«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի հետ:
-Տիկի՛ն Պետրոսյան, օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցել Ձեր դեմ: Դուք բացատրություն եք ներկայացրել նախարարին: Ի՞նչ փուլում է այդ գործը:
-Իսկապես, ՀՀ արդարադատության նախարարի կողմից, 06.03.2019 թվականի 67-Ա որոշմամբ, կարգապահական վարույթ է հարուցվել իմ նկատմամբ այն փաստի կապակցությամբ, թե, իբր, ես 150 սնանկության գործ չեմ հանձնել գրասենյակ Սնանկության դատարան փոխանցելու նպատակով:
Ինչպես նախկինում նշել եմ, շատ եմ ափսոսում, որ արդարադատության նախարարին ներքաշել են իմ եւ Բարձրագույն դատական խորհուրդ հակամարտության մեջ: Անձամբ ճանաչում եմ Արտակ Զեյնալյանին դատական նիստերին ունեցած նրա մասնակցությամբ եւ խորը հարգանք ունեմ ինչպես նրա անձի, այնպես էլ գործունեության նկատմամբ: Համոզված եմ, որ վարույթի հարուցման պատճառը եղել է այն խեղաթյուրված տեղեկատվությունը, որը դատական դեպարտամենտը տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարին: Հստակ տեղյակ լինելով այն մասին, որ այդ 150 գործերը ավարտված, արխիվացման ենթակա գործեր են եւ Սնանկության դատարանին չեն փոխանցվելու` դատական դեպարտամենտը ապատեղեկատվություն է տրամադրել ՀՀ արդարադատության նախարարին:
Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում բացատրություն եմ ներկայացրել նախարարին եւ սպասում եմ նրա որոշմանը: Կա՛մ կարգապահական վարույթը կկարճվի, կա՛մ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախարարը միջնորդությամբ կդիմի Բարձրագույն դատական խորհրդին, ինչի ակնկալիքով էլ որոշ անձինք նախաձեռնել են այս վարույթի հարուցումը: Երեւի կարծում են, որ նման եղանակով կկարողանան ստիպել մեզ հրաժարվել ընդդեմ ԲԴԽ-ի ներկայացված հայցերից:
Սա ընդամենը անհաջող ճնշման փորձ էր, որի մեջ ներքաշեցին նաեւ արդարադատության նախարարին:
-Արդեն տեւական ժամանակ է, ինչ կռիվ եք տալիս ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ, եւ դատելով մինչեւ այս իրավիճակի զարգացումներից` որեւէ արդյունք չկա: Ավելին` բանը հասավ այնտեղ, որ Ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցեցին: Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը:
-Թո՛ւյլ տվեք չհամաձայնել: Արդյունք կա, եւ այն էլ` զգալի: Ես արդյունք չեմ գնահատում միայն մեր օգտին որեւէ բարենպաստ դատական ակտի կայացումը: Մեր պայքարի նպատակը դատավորի խախտված իրավունքի վերականգնումն է եւ այդ շրջանակներում նրա վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունեցող մարմնի լեգիտիմության հարցի պարզումը: Այսօր արդեն միայն մենք չենք բարձրաձայնում, որ ԲԴԽ նախագահն ընտրվել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ, հետեւաբար առնվազն այդ առումով խիստ կասկածելի է նրա` որպես ԲԴԽ նախագահի լեգիտիմությունը: Ավելին, նշված անձի լիազորությունները վաղուց դադարել են` տարիքը լրանալու հիմքով, սակայն վերջինս շարունակում է պաշտոնավարել:
Դրանց վերաբերյալ եւս առկա են դատական հայցեր, ինչի կապակցությամբ տրվելիք պատասխանը եւս կփնտրենք Եվրոպական դատական ատյանում ներպետական ատյաններում սպառիչ պատասխան չստանալու պարագայում:
Ինչ վերաբերում է կարգապահական վարույթին, ապա դա որեւէ կերպ չի կասեցնի մեր պայքարը: Ավելին` նշված փաստը հաստատում է մեր այն մտավախությունը, որ ԲԴԽ նախագահի անձի շուրջ իրավական պատնեշ է դրված:
-Մեզ հասած տեղեկություններով` Սնանկության դատարանում դատավորի պաշտոնի համար երկու թափուր տեղ են բացելու եւ ներքին կարգով Ձեզ համոզում են գնալ այնտեղ: Դուք պատրաստվո՞ւմ եք գնալ եւ այդ քայլով, հանուն պաշտոնի, դադարեցնել Ձեր պայքարը Գագիկ Հարությունյանի եւ, առհասարակ, ԲԴԽ-ի գործողությունների դեմ:
-Միանշանակ ոչ: Ասեմ, որ տեղյակ չեմ Սնանկության դատարանի` դատավորի թափուր տեղեր ավելացնելու մասին, չեմ հետաքրքրվում, որովհետեւ լինելու դեպքում էլ չեմ դիմելու այդ դատարան գնալու համար:
Իմ հայցերի, պայքարի նպատակը Սնանկության դատարանում դատավոր նշանակվելը չէ: Խնդիրը դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարմնի` ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքի ոտնահարման դեմ պայքարելն է, քանի որ խաթարվել է դատավոր-ԲԴԽ փոխհարաբերությունները: Ես, ինչպես յուրաքանչյուր դատավոր, պետք է վստահ լինեմ, որ Բարձրագույն դատական խորհուրդն ունի լեգիտիմ կազմ եւ իր գործունեությունը ծավալում է ոչ թե կամայականությամբ, այլ կոնկրետ փաստերի հիման վրա ձեւավորված ներքին համոզմունքով: Ինչպես ցույց են տալիս դեպքերը, պայքարը չի սպառվելու ներպետական ատյաններով` դատելով որոշ դատական ատյանների խուսափողական քաղաքականությունից:
-Մեզ հասած տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի` ԲԴԽ նախագահ լինելու հարցի կապակցությամբ Դուք պարտաստվում եք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից փորձագետներ հրավիրել:
-Եթե դրա իրավական հնարավորությունը ունենայինք, միանշանակ կանեինք: Ինչի՞ց է բխում մեր մտավախությունը: Տեսե՛ք, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության` խորհրդարանական կառավարման ձեւ ունենալու հանգամանքը, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվել է, որ Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 5 անդամ ընտրվեն օրենսդիր մարմնի` ՀՀ Ազգային ժողովի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարվել է: Սակայն ԲԴԽ 5 անդամների ընտրած Ազգային ժողովը արձակվեց ընդամենը 8-9 ամիս աշխատելուց հետո, ինչի պատճառը գիտի ՀՀ ցանկացած շարքային քաղաքացի: Տվյալ դեպքում արդյոք լեգիտի՞մ է մնում նախորդ Ազգային ժողովի կողմից ընտրված եւ հետագայում ՀՀ Սահմանադրության խախտմամբ ԲԴԽ նախագահ դարձած անձը:
Չնայած դրան` անձինք, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում օրենսդիր եւ գործադիր մարմինների իրավական ոլորտներում, որոշակի անձնական բարյացակամ վերաբերմունք ունեն ԲԴԽ նախագահի նկատմամբ` երեւի թե պայմանավորված նախկին աշխատանքային հարաբերություններով, ինչը դրսեւորվում է նրանց հրապարակային ելույթներում կարծիքների արտահայտմամբ: Մասնավորապես, հաճախ է հնչում այն միտքը, թե ԲԴԽ նախագահին հետ կանչելու ընթացակարգ չկա` դրանով իսկ իրավական պատնեշ ստեղծելով նշված անձի շուրջ: Այդ պատճառով մեզ մոտ ծագեց տեսակետ հրավիրելու միջազգային իրավաբան-փորձագետների:
Այս պահին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լեգիտիմության հարցի լուծումը տեսնում ենք բացառապես իրավական եղանակով` դատարան ներկայացված հայցերի բավարարման միջոցով:
Իսկ միջազգային իրավական մտքի միջամտությունը ակնկալում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր բողոքների քննությամբ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՀՈՅՈՂ ՓԵՍԱՆ
Ինչպես հայտնի է, մարտի 21-ի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Հովհաննեսի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել էր հետախուզում: «Ժողովուրդ» օրաթերթին պատգամավորի փեսայի միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպիսով, 2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ Գ. Պետրոսյանը: Տուժածի մոտ առկա են եղել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածքներ, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, փայծաղի վնասում եւ այլ վնասվածքներ:
Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ այս միջադեպի պատճառով իրավապահները փնտրում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսային` Հովհաննեսին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հովհաննես Խեչերյանը Գյումրիում գտնվող «Կարոնա» խանութի մոտ կանգնած է եղել եւ հայհոյանքներ է հնչեցրել: Նրա վարքը դուր չի եկել խանութի աշխատակիցներին, եւ վերջիններս միջամտել են` ասելով, որ կարգի հրավիրի իրեն: Սակայն Աժ պատգամավորի փեսան իրեն նկատողություն արած անձանց հետ սկսել է բանավեճի բռնվել, թե որեւէ մեկը չի կարող իրեն ասել, թե ինչ անի: Այս ամենից հետո սկսվել է լեզվակռիվ, որին հաջորդել է խանութի աշխատակիցների եւ պատգամավորի փեսայի միջեւ վեճը: Գ. Պետրոսյանը ստացած վնասվածքներից տեղափոխվել է հիվանդանոց: Նկատենք, որ դեպքից հետո իրավապահները առգրավել են «Կարոնա» խանութի տեսախցիկները, որտեղ երեւում է, թե ինչպես է պատգամավորի փեսան վիճաբանում խանութի աշխատակիցների հետ:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները հարցաքննել են ե՛ւ խանութի աշխատակիցներին, ե՛ւ բոլոր վկաներին, որոնք իրենց ցուցմունքներում տվել են պատգամավորի փեսայի անունը, որ նա միջադեպի մասնակիցների մեջ է եղել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱԿԱՊՈՎ
ՀՀ ԱԺ նախկին պատագամավոր Միհրան Պողոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում: Ըստ ՀՔԾ-ի` Պողոսյանը հրավիրվել էր հարցաքննության, սակայն չէր ներկայացել: Տեսակապի միջոցով հարցաքննելու առաջարկը մերժվել է` այդպիսի ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չլինելու հիմքով: Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության` առաջարկելով հայտնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին:
ԲԱԼԱՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ներկայացված նախագծի մերժմանը` կապված սահմանին բացառապես պայմանագրային զինծառայողներով պաշտպանություն իրականացնելու հետ, նշել է, որ պլանավորման հետ կապված խնդիր է, ինչպես նաեւ պետական բյուջեի ռեսուրսների: «Փորձում ենք ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողներ ներգրավել` տարիքը գործող 36-ի փոխարեն դարձնելով մինչեւ 40 տարեկան, քանի որ դիմումները շատ են»,-ասել է նա: Բալայանը, խոսելով մարտական հերթապահություն իրականացնողների զինծառայության ժամկետը 24 ամիսից կրճատելու գաղափարի մասին, նշել է, որ այս պահին քննարկման փուլում է: Նա ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ նշելուց: «Միայն մի նախապայման նշեմ, որը մինչ այս էլ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողները, եւ սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում»:
Ո՛Չ ՀԵՐՔՈՒՄ Է, Ո՛Չ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Ես ո՛չ կհաստատեմ, ո՛չ էլ կհերքեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, գործը վարում է ՀՔԾ-ն, բոլոր հարցերով պետք է դիմել այդ մարմնին. այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` խոսելով Վահան Շիրխանյանի նամակի մասին: Հարցին, թե նա նույնպես իմացել է, որ Նաիրի Հունանյանը գործակալ է եղել, Վանեցյանը կրկնել է, որ ո՛չ հաստատում է, ո՛չ էլ հերքում. «Գործը վարում է ՀՔԾ-ն, եւ երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի»: Ալեքսանդր Սարգսյանի` Հայաստանից մեկնելու հետ կապված Վանեցյանը նշել է, որ վերջինս դիմել է ԱԱԾ-ին` առողջական հարցերով պայմանավորված, եւ, քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ, թույլատրվել է վերջինիս լքել Հայաստանի տարածքը. «Այո, նա ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, սակայն լինելու դեպքում նրան կհրավիրեն, եւ կարծում եմ, որ որեւէ խնդիր չի լինի»: