Ես ի՞նչ իրավունք ունեմ հրաժարվել մանդատից․ Լենա Նազարյանը զիջեց ամուսնու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, խորը «հիասթափության» մեջ է: Ըստ մեր տեղեկությունների` Նազարյանն իր մտերիմների շրջապատում հայտարարել է, որ շատ է հիասթափվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարած քաղաքականությունից ու հատկապես դեմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը:

Լենա Նազարյանը վերջին ժամանակահատվածում մեկուսացել է, ավելին` խորհրդարանում նրա հետ «Իմ քայլ»-ականներից ոչ ոք չի շփվում, որեւէ հարցի շուրջ նրա հետ չեն խորհրդակցում, հիմնական «հավաքները» լինում են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի սենյակում:

Ըստ մեր տեղեկությունների` Լենա Նազարյանի հետ հարազատ խմբակցության պատգամավորների հետ չշփվելը կապված է հատկապես այն հանգամանքի հետ, որ Աժ փոխնախագահ ընտրվելուց հետո իր «վարքագիծը» փոխել է: Վերջինս սկսել է շատ քիչ «շփվել» պատգամավորների հետ, իրեն շատ գոռոզ է պահել, ինչի համար էլ պատգամավորները սկսկել են բոլոր հարցերում դիմել Լիլիթ Մակունցին:

Իսկ Լենա Նազարյանն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ իրեն դուր չի գալիս կուսակցության կատարած աշխատանքները, ու դրանք չեն բխում այն ամենից, ինչն իրենք դրել էին իրենց առջեւ հեղափոխությունից առաջ: Նշվում է նաեւ, որ ամենի շրջանակներում Լենա Նազարյանը չի լինելու առաջիկայում ձեւավորվելիք ՔՊ վարչության կազմում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ, որը հայտարարել է, թե չգիտի` որտեղից են նման խոսակցությունները հայտնվում:

«Նույնիսկ չգիտեմ, թե ինչ պատասխանեմ, ինչ նեղացվածության մասին է խոսքը. բոլոր քննարկումներին մասնակցում եմ, բոլոր նիստերին ներկա եմ, բոլոր գործընկերներիս հետ համագործակցում եմ: Ես երկու անգամ եղել եմ վարչության անդամ, հիմա վարչության անդամի թեկնածություն ներկայացրել է իմ ամուսինը, որ կուսակցության անդամ է:

Ես շահերի բախումից հնարավոր խուսափելու համար որոշեցի չառաջադրվել, ինչը չի նշանակում, որ ես հետ եմ պահել կուսակցության հետ կապված տարբեր հարցերի քննարկումներից: Ես ստացել եմ քաղաքացիների ձայնը. ես ի՞նչ իրավունք ունեմ հրաժարվել մանդատից»,- հայտարարեց Լ. Նազարյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս