«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած. նախորդ տարի Սեւանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի չի շահագործվել անգամ դեռեւս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: ՀՀ բնապահպանության նախարարության գնումների բաժնի պետ Ռոման Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի մրցույթ է հայտարարվել, հաղթող մասնակցի հետ կնքվել է պայմանագիր, ապա չեղարկվել է, որովհետեւ պատասխանատու ստորաբաժանման կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ տարածքներ կան, որոնք նախորդ տարիների մաքրման հետ համընկնում են, եւ ստուգման կարիք ունի:
Նշենք, որ այս տարի Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով կառավարությունը նախատեսել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում