Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում առավոտյան ժամը 11-ից շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման քննությունը։ Քննվելու է Քոչարյանի խափանման միջոցը փոխվելու պահանջը։
Դատարանի բակում օրեր շարունակ իրավիճակը լարված էր։ Սակայն այսօր, կարծես, հանդարտվել են և′ Քոչարյանի աջակիցները, և′ նրա ընդդիմախոսները։
Մինչև օրվա վերջ դատարանում կլինեն Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Հիշեցնենք, որ նրանք միջնորդություն են ներկայացրել` Քոչարյանին ազատ արձակելու հարցով։
Դատարանի բակում հավաքված ընդդիմախոսներին դա, մեղմ ասած, այնքան էլ դուր չի եկել։
ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ Արցախի նախագահների ժամանումը «հարթ» չի անցնելու։ Մասնավորապես, տեղեկացանք, որ ընդդիմախոսները նրանց դիմավորելու են «Դըմբ-դըմբ-հու», «Ամոթ-ամոթ» վանկարկումներով։
Ընդդիմախոսներից մեկն էլ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ լսել են` նախագահների մուտքը հենց դատանի ներսից ինչ-որ մարդիկ պատրաստվում են խոչընդոտել` մեղավորությունը գցելով իրենց վրա, սակայն եթե նման բան էլ լինի, իրենք դրա հետ կապ չունեն։
Մնում է սպասել հետագա զարգացումներին:
Լուսինե Մինասյան