Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը կգան դատարան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանում է աննախադեպ իրավիճակում: Արցախի ներկա ու նախկին նախագահները` Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, երեկ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել դատարան` երաշխավորելով, որ «կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք»: Սա, թերեւս, աննախադեպ իրավիճակ է, քանի որ ԼՂ նախկին ու ներկա իշխանությունները նախկինում երբեւէ չէին փորձել նման քայլի գնալ: Ա.Ղուկասյանն ու Բ. Սահակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջին իսկ դատական նիստին կներկայանան դատարան` անձամբ պնդելու երաշխավորությունը:

Հետաքրքիրն այն է, որ սա Ա. Ղուկասյանի ու Բ. Սահակյանի` Քոչարյանին ազատ արձակելուն ուղղված առաջին դիմումը չէ. մայիսյան եռատոնից առաջ էլ նրանք դիմել էին դատախազություն` խնդրելով թույլ տալ Քոչարյանին այդ օրը ներկա գտնվել Ստեփանակերտում անցկացվելիք տոնակատարություններին: Դատախազությունն էլ, մեկնաբանելով, որ այդ խնդրի լուծումն իր իրավասության սահմաններում չէ, ըստ էության, գերադասեց լղոզել հարցը, իսկ Քոչարյանը մնաց անազատության մեջ: Այն ժամանակ Ղարաբաղի նախկին ու ներկա նախագահների պահվածքը մեկնաբանվեց որպես գործընկերության սկզբունքի դրսեւորում, երբ ցանկանում էին մայիսյան տոներին իրենց կողքին տեսնել նաեւ Արցախի նախկին նախագահ Քոչարյանին: Բայց երեկվա դիմումը նշանակում է, որ նրանք գնում են ՀՀ իշխանությունների հետ առճակատման ճանապարհով:

Համենայնդեպս, շատ-շատերի կողմից կատարվածն այդպես է ընկալվում` հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջին ասուլիսում հնչեցրած գնահատականները. «Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն չունեն… Եթե նրանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում են: Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է»: Ինչեւէ, հիմա որոշում կայացնելու հերթը դատարանինն է. կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը պետք է որոշի, թե ինչպես վարվի այս հարցում: ՈՒ նկատենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի համար այս առումով այնքան էլ հաճելի իրավիճակ չի ստեղծվել: Բայց ինչ էլ լինի, ՀՀ ներքին խնդիրները չպետք է որեւէ կերպ ազդեցություն ունենան երկու հայկական պետությունների հարաբերություններում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս