Արտառոց դեպք Գավառում. Փաշինյանին «գողական» սիմվոլ են ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ մասնակցելու ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Համաժողովն ընթանում էր մարզկենտրոն Գավառում: Համաժողովից հետո տեղի էր ունեցել ցուցահանդես, որտեղ, չգիտես ինչու, որոշվել էր ՀՀ վարչապետին, ողջ աշխարհից եկած հյուրերին ներկայացնել նաեւ, այսպես ասած, «գողական» համայնքի ներկայացուցիչների «նշանը»` ութանկյունը (ՉՏրՖՎՌՍՏվպփվՌՍ): «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ բողոքներ է ստացել մարզի բնակիչներից, որոնք դժգոհ են այն հանգամանքից, որ մարզում նման բաներ են քարոզվում:

Ֆորումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը անդադար զանգեր է ստանում. մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնում ցուցահանդեսին ներկայացված քրեական խորհրդանիշի առիթով. «Վարչապետ Փաշինյանը ոնց չտեսավ, էդ ամոթալի թզբեհների հեղինակի հարցերը տեղում լուծեր»: Արդեն երկու օր շարունակ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից պարզել, թե, ի վերջո, ով է այդ ամենի հեղինակը, ու ինչու է որոշվել նման ցուցահանդեսում ներկայացնել «գողական» բարքերը: Պարզվում է` մարզպետն այնքան զբաղված է, որ ո՛չ հեռախոսազանգերին է պատասխանում, ո՛չ հաղորդագրություններին: Երեկ էլ ողջ օրվա ընթացում մարզպետը չբարեհաճեց մեր զանգերին պատասխանել ու պարզաբանել, թե ինչու են նման տարօրինակ բան արել:

Երկար «դեգերումներից» հետո մեր հեռախոսազանգին պատասխանեց մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը, որ սկզբից ասաց, թե ինքն է եղել համաժողովի անմիջական կազմակերպիչներից մեկը, բայց տեղյակ չէ, որ նման բան է ցուցադրվել: Այնուհետեւ ճշտելուց հետո մեր զրուցակիցը հայտարարեց, որ դրանք Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ռոբոտաշինության խմբակի երեխաների ձեռքի աշխատանքներն են եղել: Նարեկ Մանուկյանը, սակայն, այդտեղ որեւէ տարօրինակ բան չտեսավ` համարելով, որ այդ նույն սեղանին այլ բաներ էլ են ցուցադրվել, ու պետք չի կենտրոնանալ դրա վրա:
Փորձեցինք այս հարցի շուրջ զրուցել նաեւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի հետ, սակայն վերջինս էլ հայտարարեց, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում, ավելին` ինքը ուշացած է մասնակցել համաժողովին, քանի որ ճանապարհին իր մեքենան անսարքություն է ունեցել:

Որեւէ բան չի մնում, քան եզրակացնել, որ Ճամբարակ քաղաքի երեխաների ապագան վտանգված է, քանի որ նման խմբակներում այդ տարիքում արդեն սովորեցնում են նմանատիպ անցանկալի բաներ: Հուսանք` Գեղարքունիքի մարզպետը կփորձի այս հարցին լուծում տալ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս