ԵԹԵ ՀԱՎԱՏԱՅԻՆՔ ԱԼԻԵՎԻՆ, ԱՊԱ ԻՆՔԸ ՎԱՂՈՒՑ ՊԵՏՔ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԼԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ խնդրում վերջին զարգացումների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ:

-Պարո՛ն Իգիթյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Որեւէ տարօրինակ բան Դուք տեսնո՞ւմ եք այդ հայտարարության մեջ:
-Ո՞վ բարձրացրեց այդ աղմուկը: Ո՞ւմ նկատի ունեք. Ադրբերջանի՞ն, Ալիեւի՞ն, Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակի՞ն:
-Եվ մեզ մոտ` «Իմ քայլի» ընդդիմախոսները, օրինակ՝ Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ:
-Հանրապետական կուսակցությունը ճիշտ է անում, որ աղմուկ է բարձրացնում, որովհետեւ ամենավիճարկելի կետը այդ հայտարարության մեջ 2009-2012 թվականների բանակցային պրոցեսում տեղ գտած առաջարկություններն էին, որոնք այս կամ այն ձեւով անվանում էին Մադրիդյան սկզբունքների Կազանյան տարբերակ կամ Լավրովի տարբերակը եւ այլն: Ինչո՞ւ է դա կասկածելի. որովհետեւ այն ժամանակ` 2009 թվականին, Հայաստանի իշխանությունները եղել են ոչ լեգիտիմ եւ ամենաթույլ, եւ այն ժամանակ բոլոր միջազգային ուժերը, եւ այդ թվում նաեւ` Մինսկի խումբը, օգտագործում էին այդ թուլությունը, եւ այդ ժամանակ ի հայտ են եկել այդ հայտարարությունները, որոնք որ նույն Սերժ Սարգսյանը իր տված հարցազրույցում խոսում էր 5 շրջանների վերադարձի պատրաստակամության մասին: Այս առաջարկությունները չեմ կարծում, որ համահունչ են Մինսկի խմբի համանախագահների այլ հայտարարություններին, եւ երեւի թե Հանրապետական կուսակցությունը դա նկատի ունի, երեւի իրենք պետք է բացատրեն` ինչպես եղավ, որ այն ժամանակվա առաջարկությունները լուրջ տեղ գտան բանակցային սեղանին:
-Արցախում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ: Ըստ Ձեզ` այս նիստը իր մեջ ի՞նչ մեսիջներ էր պարունակում:
-Ես չեմ կարծում, որ այս համատեղ Անվտանգության խորհրդի նիստը արվել է մեսիջներ ուղարկելու համար: Ես գտնում եմ, որ դա տրամաբանական նիստ էր երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների: Անտրամաբանական է, թե ինչու նախկինում դա չի եղել, եւ եթե հասկանանք` ինչ է նշանակում Անվտանգության խորհուրդ, ովքեր են անդամներ հանդիսանում, մենք կտեսնենք, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ամբողջ վերնախավը, բոլոր հանգուցային պաշտոնյաները այնտեղ ներկա են, եւ ինձ թվում է, որ հիմնական նպատակը այդ համատեղ նիստի եղել է կորդինացում` առաջին հերթին անվտանգության խնդիրների հետ կապված: Չեմ բացառում նաեւ այլ խնդիրներ, բայց նաեւ կարեւոր է. քանի որ Հայաստանը հստակ արդեն ներկայացնում է Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցություն բանակցային պրոցեսին, ապա շատ տրամաբանական է եւ կարեւոր, որ Արցախի Հանրապետությունն էլ տեղյակ եւ պատրաստ լինի մասնակցելու, եւ ես ենթադրում եմ նաեւ, որ այդ հարցերն էլ են քննարկվել: Ամենակարեւոր հարցը կարելի է նշել, որ թե՛ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե՛ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը ցույց են տվել, որ Հայաստանն ու Արցախը ունեն նույն մոտեցումները եւ պատրաստ են համագործակցել բոլոր հարցերում:
-Այսինքն` կարո՞ղ ենք ենթադրել, որ, ամեն դեպքում, այս քայլով Հայաստանը չի ուզում իր ուսերից գցել բանակցելու պարտականությունը:
-Ես չգիտեմ` որ ընդդիմախոսն է դա ասում: Դա այդպես չէ, այլ, հակառակը, Հայաստանը փորձում է կոորդինացնել բոլոր այդ հարցերը եւ հատկապես անվտանգության հարցում Հայաստանը եղել է, է եւ կլինի Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորը:
-Հայտարարության մեջ նշված էր բանակցային ֆորմատի փոփոխության մասին, եւ, ըստ էության, բացասական ձեւով: Կարո՞ղ ենք ասել, որ Արցախը բանակցային սեղան բերելը ֆորմատի փոփոխություն չէ, քանի որ 1994 թվականին ստորագրած թղթով Արցախը լիարժեք մասնակից է բանակցային գործընթացին: Եվ դրանից հետո չի եղել որեւէ փաստաթուղթ, որը կչեղարկեր դա: Այս դեպքում հայտարարության այս մասը ո՞ւմ էր ուղղված:
-Ոչ մեկին ուղղված չէր: Դա ֆիքսում էր Մինսկի խմբի այն սկզբունքը, որ ձեւաչափի փոփոխությունը պետք է լինի կողմերի համաձայնությամբ: Ժամանակին մենք դա օգտագործում էինք, երբ Ադրբեջանը փորձում էր ընդլայնել ձեւաչափը եւ բերել, ինչպես նրանք էին ասում, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին: Այսօր այդ խնդիրը չկա. եթե ուզում են բերեն, թող բերեն: Այսինքն` ոչ թե բերեն, այլ Ալիեւը հենց ինքն է ներկայացնում համայնքը, որովհետեւ այդ համայնքը ընտրել է իրեն որպես նախագահ եւ արդեն լիազորել է, տվել այդ մանդատը ներկայացնելու: Ինչ վերաբերում է ձեւաչափի փոփոխությանը, Ձեր հարցի մեջ արդեն պատասխանը եղավ: Գոնե ԱՀ ղեկավարությունը այդպես է մեկնաբանել, որ Լեռնային Ղարաբաղը եղել է բանակցային պրոցեսում որպես լիարժեք անդամ: Դա եղել է այդ կամ այն ձեւով 1992 թվականին, ֆիքսվել է 1994 թվականին Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ որ նշված է` այն բոլոր կողմերը, որոնք ստորագրել էին զինադադարը, հանդիսանում են բանակցային պրոցեսի լիարժեք անդամ: Արցախը դա նկատի ունի. քանի որ այս ձեւաչափը եղել է եւ չի փոխվել օրինական ձեւով, իսկ փոփոխության դեպքում պետք էր բոլոր կողմերի համաձայնությունը, այդ թվում նաեւ` ԼՂՀ-ի: Արցախը իրեն համարում է բանակցային ձեւաչափի անդամ:
-Ի վերջո, Արցախը ինչպե՞ս եւ ո՞ւմ պատճառով դուրս մղվեց բանակցային գործընթացից:
-Ես գիտեմ` ինչպես եւ ում կողմից, բայց չեմ կարծում, որ մենք շեշտադրումները պատճառների կամ մեղավորների վրա դնենք, որովհետեւ մենք հիմա այլ հարց ենք լուծում: Մեր հիմնական նպատակը հիմա ոչ թե մեղավոր գտնելն է, այլ այնպես անել, որ Արցախը լիարժեք ձեւով մասնակցի: Անուղղակի պատասխանեմ Ձեր հարցին. ի տարբերություն նախորդ առնվազն երկու նախագահների, որոնք այս կամ այն ձեւով ներկայացնում էին Արցախը, մեկը համարվում էր ե՛ւ Լեռնային Ղարաբաղի ժամանակին ընտրված նախագահ, ե՛ւ Հայաստանի, մյուսը այս կամ այն ձեւով մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համակարգին: Նրանք երկուսն էլ իրենց համարում էին որպես երկու կողմերի ներկայացուցիչ: Վարչապետ Փաշինյանի դեպքում այս խնդիրը չկա, որովհետեւ ինքը երբեք չի եղել ոչ միայն Արցախում ընտրված որեւէ պաշտոնի, այլ նույնիսկ քաղաքացի չի եղել Արցախի: Իր համար ավելի հեշտ կլինի ընդգծված ցույց տալ, որ ինքը ներկայացնում է միայն ՀՀ-ի քաղաքացիների տեսակն ու շահերը:
-Բավականին ագրեսիվ հայտարարություններ եղան Ալիեւի կողմից: Այս փուլում մտավախություն կա՞, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիա կսկսի:
-Եթե մենք հավատայինք Ալիեւի բոլոր հայտարարություններին, ապա ինքը վաղուց պետք է Երեւանում լիներ, որովհետեւ ինքը 2-3 անգամ հայտարարել է, որ որպես նպատակ այս տարի` 10 տարի առաջ, եւ այս տարի ինքը պետք է Հայաստան գար եւ վերցներ Երեւանը: Ես լուրջ չեմ վերաբերվում: Ես գտնում եմ, որ դա ինքը ոչ թե ինձ է ուղղել, Ձեզ է ուղղել, ոչ թե մեր հանրապետությանը կամ միջազգային հանրությանը, այլ ինքը դա ուղղում է իր ներքին շրջանառության համար իր հանրությանը: Երեւի գտնում է, որ հանրությունը սրանով կների իրեն այդ սոցիալական անարդարությունը եւ կամ խոսքի, մարդու իրավունքների խնդիրները:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ Է ԴՐՎԱԾ

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Նշենք, որ օրենքի նախագիծը արտահերթ նիստի օրակարգ մտցվեց, ըստ էության, այն պատճառով, որ վարորդների կողմից պարբերաբար բարձրացվում էր հարցը: Օրեր շարունակ այս կապակցությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին: Օրենքը թույլ է տալու, որ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս 2019 թվականի մայիսի 1-ը: Նիստի ժամանակ հարցեր ծագեցին, թե հնարավոր է, որ ժամկետները երկարաձգվեն, որովհետեւ կան քաղաքացիներ, որոնք կցանկանան մեքնաներ ներմուծել: Սակայն, ինչպես պարզ դարձավ Կապի եւ տրանսպորտի նախարարությունում, այս հարցը բավականին սկզբունքային է դրված: Նախարար Հակոբ Արշակյանն էլ նիստի ժամանակ նշեց, որ սա միտված է կուտակված ավտոմեքենաների հարցը լուծելուն եւ նախկին օրենքի վերաբերյալ թյուրըմբռնումների արդյունքում իրավիճակային լուծում տալուն: Նախարարը նշեց, որ դրանից հետո օրենքի որեւէ փոփոխություն չի նախատեսվում:
Նշենք, որ օրենքի նախագծի քվեարկությունը տեղի կունենա այսօր:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՑՈՒՑՄՈՒՔ ՉԻ ՏՎԵԼ
Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն ավարտել է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը` սահմանադրական կարգը տապալելու դրվագով: Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովին եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանին: Նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նկատենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության էր կանչվել, սակայն ՀՔԾ-ում նրան առաջին իսկ նախադասությամբ ասել են, որ իր կարգավիճակը փոխվում է, եւ նրան մեղադրանք է առաջադրվում: Շուրջ 7 ամիս տեւած քննության ընթացքում այդպես էլ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով մեղադրյալի իր իրավունքից:

 

 

ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵՑ
Ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է կարեւորագույն մի կենտրոն՝ Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, սակայն, որքան էլ տարօրինակ է, կենտրոնի ամբողջական ֆինանսավորման հարցը լուծված չէր, եւ վիրավոր զինվորների բուժման ծախսերը հոգում էին անհատ բարերարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը գրեթե լուծել է Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆինանսավորման հարցը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ կենտրոնի այս տարվա ծախսերի մոտ 60 տոկոսն իր վրա է վերցրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, իսկ մյուս մասը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Արդյունքում, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի եւ ՊՆ-ի աջակցությամբ տարեկան շուրջ 1300 զինվոր հնարավորություն կունենա ամբողջովին անվճար ստանալ լիարժեք վերականգնողական բուժում։ Ի դեպ, նշենք, որ բացի առողջական խնդիրներից կենտրոնում զբաղվում են նաեւ վիրավոր զինվորների ուսումնական, սոցիալական, իրավական խնդիրներով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վիրավոր զինվորների խնդիրները գտնվում են անմիջական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին մի քանի անգամ այցելել է Զինվորի տուն, ծանոթացել առկա խնդիրներին եւ հանձնարարել է ոչ միայն հրատապ լուծել կենտրոնի ֆինանսավորման խնդիրը, այլեւ համակարգային լուծումներ տալ վիրավոր զինվորների խնդիրներին:




Լրահոս