«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է հաղորդավարուհի Յանա Դանիելյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, ապրելու իր կերպի մասին: Յանան խոստովանել է` երբեմն մոռանում է, որ հայտնի է, եւ միայն մարդկանց ժպիտներին ու ուշադրությանն արժանանալուց հետո է հիշում այդ մասին:
-Յանա՛, ծնողներն ի՞նչ սկզբունքով են ընտրել Ձեր անունը:
-Մայրս է ընտրել: Նա ուկրաինուհի է, հայրս` հայ: Որոշել են, որ եթե հայկական արտաքինով աղջիկ ծնվի, հայկական անուն դնեն, իսկ սլավոնական արտաքինով աղջիկ ծնվելու դեպքում` Յանա: Փաստորեն, երկրորդ տարբերակը եղավ:
-Կարողանո՞ւմ եք արդյոք ինքներդ Ձեզ կողքից նայել, օբյեկտիվ դատողություններ անել:
-Այո, իմ ամենախիստ դատավորը ես եմ: Սիրում եմ լսել խորհուրդներ այնպիսի մարդկանցից, որոնք կյանքում հասել են ինչ-որ բանի: Իհարկե, ֆիլտրում եմ այդ խորհուրդները, բայց, ամեն դեպքում, լսում եմ:
-Գումար խնայո՞ղ, թե՞ շռայլող տեսակ եք:
-Ցանկացած գնում, ապրանք, ծառայություն ընտրելիս նախապատվությունը տալիս եմ որակին: Դա կարող է թանկ արժենալ, բայց ես այդպես եմ ապրում:
-Մենք տեսել ենք Ձեզ խոհանոցային հաղորդում վարելիս եւ գիտենք, որ խոհանոց սիրում եք: Երբվանի՞ց է այդ սերն ի հայտ եկել:
-Դեռեւս 6-7 տարեկանից պատրաստել եմ մայրիկիս համար, բայց երբեւէ չէի պատկերացնի, որ մի օր պատրաստելը կդառնա իմ աշխատանքի մի մասը:
-Ի՞նչն է Ձեզ հունից հանում:
-Սուտը: Երբեմն մարդկանց թվում է, որ կարող են ճիշտը թաքցնել ինձնից, բայց դա բացառվում է (ծիծաղում է): Անկեղծ ասած` քիչ թվով մտերիմներ ունեմ, որոնց իսկապես վստահում եմ, եւ համոզված եմ, որ անկեղծ են:
-Հորոսկոպին նշանակություն տալի՞ս եք:
-Այո, շատ մեծ տեղ եմ տալիս: Մարդու հետ շփվելիս կարող եմ հստակ ասել, թե կենդանակերպի որ նշանին է պատկանում:
-Ձեզ համբերատար մարդ համարո՞ւմ եք:
-Այո, չափից շատ:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
-Անկեղծությունը: Միշտ նախընտրում եմ մարդու երեսին ասել իրականությունը, այն, ինչ մտածում եմ, որքան էլ որ դա դաժան լինի: Սկզբում կարող է ցավեցնես նրան, բայց հետո օգտակար ես լինում: Ինձ շրջապատող մարդիկ իմ բնավորության մեջ առաջինը հենց անկեղծությունս են առանձնացնում:
-Նշվածներից ո՞րն է Ձեր մասին. մարդ, որը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու իր նպատակներին հասնելու համար, մարդ, որն արդեն իսկ հասել է որոշ նպատակների, բայց դրանով չի բավարարվում, եւ մարդ, որը հասել է իր բոլոր նպատակներին:
-Երկրորդ տարբերակը:
-Հեքիաթային ո՞ր հերոսն է Ձեր սիրելին:
-Ջրահարս Արիելը:
-R&B, ռո՞ք, թե՞ ջազ:
-Ջազ:
-Ո՞ր հատկությունն է մարդուն մարդ դարձնում:
-Կարծում եմ` բարությունը:
-Տղամարդու խոցելի տեղը:
-Ընտանիքը:
-Կինը երբեք չպետք է դադարի…
-Կանացի լինել: Անգամ փոքրիկ դստերս սովորեցնում եմ, որ հարկավոր է խնամված եւ նուրբ լինել: Կինն այդպիսին պետք է լինի անգամ 60-ում, 70-ում, 80-ում:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է խելացի եւ իմաստուն մարդու տարբերությունը:
-Խելացին իմաստունին նախորդող «լեվլ» է:
-Բնութագրեք հայաստանյան ներկայիս ներքաղաքական կյանքը մեկ բառով:
-Հուսադրող:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել;
-Փառք Աստծո, այդպիսի փուլ չեմ ունեցել: Մանկությունս, պատանեկությունս անցել է հանդարտ, երջանիկ մթնոլորտում, հետո ունեցել եմ իմ սեփական ընտանիքը, ու էլի ամեն բան հյուսվել է սիրո հիմքի վրա: Ասեմ, որ յուրաքանչյուր հարցի պոզիտիվ եմ նայում: Ինձ համար չկան չլուծվող խնդիրներ, պարզապես պետք է ամենահարմար ելքը գտնել:
-Հայտնի լինելն ի՞նչ տվեց Ձեզ:
-Ես երբեմն չեմ գիտակցում, որ ինչ-որ չափով հայտնի եմ, դրա մասին հիշում եմ միայն մարդկանց ժպիտներին, ուշադրությանն արժանանալիս:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Դե այն, որ ինձ վերագրում են մի շարք պլաստիկ վիրահատություններ, արդեն սովորական է դարձել: Մի ժամանակ շատ ծանր էի տանում դա, փոքր ժամանակվա լուսանկարներս էի հրապարակում, որպեսզի ապացուցեմ, որ, օրինակ, քիթս վիրահատված չէ: Հետո էլ մի պահ եղավ, երբ ասում էին, թե ես եւ ամուսինս` Սուրենը, (հաղորդավար Սուրեն Փահլեւանյան-հեղ.) բաժանվել ենք: Բնականաբար, դա էլ իրականությանը չէր համապատասխանում:
-Եվ վերջում` իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ;
-Խելացի եւ իմաստուն մարդկանց մասին հարցը:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Խաչատուր Պապիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի` Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչն ուժերը չափել է Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի հետ եւ վստահ հաղթանակ տարել 10-3 հաշվով: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականը ելույթն ավարտել է մեկ ոսկե եւ մեկ բրոնզե մեդալով: Ոսկե մեդալակիր էր դարձել 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, իսկ, ահա, Վաղինակ Մաթեւոսյանը, Հրաչյա Մարգարյանը, Գեւորգ Մխեյանը, Հովհաննես Մխիթարյանը եւ Սարգիս Հովսեփյանը մեդալ չեն նվաճել:
ԱՄԵՆ ԲԱՆ ԿԱՆԵՆՔ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից առաջ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է խաղի եւ թիմի հնարավորությունների մասին. «Ատլետիկոն» ուժեղ թիմ ունի: Բոլորը գիտեն, որ նրանք սիրում են պաշտպանվել, ռիսկի չեն գնում ու խաղում են հակագրոհներով, բայց մենք պատրաստ ենք դրան: Ցանկանում ենք ամեն հնարավորը անել՝ հաղթելու ու հաջորդ փուլ դուրս գալու համար»:
ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
Արդեն պաշտոնապես Մադրիդի «Ռեալը» հայտարարեց թիմի ղեկին Զիդանին նշանակելու մասին: Մադրիդյան թիմը պաշտոնանկ արեց արդեն նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին: Զիդանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Արքայական ակումբի» հետ հասցրել է երեք անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:
ԱՎԱՐՏՈՒՄ ԷԿԱՐԻԵՐԱՆ
Հոլանդացի հայտնի մասնագետ Լուի վան Գալը հայտարարել է, որ ավարտում է մարզչական կարիերան. «Կինս 22 տարի առաջ դադարեց աշխատել, որպեսզի ուղեկցի ինձ արտասահմանյան աշխատանքներում: Նրան ասացի, որ 55 տարեկանում կդադարեմ զբաղվել աշխատանքով: Հիմա ես արդեն 65-ն անց եմ: Այլեւս չեմ կարող շարունակել»,- վան Գալի խոսքերն է փոխանցում AS-ը: Հոլանդացի մասնագետը մարզել է Հոլանդիայի ազգային հավաքականը, նաեւ համաշխարհային ֆուտբոլի մի շարք դրոշակակիրների՝ «Այաքսին», «Բարսելոնային», «ԱԶ-ին», «Բավարիային» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ