Այսօր մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ է այցելել Արմեն Աշոտյանը, որտեղ փակ-գաղտնի հանդիպում է կայացել:
Ի պատասխան այս հրապարակումների` Աշոտյանը հայտնում է.
«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝
1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:
3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:
4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:
5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված “ուսադիրներս” ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլև պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»: