Վարչապետը չինական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՉԺՀ կատարած աշխատանքային այցի արդյունքներից և նշել, որ առաջիկայում պետք է քննարկվեն այն քայլերը, որոնք կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: «Ուրախ եմ ձեզ հետ քննարկել ձեր հետաքրքրությունները և առաջարկները: Այսօր Հայաստանում կատարվում են լուրջ փոփոխություններ, մեր երկրում վերացված են համակարգային կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները: Մեր քայլերն ուղղված են տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելուն»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ հաշվի առնելով ՉԺՀ-ի ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` նպաստավոր պայմաններ են ստեղծվել չինական ներդրումների համար:

Ganergy Heavy Industry Group-ի ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց գործունեությանը և հավելել, որ հետաքրքրված են Հայաստանում արդյունաբերության, ինչպես նաև ֆինանսների ու ներդրումների ոլորտներում գործունեության իրականացմամբ:

«Չժեն Ի» ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև ներդրումներ կատարել մեր երկրում` ստեղծելով արդյունաբերական գոտի:

MZTL ընկերության ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ` դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նշված ընկերությունների ներկայացուցիչներին ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը դիտարկում է որպես հաղորդակցության և տրանսպորտային միջանցք և ուրախ է, որ ՉԺՀ կառավարությունը հետաքրքրված է նաև այդ ծրագրի իրականացման գործում համագործակցությամբ:

ՉԺՀ այցի ավարտին վարչապետ Փաշինյանը հարցազրույցներ է տվել նաև չինական առաջատար «Սինխուա» լրատվական գործակալությանը և CCTV հեռուստաընկերությանը:

Երևան վերադառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանություն: Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է:




Լրահոս