ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԼԱՎ ԲԱՆ ՍՏԵՂԾԵԼ ՈՉ ՄԻ ԲԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, «Իմ քայլը» խմբակցությունը ունի 88 պատգամավոր: Երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշումների վրա, ըստ էության, չեն կարող ազդեցություն ունենալ: Մտավախություն չկա՞, որ լճացում տեղի կունենա, եւ նաեւ հնչում են կարծիքներ, որ զսպող ընդդիմությունը խորհրդարանից դուրս է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես Ձեզ հորդորում եմ բոլոր նիստերը եւս մեկ անգամ նայել, եւ կտեսնեք, որ իշխող խմբակցությունը շատ ավելի հարցեր է տալիս գործադիրին, ընդ որում շատ թիրախավորված հարցեր, հարցեր, որոնք ուրիշ մեկը, կողքից լսելով, կենթադրի` մեկ թիմ ներկայացնող այս երկու բանախոսների մեջ երեւի թե ինչ-որ տարաձայնություն կա: Իրականում դրանք տարաձայնություններ չեն: Դա այն առողջ հարթակն է, որտեղ որ բախվում են գաղափարներ, եւ ոչ թե անձեր: Սա եւս մեկ անգամ ընդգծում է, որ «Իմ քայլի» գործունեությունը միտված է առողջ եւ հստակ կառուցողական դաշտ ձեւավորելուն: Եւ այն, որ մյուս ուժերը` օրենսդիրում ներկայացված, հավանաբար չեն կարողանում ծանրակշիռ ձայների մեծամասնություն հավաքելով հարց լուծել, դա դեռ չի նշանակում, որ նրանք ոչ մի գործունեություն չեն կարող ծավալել: Առաջին երկու օրենքի նախագծերը, որոնք մտել են ԱԺ, դրանք հենց ընդդիմության կողմից ներկայացրած նախագծերն են եղել: Եթե իրավիճակը փոխված չլիներ, բնակաբար, շատ հնարավոր էր, որ այդ երկու նախագիծն էլ չլինեին, անգամ եթե դրանք ունեին հստակ թիրախավորված բարի եւ դրական բովանդակություն: Ինձ համար զսպող ընդդիմությունը դրսում առաջին հերթին ժողովուրդն է եւ ժողովրդի կարծիքը: Այն որ ունենք որակական նոր հատկանիշներով ԱԺ, դրա միակ երաշխավորողը եղել է ՀՀ-ի հաղթանակած ժողովուրդը: Ժողովուրդն է որոշում եւ գնատական տալիս, թե դու ինչպես ես աշխատում, իսկ կուսակցությունները, բնականաբար, ունեն իրենց ուրույն տեղը:
-Վարչապետը խոսում էր տնտեսական թռիչքաձեւ աճի մասին: Կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսեց նաեւ կախարդական փայտիկի կիրառման մասին: Հիմա տեսնո՞ւմ եք կախարդական փայտիկի կիրառման փորձեր:
-Եկեք պաթոսներից մի կողմ կանգնենք, ավելի ռեալ, շոշափելի հարթակի վրա քայլենք:
-Վարչապետի խոսքերն են:
-Ես վարաչապետին շատ հարգում եմ: Վարչապետի կատարած աշխատանքը համապետական նշանակության ինքս շատ վառ եմ պահում: Դա բոլորիս ձեռքբերումն է: Ով հիմա չի հասկանում դա, կհասկանա տարիների ընթացքում, երբ իր երեխաներն ու թոռները կապրեն ավելի որակյալ Հայաստանի Հանրապետությունում, քան ապրել են իրենց ծնողներն ու տատերը եւ պապերը: Այդ ամեն ինչը շատ իրատեսական է, եւ այստեղ որեւէ պոպուլիստական ձեւակերպում չկա, եւ հիմված է այն տեսական եւ գաղափարական հենքի վրա, որը դրված է եղել հեղափոխական գործընթացների կենտրոնում. դա մարդու ներառական ուժն ու ազդեցությունն է: Սա այն բացատրությունն է բոլոր հարցերի, որոնք որ պայմանավորել են պետության տնտեսական զարգացումը: Մենք չունենք տնտեսական մեծ ռեսուրսներ, բայց մենք ունենք մարդու տեսակի, հայի տեսակի հանճարեղ արարչական գործունեության կարողություն: Հայը ինչքա~ն մեծ եւ օգտակար գործունեություն է ծավալում շատ երկրներում: Դա գալիս է նրանից, որ մենք առհասարակ աշխատասեր ժողովուրդ ենք, եւ դա կօգնի հաղթահարել շատ բաներ: Մնացած ամեն ինչը սկսում է կրթությունից, սկսում է տնտեսական ներդրումներից, որոնք որ այսօր մեր պետությունը փորձում է առաջ տանել` առաջին հերթին հիմք դնելով բարձր կրթական, որակական հարթակներ կառուցելուն, նոր տեխնոլոգիաների զարգացման եւ գիտության ներառական լինելուն տնտեսության մեջ: Կանցնի ժամանակ, ես կարծում եմ, որ մենք անպայման պետք է հաղթանակենք հենց այս տնտեսական բարեփոխումների մեկնարկած գործընթացում:
-Որքա՞ն ժամանակ հետո մենք հստակ փոփոխություններ կտեսնենք:
-Որեւէ մի բանի մասով ժամանակահատված նշելը անշնորհակալ եւ անհեռատես մոտեցում է, դրա համար ես հիմա չեմ շտապի: Ես հիմա կարող եմ փաստել, որ տարվում է աշխատանք: Այդ աշխատանքը շատ բարդ է: Կարելի է ստեղծել ինչ-որ բան ինչ-որ բանից, բայց շատ դժվար է ստեղծել լավ բան ոչ մի բանից: Պատկերացրե՛ք ամբողջությամբ ավերված եւ ջլատված մի պետություն, որի հիմքի վրա փորձ է արվում կառուցել որակական հատկանիշներով պետություն: ՀՀ-ում չկա մի ոլորտ, որտեղ չկան այն ավերիչ գլոբալ խնդիրները, որոնք պետությունը հասցրել են ծանր վիճակի: Այն, ինչ արվում է, ամբողջությամբ պարուրված է ազնվության, անաչառության եւ միանշանակ անբասիր գործունեությամբ: Չկա մի մարդ, որն ունի պետական կառավարման բարձրագույն լծակ օգտագործելու հնարավարություն, եւ ներգրավված լինի որեւէ տեսակի կոռուպցիոն համակարգի մեջ, որովհետեւ կոռուպցիոն համակարգը առհասարակ փլուզվել է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՏԱԼԻՍ

Տեւական ժամանակ է` նախկին իշխանության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «ժառանգորդ», նրա քաղաքական գծի շարունակող: Անգամ Տեր-Պետրոսյանը ստիպված էր հանդես գալ հատուկ հրապարակմամբ՝ կետ առ կետ հերքելով այդ պնդումները:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հայտնվել է անհարմար իրավիճակում: ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Մի հանգամանք, որն աննախադեպ է. անգամ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, չնայած Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հակասություններին, նրա գրասենյակը ֆինանսավորվել է` օրենքով հաստատված կարգով:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, ՀՀ հիմնադիր նախագահի գրասենյակը ունի երեք աշխատակից: Եւ, փաստորեն, այդ երեք աշխատակիցներն արդեն երեք ամիս է՝ զրկված են աշխատավարձի իրավունքից:
Նշենք, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.3-րդ հոդվածի համաձայն` «Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով»:
Եւ ՀՀ կառավարությունը 2018թ. օգոստոսի 2-ի 856-Ն որոշմամբ սահմանել է պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի՝ այդ ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:
Ու, փաստորեն, ՀՀ առաջին նախագահի գրասենյակի համար նախատեսված գումարները վարչապետի աշխատակազմից չեն փոխանցում:
Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը, սակայն պատճառների մասին տեղեկություն ստանալու համար խորհուրդ տվեց դիմել կառավարություն:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին զրուցեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ խնդիրը զուտ տեխնիկական է:
«Վարչապետի գրասենյակից պետք է համապատասխան գրություն գա աշխատակազմ, որը չի եկել: Դա ընթացակարգային խնդիր է: Որքանով տեղյակ եմ, գրասենյակի ղեկավարը բարձրացրել է իր նշանակման խնդիրը, մասնավորապես այն, որ իրեն պետք է նշանակի առաջին նախագահը: Հաշվի առնելով այն, որ օրենքը նման բան թույլ չի տալիս, այսինքն՝ նախկին նախագահը պաշտոնատար անձ չէ, իրավունք չունի, կարող եմ ասել, որ ձգձգումը նաեւ դրանով է պայմանավորված»,-ասաց Աղաջանյանը: Մեզ հետ զրույցում նա հավաստիացրեց, որ խնդրի լուծումից հետո անպայման կվճարվեն նաեւ բաց թողնված ամիսների աշխատավարձերը:
Ի դեպ, նկատեք, որ, ի տարբերություն ՀՀ առաջին նախագահի գրասենյակի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրասենյակներն այս ամիսների ընթացքում կառավարությունից ստացել են համապատասխան ֆինանսական միջոցները:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՄԵԿ ՀԱՐՑ
Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, սակայն օրակարգն այնքան էլ հագեցած չէ. ընդգրկված է մեկ հարց, որը պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով: Այսինքն, վաղը եւս խորհրդարանը կհավաքվի այդ հարցը երկրորդ ընթերցմամբ անցկացնելու համար: Օրակարգում ընդգրկված միակ նախագիծը վերաբերում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, երկրի տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը: Արդեն կա նաեւ մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840: Հավելենք, որ երեկ այս հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ արժանացել հավանության:

 

 

ԴԵՂՈՐԱՅՔԸ ԿԹԱՆԿԱՆԱ՞
Տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում որոշ տեսակի դեղորայք կթանկանա։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Ալֆա-Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ, սակայն ընկերության ներկայացուցչի խոսքերով` հակառակ պատկերն է. «Դեղորայքը Հայաստանում, ընդհանուր առմամբ, էժանանում է: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ պետական մակարդակով, թե՛ մասնավոր ընկերությունները բանակցում են դրսի արտադրողների հետ, ովքեր ավելի ցածր գներով են դեղորայք մատակարարում մեր երկիր»: Զրույցի ընթացքում պարզվեց, որ շուտով ակնկալվում է շվեյցարական «Լյա Ռոշե» ընկերության օնկոլոգիական դեղերի կտրուկ անկում՝ 15-30 տոկոսի չափով»։ Բայց, մյուս կողմից, ըստ ընկերության տնօրենի՝ առաջիկայում որոշ դեղերի գները կբարձրանան։ «Ազդող գործոնը դա ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսատուրքի բարձրացումն է։ Բայց, կարծում եմ, դա կկոմպեսացվի այլընտրանքային ուղիներով ներմուծման շնորհիվ, նույն Ռուսաստանից կամ մեր գործընկերների հետ բանակցելով եւ իրենց ինվոյսային գները իջեցնելու շնորհիվ»,- նշեց Մացակյանը։

 

 

 

«ԲՐԱԲԻՈՆ ՖԼՈՐԱ ՍԵՐՎԻՍԸ»` ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
Կանանց տոնին ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեի եւ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ -ի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 7-ին «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ դիմել է դատարան` ընդդեմ ՀՀ ՊԵԿ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել հունվարի 9-ի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթին այս գործի վերաբերյալ որոշակի մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես այն, որ «Բրաբիոն ֆլորա սերվիսը» ծաղիկ է վաճառել, սակայն ՀԴՄ կտրոն չի տրամադրել, եւ այդ ամենի համար ՊԵԿ-ը 600 հազար դրամ տուգանել է: Հիմա ծաղկի խանութ-սրահն այդ ակտը վիճարկում է դատարանում:




Լրահոս