«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության միջեւ եւս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին:
Ավելին, ԱԺ իշխող մեծամասնությունը ոչ մեկ անգամ է ուղղակի եւ անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միեւնույնն է, մերժելու են: ՈՒ չնայած Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացնելիք հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունն այլ մարդու է տվել` այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցը թեեւ դեռ չի քննարկվել, սակայն նրանք հակված են առաջիկայում դեմ քվեարկել նաեւ Վաղարշյանին, ինչպես վերջին անգամ դեմ էին եղել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը:
Չի բացառվում նաեւ, որ այս քայլով Արմեն Սարգսյանը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը. քաջ իմանալով, որ, միեւնույնն է, Վաղարշյանին ԱԺ-ն չի ընտրելու, ներկայացնում է նրան, որպեսզի երկրորդ անգամ մերժվելուց հետո հանգիստ ներկայացնի արդեն Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Մինչ այդ մեկ փաստ էլ. ամեն դեպքում անհասկանալի է իշխող մեծամասնության պահվածքը, երբ որոշել են այդ պաշտոնում ամեն գնով նշանակել կոնկրետ անձի, եւ հանուն նրա, ըստ էության, երկրորդ անգամ կարժեզրկվի խորհրդարանական ինստիտուտը: Եւ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Վահե Գրիգորյանն այդքան արժե»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում