերային պատուհանների ըմթացքում ձեռքբերումներ կատարել. Ազարից էլ զրկվելը լոնդոնցիների համար կարող է դառնալ ճակատագրական: Հիշեցնենք, որ Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2020 թվականի ամռանը:
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Անգլիական «Քարդիֆ Սիթին» պաշտոնական հայտարարություն է տարածել կապված Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի հետ: Հայտարարության մեջ նշվում է. «Մեր ակումբը զբաղվում էր Սալայի թռիչքի կազմակերպմամբ, սակայն մեր առաջարկը մերժվեց` կապված որոշակի խնդիրների հետ, ինչի վրա «Քարդիֆը» ոչ մի կերպ չէր կարող ազդել: Ըստ հայտարարության` անգլիական ակումբի ղեկավարությունը լուրջ մտահոգված է այն փաստից, որ թռիչքը անօրինական է եղել եւ այս հարցում մեղավոր է համարում ֆուտբոլիստի գործակալներին` շեշտելով նաեւ, որ ակումբում սպասում են նոր փաստերի` հետագա քայլեր կատարելու համար: Հիշեցնենք, որ արդեն գտնվել է Էմիլիանո Սալայի դին, իսկ օդաչու Դեյվիդ Իբոթսոնի մասին դեռեւս տեղեկություններ չկան:
ՀՐԱՇԱԼԻ ՑՈՒՑԱՆԻՇ
Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցած տուրում «Բորնմութի» դեմ խաղում, դառնալով գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, հետաքրքիր ցուցանիշ է գրանցել: Հենրիխը լոնդոնցիների նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլայից հետո դարձավ թիմի առաջին ֆուտբոլիստը, որը 2 խաղ անընդմեջ դառնում է ե՛ւ գոլի, ե՛ւ գոլային փոխանցման հեղինակ:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ