Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների ու ծնողների համար
Քաղաքապետի որոշմամբ, Երևանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ»,- նշել է Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խոսքը 9700 երեխաների մասին է:
Նա պարզաբանել է, որ նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: «Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից:
Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները եւ օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։