«ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը հայտնել էր, թե ԲԴԽ-ն փաստել է` դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի հետ կապված մի ընթացակարգում օրենք է խախտել, եւ իրենք դեռ պետք է քննարկեն` արդյոք սա հիմք է ինքնաբացարկի միջնորդության համար, թե ոչ:
Ինչպես հայտնի է, գործի նախաքննության ընթացքում դեռ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը հունվարի 11-ին մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:
Դատավոր Գրիգորյանը, սակայն, հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են այն ժամանակ, երբ ինքը չի հերթապահել: Այս արարքի համար դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկվեց, ուստի չի բացառվում, որ պաշտպանական կողմը, հաշվի առնելով կատարվածը, կրկին բարձրացնի դատավորի ինքնաբացարկի հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են ԲԴԽ` պահանջելով տրամադրել դատավոր Գրիգորյանին հայտարարված նախազգուշացում հայտարարելու հիմքը, որպեսզի իրենք էլ որոշեն անելիքները: