Հետհեղափոխական Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի կառավարումը նախարարի պաշտոնակատարի եւ առաջին տեղակալի մակարդակով ստանձնել է ընթերցողին դեռեւս նախկին իշխանությունների օրոք քաջ հայտնի պաշտոնյա Գաբրիել Ղազարյանը։ Վերջինս առանձնահատուկ պաշտոնյա է նույն կառույցում վերանշանակումների առումով։ Ղազարյանը դեռեւս 2014թ. նշանակվել էր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար եւ աշխատել մինչեւ 2016թ, ապա 2016-ին նշանակվեց նախարարի տեղակալ: Նույն նախարարություն նախարարի պորտֆելով Ղազարյանը կրկին վերադարձավ արդեն 2018թ.-ի հոկտեմբերին, երբ իր նախորդը՝ ընդամենը 6 ամիս նախարար աշխատած ԲՀԿ-ական Լեւոն Վահրադյանը, ետ կանչվեց կուսակցության կողմից։ Գ. Ղազարյանը, փաստորեն, հինգ տարվա մեջ հասցրել է երեք վարչապետների կաբինետներում աշխատել՝ Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, Նիկոլ Փաշինյան։ Այնպես որ, Ղազարյանն այս առումով չեմպիոն է։
Պրոֆեսորի որդին, նախկին մանկավարժը
Գաբրիել Ղազարյանի հայրը ֆիզիկական դաստիարակության, սպորտային պատրաստության ու սպորտային մանկավարժության տեսության եւ մեթոդիկայի առաջատար մասնագետներից մեկն է Հայաստանում, ԱՊՀ-ում, ինչպես նաեւ արտերկրում: Հոր պաշտոնավարման օրոք Ֆիզկուլտ ինստիտուտը գերազանցությամբ ավարտած երիտասարդը 20 տարեկանում արդեն ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայրենի Առինջ գյուղի դպրոցում, որտեղ աշխատել է շուրջ երկու տարի՝ 1992-94 թթ։ Դատելով կենսագրականից՝ Ղազարյանը համատեղության կարգով մասնագիտական կարիերան կառուցել է նաեւ Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցում՝ որպես բասկետբոլի մարզիչ, ապա մեթոդիստ, փոխտնօրեն, ուսմասվար, հետո էլ՝ տնօրեն։ Այս դպրոցում ապագա նախարարը բավական երկար է աշխատել՝ ավելի քան 16 տարի։ Ղազարյանը նաեւ դասախոսական աշխատանքի մեծ փորձ ունի:
2010-2013թթ. եղել է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի սպորտի բաժնի պետ, ապա՝ սպորտվարչության պետ։ Հենց այս կոմիտեն էլ Ղազարյանի համար տրամպլին է դարձել կառավարություն մուտք գործելու առումով, կառավարություն, որտեղ նրա այժմյան ղեկավարած կառույցը օպտիմալացվող նախարարությունների թվում է, իսկ սպորտի /եւ ոչ միայն սպորտի/ հարցերն այսուհետ ի պահ են տրվելու սուպերնախարարություն դարձած Կրթության եւ գիտության նախարարությանը։ Սպորտի բնագավառի վաստակավորներից ոմանք մեր զրույցում հույս հայտնեցին, թե Ղազարյանի հարուստ գիտամանկավարժական փորձը չի անտեսվի փորձի ու որակյալ կադրերի դեֆիցիտ ունեցող կառավարության կողմից, եւ վերջինս կշարունակի պաշտոնավարումը, գուցե` մեկ այլ կարգավիճակով:
Չի անհանգստանում օպտիմալացումից
Իր ղեկավարած նախարարության օպտիմալացմանը սպորտի գծով «քայլող հանրագիտարանի» անուն հանած Ղազարյանը հանգիստ է վերաբերվում եւ վտանգ չի տեսնում մի պայմանով՝ եթե իրենք շարունակեն կատարել իրենց գործառույթները: Վերջերս իր հարցազրույցում նախարարի պաշտոնակատարը որոշ փակագծեր էր բացել. ի սկզբանե որոշվել է՝ ոչ մի մասնագիտական վարչություն չի կրճատվելու, քանի որ աշխատակազմն առանց այն էլ փոքր է: Միաժամանակ, Ղազարյանը դեմ չէ, որ որոշ վարչություններ` կոնկրետ ուղղվածություններով, մեկ վարչություն դառնան: Վերջերս իր հարցազրույցներից մեկում Ղազարյանը անդրադարձել էր նաեւ ֆեդերացիաների աշխատանքին եւ տողատակերում բողոքել դրանցից: Ըստ այդմ՝ ՀԿ-ի կարգավիճակ ունեցող այդ մարմինները ոչ թե պետք է զուտ հաշվետվություններ ներկայացնեն, այլ հստակ նշեն՝ տարվա ընթացքում ինչ առաջընթաց են գրանցել, ինչ են արել սխալները շտկելու համար, ինչպես են ընտրում մրցումներին մասնակցող մարզիկներին, արդյոք նրանց չեն տանում որպես տուրիստ:
Ճակատին պարտադիր չէ, որ ԲՀԿ գրվի
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պորտֆելը գրեթե միշտ վստահվել է ԲՀԿ-ին, եւ 2008-ից ցայսօր այս գերատեսչության ղեկավարումը 8 նախարար է ստանձնել: Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Եվ հենց այդ տրամաբանության մեջ էլ տեղավորվեց 2014թ մայիսի 6-ին ՀԱՕԿ սպորտվարչության արդեն նախկին պետ Գ. Ղազարյանին սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար նշանակելը՝ Ծառուկյանի գործընկերոջը նրա խնամի Հովիկ Աբրահամյանի կառավարություն գործուղելը:
2015թ.-ի հայտնի զարգացումներից՝ Սերժ Սարգսյանի կողմից «չարիք» որակվելուց հետո, երբ ԲՀԿ առաջնորդը թողեց ԲՀԿ ղեկավարումն ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից, տասնյակ ԲՀԿ-ականներ, այսպես ասած, ինքնազոհաբերվեցին՝ գնալով իրենց առաջնորդի հետեւից: Ակնկալվում էր, որ այդկերպ հավատարմության ժեստ կանի նաեւ նախարար Ղազարյանը, սակայն ոչ: Եւ երբ այդ շրջանում Ղազարյանի հետ զրույցում նշեցինք՝ Դուք ԲՀԿ-ի շնորհիվ եք նախարար նշանակվել, վերջինս բավական կոշտ արձագանքեց. «Դուք չարաչար սխալվում եք. ես ներկայացվել եմ ՀՀ վարչապետի կողմից, եւ որոշումը կայացրել է երկրի նախագահը»: Ապա եւ հրաժարվեց ընդունել իր առնչությունը ԲՀԿ-ի հետ. «Այո՛, հրաժարվում եմ, առնչություն չեմ էլ ունեցել»: Նկատենք, սակայն, որ Ղազարյանը ԲՀԿ-ն լքել էր մինչ այս «ներքաղաքական ճակատամարտը», քանի որ, իր խոսքով, Իտալիայում գործող Եվրոպայի օլիմպիական կոմիտեի օլիմպիական հանձնաժողովում աշխատելու առաջարկ էր ստացել: Մինչդեռ խոսակցություններ կային, թե Ղազարյանն, իբր, հանուն սպորտի նախարարի պաշտոնի է դուրս եկել ԲՀԿ-ից: «Ես ԲՀԿ քաղխորհրդի անդամ եմ եղել, քանի որ ղեկավարում էի սպորտի կառույցը: Այնուհետեւ ես աշխատանքի առաջարկ ստացա ԵՕԿ-ից, իսկ պահանջներից մեկն էլ այն էր, որ ես պետք է կուսակցական պատկանելիություն չունենայի»: Չնայած ԵՕԿ-ի հետ կնքված պայմանագրին` Ղազարյանը նախընտրեց ոչ թե եվրոպական հանձնաժողովականի, այլ հայաստանյան նախարարի պաշտոնը` փաստորեն կանխավ ձերբազատվելով ԲՀԿ-ի հետ ունեցած առնչությունից: Ղազարյանը պաշտոնանկ արվեց Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո եւ «չինի» իջեցում ունեցավ՝ դառնալով նախարարի տեղակալ:
Նշենք, որ Ղազարյանի պես նույն պաշտոնում երկու անգամ վերանշանակվել է նաեւ մեկ այլ ԲՀԿ-ական՝ Հրաչյա Ռուստոմյանը, որն էլ այդ կառույցը ղեկավարել է 2010-2013թթ, ապա` 2016-2018թթ՝ մինչեւ հեղափոխությունը` հաջորդելով Ղազարյանին:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՒՍԱՓԵՑ ԽՈՍԵԼ ՍԱՆԱՎԻԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԻՑ
ՀՀ առողջապահության նախարարության` սանավիացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ մտադրությունը դժգոհությունների ալիք է առաջացրել որոշ մասնագետների մոտ: Նրանցից Մարինե Խաչատրյանը նախարար Արսեն Թորոսյանի այս որոշումը համարում է անտրամաբանական:
Վերջերս Մարինե Խաչատրյանը հայտարարել է, որ ուղղաթիռները օգտագործվելու են հիմնականում տուրիստական նպատակներով, դեռ չի լուծվել ամենակարեւոր` տեղափոխվող հիվանդի պատգարակի եւ կենսական նշանակության սարքավորումների ձեռքբերման, տեղակայման եւ ֆիքսացիայի հարցը, մինչդեռ նախարարը խոստացել էր արդեն մարտ ամսվա վերջին մատուցել սանավիացիոն ծառայություն: «Պատկերացրե՛ք դեպք պրակտիկ կյանքից. ուղղաթիռը զբոսաշրջիկին տարել է Գառնին, Արարատը եւ Սեւանը ցույց տալու: Տրվում է կանչ, տուրիստներին բացատրվում է, որ ուղղաթիռը պետք է գնա ծանր հիվանդ տեղափոխելու: Բնականաբար, տուրիստներին չեն տանում, հասցնում, օրինակ, Ագարակ: Վերադառնում են Երեւան, նրանցից ներողություն են հայցում, վերադարձնում են տուրի համար վճարված գումարը, այնուհետեւ սկսում են ուղղաթիռից հանել այն նստարանները, որոնց տեղում պետք է լինի հիվանդի պատգարակը: Միաժամանակ տեղադրում ու ֆիքսում են արհեստական շնչառության սարքը, սրտի աշխատանքը վերահսկող սարքավորումներ, դեֆիբրիլյատոր, թթվածնի բալոն եւ այլն: Չմոռանամ ուղղաթիռի լիցքավորման ժամանակի, բժշկական անձնակազմի մոբիլիզացիայի հարցի մասին»,- ասել է նա:
Սակայն այս հարցերի պատասխանները տեւական ժամանակ է, ինչ Առողջապահության նախարարության որեւէ պաշտոնյայի շուրթերից չի հնչել: Այս հարցերին չկարողացավ պատասխանել նաեւ նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը` պատճառաբանելով, որ բանակցությունները դեռ ընթացքում են: «Օրինակ` ծանր վթարներից հետո, մենք գիտենք, պոլիտրամվայով հիվանդներ, որոնց անգամ հնարավոր չէ ռեանիմոբիլով մի քանի ժամում տեղափոխելը, կարող է կյանքի հետ կապված խնդիրներ առաջացնել: Իսկ ուղղաթիռով մենք հիվանդին կարող ենք հասցնել ժամանակին ավելի մասնագիտացված բժշկական կենտրոն: Այդ սարքերը ուղղաթիռի հետ եկել է: Դա գործելու է քաղաքացիների համար»,- նկատեց խորհրդականը: Ապա ավելացրեց, որ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուղղաթիռը պետք է հագեցած լինի արհեստական շնչառական համակարգով, տեղ լինի, որտեղ հնարավոր կլինի դնել պատգարակը, եւ կուղեկցի բժիշկ-ռեանիմատոլոգը: Բայց թե ինչպես են հասցնելու ժամանակի մեջ տեղավորվել, զբոսաշրջիկին օդում են թողնելու եւ գնան կանչի հետքերով, հայտնի չէ: Ի դեպ, խորհրդականը խուսափեց խոսել նաեւ ծառայության գների մասին. «Մոտավորապես հայտնի է, բայց բանակցությունները դեռ վերջնական ավարտին հասցված չեն»:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ՆՎԻՐԱԾ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ
Իջեւան քաղաքում, ինչպես նաեւ հանրապետական մամուլում արծարծվել է Իջեւանի համայնքապետարանի կողմից փողոցները մաքրող ավտոմեքենա նվիրելը Հրազդան քաղաքին: Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանն այդ առթիվ հայտնեց, որ այդ մեքենան Իջեւան քաղաքին բարեկամ Ֆրանսիայի Վալանս քաղաքը նվիրել է շուրջ 5 տարի առաջ, եւ այն նոր չէ: Վ. Ղալումյանի խոսքերով` փողոցների փոշին մաքրող մեքենայի աշխատանքը Իջեւանում լավ արդյունքներ չտվեց: Դրա աշխատանքի հետեւանքով փոշով էին պատվում փողոցներով քայլող մարդիկ, եթեւեկող կամ կայանած ավտոմեքենաները, տնտեսուհիների փռած լվացքները: Քաղաքապետն ասաց, որ եթե ֆրանսիացիները օգտագործված մեքենան նվիրել են Իջեւանին, իրենք ինչու դա պետք է վաճառեին Հայաստանի Հրազդան քաղաքին: Նա ասաց, որ մեքենան նվիրաբերելու որոշումը Իջեւան համայնքի ավագանին ընդունել է միաձայն, ավագանու նիստին ներկա 8 անդամները դրան կողմ են քվեարկել:
ԱՊԱՀՈՎՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐՈՎ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղի բնակչությունը տարիներ շարունակ օգտվում էր Դեբեդի ափին գտնվող խորքային հորից արտամղվող անորակ ջրից: Բագրատաշենի բնակիչների մեծ մասն այն չէր օգտագործում որպես խմելու ջուր. տարբեր տեղերից, աղբյուրներից էին իրենց համար խմելու ջուր ճարում: Նաեւ Բագրատաշեն գյուղը ներառող խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ համայնքապետարանի իրականացրած ծրագրով Բագրատաշեն գյուղի բնակիչներին խմելու ջրի հաշվիչներ են բաժանվել, խմելու ջրի ծրագիրը գործարկվել է, գյուղի բնակիչներն այժմ շուրջօրյա օգտվում են Ստեփանավանի ջրագծի որակյալ ջրից: Համայնքի ղեկավարն ասաց, որ ամիսուկես հետո Բագրատաշենի հարեւան Դեբեդավան գյուղի բնակիչները եւս կօգտվեն Ստեփանավանի ջրագծից:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ