Հայկական սպորտը այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չի գտնվում, սակայն արդեն արվում են շատ քայլեր` մի շարք խնդիրների լուծում տալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը այս ամենի եւ այլ հարցերի մասին զրուցել է պրոֆեսիոնալ ըմբիշ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ:
-Պարո՛ն Ջուլֆալակյան, ժողովրդի քվեն ստանալուց հետո ի՞նչ փոփոխություններ եք ցանկանում տեսնել հայկական սպորտում եւ ի՞նչ նախագծեր եք արդեն ներկայացրել Ազգային Ժողով:
-Հայկական սպորտում շատ փոփոխություններ են հարկավոր: Եթե նշեմ մեկ-երկուսը, իհարկե, շատ թերի կլինի: Կբարձրաձայնեմ մարզիչների սոցփաթեթների հարցը. կհարցնեմ, թե ինչն է պատճառը, որ մեր հավաքականի մարզիչները չունեն սոցփաթեթներ, չէ՞ որ նրանք եւս մանկավարժ են: Կբարձրաձայնեմ մարզիկների հանդերձանքի խնդիրը, ինչպես նաեւ մարզիկների սննդային հավելման մասին, որոնք պրոֆեսիոնալ առումով շատ կարեւր են: Խնդիրները շատ-շատ են` մարզիչների եւ մարզիկների անչափ քիչ աշխատավարձերը, գույքային եւ դահլիճային խնդիրները, առանց որոնց մարզիկը մարզվել չի կարող: Թեթեւ ատլետիկայում չունենք 400 մետր վազքուղի կոչվածը, որը մինիմալ պահանջ է: Լուրջ խնդիրներ կան լողի շրջանակներում, եւ, իրոք, գովելի է այն փաստը, որ մեր մարզիկները, չունենալով պայմաններ, կարողանում են մեդալներ նվաճել:
Արդեն զբաղվում եմ ԲԿՄԱ-ի` սպորտային վաշտի վերաբացմամբ եւ այդ առիթով կապի մեջ եմ Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի մշակենք ճիշտ չափորոշիչներ:
Լուրջ քայլեր կձեռնարկեմ, որ ազգային հավաքականների անդամ մարզիկների գործունեությունը որպես ստաժ համարեն: Առաջիկա օրերին հենց կոնկրետ դրա ուղղությամբ կզբաղվեմ:
Զբաղվում եմ նաեւ մարզիկների բժշկական ապահովագրության հարցով եւ դրա համար նույնպես կապի մեջ եմ նախարարության հետ, եւ փորձում ենք չշտապել ու որոշել, թե ինչպես անել, որ գումարը ավելի նպատակային ծառայի (զրուցել ենք, մինչեւ ԱԺ նիստի մեկնարկը.հեղ):
-Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր` գոնե տարրական խնդիրները լուծելու համար:
-Կոնկրետ ժամանակ չեմ կարող նշել, բայց կասեմ, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք չեն պահանջում օրենսդրական բարեփոխումներ, եւ կարելի է լուծել հենց տեղում, իսկ մյուսները, որոնք կախված են օրենքից, պետք է լուծենք առանց շտապելու, որպեսզի թերի չմնան:
Շատ գովելի է սպորտի գերատեսչության համապատասխան մարմնի պատրաստած օրենքը, ըստ որի` կբարձրանա օլիմպիական մրցանակակիրների եւ աշխարհի առաջնության չեմպիոնների պատվո վճարները: Սա դեռ հաստատված չէ, բայց կայացման շնորհիվ մարզիկների մոտ կբարձրանա մոտիվացիան, եւ դա մեծապես կօգնի հոգալ նվազագույն ծախսերը:
-Սպորտ եւ քաղաքականություն. ինչպիսի՞ ընդհանրություններ ունեն այս երկու ոլորտները:
-Պայքար, նպատակասլացություն, պատասխանատվություն. եթե խորանանք, ապա երկու բնագավառներում էլ կա այս ամենը: Եվ իրականում կախված է անձից, եթե այդ արժեքները կարեւոր են, ապա շատ ընդհանրություններ կան, եթե ոչ, ուրմեն ընդհանրություններ չեք գտնի: Ես, լինելով պրոֆեսիոնալ մարզիչ, համարում եմ, որ այս երկու ոլորտներում էլ պետք է լինել աշխատասեր, նպատակասլաց եւ ամեն գնով հասնել նպատակին, եթե, իհարկե, նպատակը բարի է: Պետք է ամեն ինչ ծառայեցնել ի շահ պետության:
-Նախորդ իշխանությունների օրոք պատգամավոր դառնալու ցանկություն կամ առաջարկ եղե՞լ է:
-Չի եղել: Կան մի քանի պատճառներ: Առաջինը, որ ի տարբերություն ներկայի կարիերայիս, ավարտը մոտ չէր, այն ժամանակ ուղղակի անհնար կլիներ համատեղելը: Մյուս պատճառը նախորդ Ազգային ժողովի գործունեությունն էր: Չէի տեսնում նախաձեռնողականություն, անկախ գործելու հատկություն, եւ, ընդհանրապես, այդ մթնոլորտը ինձ դուր չէր գալիս: Հիմա դրա ճիշտ հակառակն է, պատգամավորները անկախ են, եւ պետք է մեր գիտելիքները կարողանանք վերածել օրենքների, որպեսզի լրացնենք բացերը:
-Քանի որ արդեն կոնկրետ քաղաքական ուժ եք ներկայացնում, մտավախություններ չունե՞ք, որ կարող եք երկրպագուների բանակ կորցնել:
-Մտավախություններ չունեմ, որովհետեւ գիտեմ` հավաքված թիմը շատ ազգանվեր նպատակներով է գործելու, եւ անձամբ ինքս ամեն ինչ անելու եմ, որ քաղաքական դաշտում միայն դրական ազդեցություն ունենամ: Եթե հաջողեմ այդ գործում, ապա ոչ մի այդպիսի բան չի լինի, իսկ եթե ոչ, բնական է, որ կլինի: Սա մեծ պատասխանատվություն է եւ կապված է ռիսկերի հետ. ես հասկանում եմ այդ ամենը, եւ դրանք ինձ շատ են մոտիվացնում:
-Ձեր պատվավոր տիտղոսների շարքում բացակայում է Օլիմպիական ոսկին եւ հուսանք, որ Դուք կնվաճեք այն եւ կբերեք Հայաստան:
-Ես ինքս մեծ ցանկությամբ եւ պատասխանատվությամբ լծված եմ այդ գործին:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ «ՔԱՄԲԵՔ»
Կայացավ «ՊՍԺ»-«Ման.Յունայթեդ» դիմակայության պատասխան խաղը: Փարիզյան թիմը, լինելով խաղի բացահայտ ֆավորիտ, չկարողացավ ձեռք բերել մյուս փուլի ուղեգիր: Խաղն ավարտվեց 1-3 հաշվով «մանկունյանցիների» հաղթանակով: Ընդհանուր հաշիվը այս դիմակայությունում մնաց 3-3, եւ անգլիական ակումբն անցավ մյուս փուլ մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ: Այս խաղում տանտերերից աչքի ընկավ Բերնատը, իսկ հյուրերից դուբլ ձեւակերպեց Լուկակուն, իսկ հանդիպման վերջին րոպեներին գոլի հեղինակ դարձավ Ռեշֆորդը:
ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՏՈՒՑԵՑ
Պորտուգալական «Պորտուն» կարողացավ ընդհանուր 4:3 հաշվով հաղթել իտալական «Ռոմային» եւ նվաճել 1/4 եզրափակիչում խաղալու իրավունք: Այս խաղում լրացուցիչ ժամանակում պորտուգալացիները կարողացան «պոկել» հաղթանակը «Ռոմայից»` 3-1: Տանտերերից աչքի ընկան Սոարեշը, Մարեգան եւ Տելեսը, իսկ մրցակցից մեկ անգամ գոլ հեղինակեց Դե Ռոսին:
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ցանկանում է մադրիդյան ակումբից փոխհատուցում ստանալ` պայմանագիրը խզելու համար: Իսպանական AS-ը հաղորդում է, որ մասնագետը «Արքայական» ակումբի ղեկավարությանը դատի է տվել: Լոպետեգին «Ռեալից» պահանջում է 28 միլիոն եվրո փոխհատուցում: Հենց այսքան գումար Լոպետեգին պետք է ստանար մադրիդյան ակումբի հետ եռամյա պայմանագրով, որը կնքվել էր ամռանը:
ՇՐՋԱՆՑԵՑ
Պորտուգալական «Պորտուն» ընդհանուր 4:3 հաշվով կարողացավ հաղթել «Ռոմային» եւ նվաճել մյուս փուլի ուղեգիր: Այս խաղը ռեկորդային դարձավ պորտուգալական թիմի դարպասապահ Իկեր Կասիլիասի համար: Սա իսպանացի դարպասապահի 101-րդ հաղթանակն էր Չեմպիոնների Լիգայում: Նա շրջանցեց իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին, ում հաշվին կա գրանցված 100 հաղթանակ:
ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նշել է, որ վերջին ամիսներին կատարվածներից չի կարող երջանիկ չլինել: «Ես չեմ կարող ինձ երջանիկ չզգալ վերջին 4-5 ամիսների ընթացքում տեղի ունեցածից: Վերջին կես տարվա ընթացքում շատ խնդիրներ են եղել: Ես կարողացել եմ հաղթահարել այդ դժվարությունները: Շարունակում եմ պայքարել տիտղոսների համար: Մրցաշրջանի կարեւորագույն հատվածն առջեւում է: «Հույս ունեմ՝ հաջող հանդես կգամ Ինդիան-Ուելսում»,- Նադալի խոսքերն է մեջբերում պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիայի (ATP) պաշտոնական կայքը:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ