ՉԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՓՉԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ բանակում տիրող իրավիճակի մասին:

-Պարո՛ն Դավթյան, սկսենք հենց այս տարվա Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայողի առեղծվածային մահվան դեպքից: Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որեւէ տեղեկություն չեն հայտնել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` գիշերը տղաները գինովցել են, եղել է հրմշտոց, ու ավելի ուշ Գրիգորյանին գտել են մահացած: Հիմա նախաքննական մարմինը ուզում է պարզել՝ նրան սպանել են, թե նա ինքնասպան է եղել: Ի՞նչ է կատարվել Ամանորի գիշերը ՀՀ ՊՆ զորամասում:
-Անհասկանալի ոչ մի բան չկա, Պաշտպանության նախարարությունը մտադրված չէ թաքցնելու որեւէ դեպք, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ընթանում է նախաքննություն, քրեական գործի շրջանակներում ինձ թվում է բոլոր հարցերի պատասխանները կլինեն:
-Եթե անհասկանալի բան չկա, ինչո՞ւ էր ՊՆ-ն թաքցրել այդ դեպքը:
-Իսկ ինչո՞ւ պետք է ՊՆ-ն բոլորը ասեր:
-Հասարակության մոտ կասկածների տեղիք է տալիս, ինչո՞ւ չպետք է ասեր. ուրեմն ՊՆ լռելով թաքցնում է բանակում տիրող իրավիճակը:
-Եթե կա որեւէ օրենքի պահանջ, որ պետք է ասենք, կարող ենք ասել, եթե չկա, նաեւ հաշվի առնելով տոնական օրերի տրամադրությունը, միգուցե դրա հետ կապված է եղել:
-Բանակում թույլատրվեց, որ բոլորը հեռախոսներ ունենան, եւ դրա ծանր հետեւանքները տեսանք փետրվարի 11-ին. ժամկետային զինծառայողը կրակել էր պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանի վրա: Պատճառը եղել էր այն, որ զինվորի ձեռքից սպան վերցրել էր հեռախոսը: Այսինքն` բանակում թույլատրվեց, որ բոլորը հեռախոս ունենան, ու դա ստեղծեց բեսպրիդել վիճակ: Ով ինչ հեռախոս ուզում, պահում է, մի բան էլ սպա են սպանում:
-Հեռախոս պահելը կամ չպահելը դեպքի հետ կապ չունի, դա ուղղակի պահի տակ հասունացած դեպք էր: Այդ դեպքում հեռախոսն է եղել պատճառը, այլ դեպքում լիներ այլ առարկայի հետ կապված, որը, ցավոք սրտի, մենք ունենում ենք զինված ուժերում, որի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանում ենք:
-Այսինքն` այստեղ բուն հեռախոսի պահելու-չպահելու հարցը չի՞ եղել:
-Հեռախոսի վերցնելու պահը եղել է դրդապատճառը, սակայն նշում եմ, որ նույն դեպքով կարող էր լինել նաեւ ցանկացած առարկա: Լավ, մի քանի տասնյակ հազար զինծառայողների մոտ այս պահի դրությամբ հեռախոս կա, եւ ի՞նչ պետք է ասենք մենք, օրական պետք է ունենաք այդպիսի դեպքե՞ր. իհարկե ոչ: Այսինքն` հեռախոսը այդ պահին հասունացած դեպքի արդյունքն էր:
-ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետեւանքով 2 սպա մահացավ, եւ մինչ օրս անհասկանալի է` արդյոք եղանակային պայմանները հաշվի չե՞ն առնվել ինքնաթիռի թռիչքից առաջ:
-Ցավոք սրտի, երկու սպաները զոհվեցին միջադեպի առիթով, իսկ վերջնական տարբերակը կլինի նախաքննության ավարտից հետո, դատարանի որոշմամբ նոր պարզ կլինի բոլոր պատճառները, մնացածը բոլորը վարկածներ են:
-2018 թվականի նոյեմբերին ՀՀ ՊՆ մեքենան վթարի ենթարկվեց, եւ 4 զինծառայող մահացավ: ՊՆ-ն բավարարվեց նրանով, որ մի քանի պաշտոնյաների աշխատանքից ազատեց, ու այդպես էլ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Աշխատանքից ազատելո՞վ եք պատժում պաշտոնատար անձանց եւ հարցը համարում լուծված:
-Դուք բոլոր դեպքերը նշում եք բացասական կողմով, ոչ մի դրական բան չասեցիք ընթացքում կատարված լավ դեպքերի մասին կամ առավելությունների մասին: Կոնկրետ դեպքը, որի մասին Դուք նշում եք, ցավոք, եղել է: Նույն ստանդարտ պատասխանը, նախաքննության շրջանում բոլոր հարցերի պատասխանը կտրվի: Պաշտպանության նախարարությունը իրավասու չէ դատարանի փոխարեն որոշում կայացնելու մարդկանց նշանակելու մեղավոր կամ արդարացնելու. դրա համար կա համապատասխան իրավական դաշտ, եւ իրավական դաշտում աշխատում են:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՈՒՐԱԽ Է, ՈՐ ԴԱՏՎՈՒՄ Է
Armtimes. com-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին: Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը չի մանրամասնել, թե Մանուկյանի հնչեցրած որ տեղեկություններ է Քոչարյանը համարել զրպարտություն եւ վիրավորանք: ArmLur.am-ը կապ հաստատաց ՀԱԿ նախագահ Արամ Մանուկյանի հետ: «Գործը վարույթ չի ընդունվել: Հայցը ստացել եմ: Երբ հարցը բավարարվի, մանրամասները կասեմ: Բայց մի բան կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ այդ հայցի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը: Հարցրինք՝ ինչու է ուրախ, պարոն Մանուկյանը խոստացավ հետո ամեն ինչ ասել:

 

 

ՏՈՆՈՅԱՆԸ ԲԱՑԱՌԵԼ Է
«Բացառում եմ հնարավորությունը, որ առանց ՀՀ-ի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի». այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Դիտարկմանը, թե օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքել է. «Ես այդ հնարավորությունը բացառում եմ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումն ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում: Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է. ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար: Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում»: Ըստ նրա` ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ:

 

 

ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Նախօրեին ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիր» բկ տեղափոխված 3-ամյա աղջիկը մահացել է. այս մասին հայտնել է «Արաբկիր» բկ-ի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանը: Հիշեցնենք, որ մարտի 4-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Լեփսիուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել «Արաբկիր» բկ-ի վերակենդանացման բաժանմունք: Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել, մոտենալով ստուգել է քնած երեխաներին եւ աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փսխել է: Դաստիարակչուհին միանգամից մի քանի հոգու հետ, այնուհետեւ ժամանած բժիշկների հետ փորձել է հնարավորինս օգնել երեխային, որից հետո երեխան տեղափոխվել է «Արաբկիր» բկ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում:

 

 

ԻՐԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Քաղաքացու ահազանգի հիման վրա` ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Վանաձոր քաղաքում գտնվող շինությունում (ավտոտնակ): Պարզվել է, որ Նորիկ անունով ֆիզիկական անձն այնտեղ մսեղիք է մասնատում եւ իրացնում: Այդ պահին շինությունում առկա 12-15 կգ խոշոր եղջերավոր անասունի մսի իրացումը կասեցվել է: Քաղաքացուն բացատրվել է նման գործունեություն իրականացնելու անթույլատրելիությունը, տրվել է բանավոր հանձնարարական այն դադարեցնելու մասին:

 

 

ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշել է, որ 2017թ. ՀՀ ներկրված գազի ծավալում իրանական գազի մասնաբաժինը կազմել է 16 տոկոս, իսկ 2018-ին ընդհանուր գազի ծավալի 4% ավելացման ֆոնին իրանական գազի մասնաբաժինը կազմել է 21 տոկոս: Նա հիշեցրել է, որ Իրանի հետ Հայաստանն ունի գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը, մյուս կողմից` 2013թ. ռուսական կողմի հետ կնքվել է պայմանագիր, որով որոշակի երաշխավորված սպառման ծավալներ են ամրագրվել եւ պարտավորություններ «Գազպրոմ»-ի նկատմամբ: «Հնարավոր է` որոշակիորեն պարսկական գազի ծավալները մեծանան, բայց չպետք է մոռանալ, որ իրանական կողմը ատոմակայան է կառուցում Բուշերում, որը այլ հավասար պայմաններում պետք է նվազեցնի Հայաստանի էլեկտրաէներգիայի կարիքը: Սա էլ բացասական ազդող գործոն է, որը կարող է լինել: Իսկ դրականն այն է, որ մենք Իրանի հետ պարտեր ենք իրականացնում, եւ կամայական պատժամիջոցները չեն կարող ռիսկեր բերել այս գործարքին: Երբ դիտարկում ենք ռուսական եւ իրանական գազը, պետք է նշել, որ ռուսական գազի որակը մի փոքր ավելի բարձր է»,-ասել է նա:

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՆԴԱՏԻՑ
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, գրող Կարեն Անտաշյանը հայտարարել է Երեւանի ավագանու մանդատը վայր դնելու մասին: «Սիրելի՛ ընկերներ, ափսոսանքով հայտնում եմ Երեւանի ավագանու իմ լիազորությունները դադարեցնելու որոշման մասին: Առնվազն մեկ ամիս անընդհատ երկմտանքի մեջ էի, բայց, ցավոք, իմ հիմնական աշխատանքային եւ հասարակական գործունեության մեջ զբաղվածության կտրուկ աճի պատճառով ավագանու կազմում իմ գործունեությունը պատշաճ մակարդակով իրականացնելն առաջիկայում հնարավոր չի լինելու: Ավելի շատ մեկ ոլորտից մյուսին անցում կատարելու վրա եմ ժամանակ ու ջանք ծախսում, քան որեւէ ոլորտում կոնկրետ գործ անելու»,-սոցցանցի իր էջում գրել է նա:

 

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ թիկունքային N զորամասի հրամանատարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանին հակառակ հրաման է արձակել, ըստ որի` իր ենթակայության տակ գտնվող զորամասի տարածքում գտնվող շինության ապամոնտաժման արդյունքում պիտանի նյութական միջոցները` երկաթբետոնե սալիկներն ու տուֆ քարերը, զորամասի ԿՇԾ պահեստ մուտքագրվելու փոխարեն հատկացվել են մասնավոր անձանց` պատճառելով էական վնաս: Հրամանատարը, պարզելով, որ զորամասի տարածքում առկա 2 կունգերը չեն գտնվում զորամասի հաշվեկշռում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել եւ կազմակերպել է նյութական միջոցները եղբոր կողմից օգտագործվող հողամաս տեղափոխելու գործընթացը` պատճառելով էական վնաս: ՀՀ զինվորական դատախազությունում հարուցվել է քրգործ, նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:




Լրահոս