Ապրիլյան պատերազմում կան կետեր, որոնք պետք է բացահայտել. Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք եւս կարծում են, որ պետք է դատական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնել, բայց դա պետք է անել օրինականության շրջանակներում:

-Տիկի՛ն Սամսոնյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Ձեր խմբակցությունը արտահերթ նիստ հրավիրելու օրակարգը չի ներկայացնում, ու անհասկանալի է, թե, ի վերջո, ինչու եք ցանկանում արտահերթ նիստ հրավիրել: Ինչո՞ւ չեք ներկայացնում այն օրակարգը, որի շուրջ նպատակ ունեք արտահերթ նիստ հրավիրել:

-Մենք պարզաբանում ենք, թե ինչի շուրջ է լինելու արտահերթը, ու մենք չենք խուսափում ներկայացնել օրակարգը: Մեզ ասել են, որ պետք է կցվի նաեւ հայտարարության տեքստ, մենք անպայման կներկայացնենք:

-Ըստ Ձեզ` ինչո՞ւ իշխանության ներկայացուցիչները հակված չեն արտահերթ նիստի: Նկատո՞ւմ եք խուսափողականություն այդ հարցում, ինչպես նախորդ իշխանություններն էին անում, երբ ընդդիմությունն էր նման առաջարկությամբ դիմում:

-Գիտեք, խուսափողականության մասով եթե խոսենք, ապա ես դա կարող եմ գնահատել միայն նրանով, որ իրենք չմասնակցեցին ստորագրահավաքին: Այսինքն` արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության տակ ստորագրել են միայն «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցության 18 պատգամավորները:

-Ինչո՞ւ չեն ցանկանում, որպեսզի կայանա այդ արտահերթ նիստը:

-Չեմ կարող ասել, գուցե իրենց հարցնեք, ես չեմ կարող որեւէ բան ասել. ցանկությունների մասին իրենք պետք է ասեն:

-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննարկե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը` կապված դատաիրավական բարեփոխումների, այնտեղ «վիրահատական» միջամտություններ անելու հետ: Կո՞ղմ եք վարչապետի հայտարարությանը:

-Վիրահատություն պետք է իրականացնել, բայց այդ վիրահատությունը պետք է իրականացնել օրինականության սահմաններում, իրավականության սահմաններում եւ «Լուսավոր Հայաստան»-ի դիրքորոշումը հայտնի էր դեռեւս այդ ակցիայի` դատարանների մուտքերը, ելքերը շրջափակելուց առաջ: Մենք նախորդ օրը արձանագրեցինք, վարչապետին կոչ արեցինք, որ ձեռնպահ մնա, չդիմեն այդ գործողություններին: Եւ հետո մենք հրապարակեցինք, փորձեինք սոցցանցերում տեղ հասցնել մի միտք, որ, օրինակ, կարելի է կիրառել վեթթինգը: Փաստորեն, այդ միտքը կար նաեւ գործադիրում, բայց հարց է ծագում, եթե այդ միտքը կար գործադիրում, այս գործողությունների նպատակը ո՞րն էր:

-Տեսակետ կա, որ սա միակ տարբերակն էր դատական մարմնի ներկայացուցիչներին ապացուցելու, որ իշխանություններն ունեն լեգիտիմություն ու ցանկացած պահին, ցանկացած ոլորտում կարող են հեղափոխություն իրականացնել:

-Ես կարծում եմ, որ Հայաստանում ոչ ոք չի կասկածում, որ 70 տոկոս ձայն ունեցող ուժ Հայաստանում չունի լեգիտիմություն, եւ պետք է հավելյալ ջանքեր գործադրել ինչ-որ լեգիտիմություն, հանրության վստահությունը ցույց տալու կամ ապացուցելու համար: Մենք դատական համակարգին մեկ բան ունենք ցույց տալու` փաթեթ` հստակ բարեփոխումներով, թե ինչ ենք մենք որոշել անել, ինչն է լինելու մեր քայլերը, մեր հետագա գործողությունները, ինչպես ենք որոշել առողջացնել դատական համակարգը: Այլ բան դատական համակարգին ցույց տալը փակուղի է, սա օրինականության սահմաններում չի:

-Դատավորների հրաժարական, Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարական եւ ԲԴԽ նախագահի հրաժարական. սա է իշխանությունների, կարելի է ասել, նպատակը: Ըստ Ձեզ` դա իրական կդառնա՞:

-Ես կարծում եմ, որ մենք պետք է հավաքվենք ու քննարկենք. դա պարոն վարչապետն ասում է անցումային արդարադատության գործի շրջանակներում: Մեր արտահերթ նիստը նաեւ դրա մասին էր, որ եկեք հավաքվենք, քննարկենք, թե ինչ չափանիշներ ենք դնում, ինչ ենք մենք ուզում: Մինչեւ մենք դա չհասկանանք, մենք չենք կարող համարել` դա ճիշտ էր, թե ճիշտ չէր: Առանց քննարկման դաշտ ստեղծելու եւ առողջ մթնոլորտ գեներացնելու մենք չենք կարող որեւէ գործողություններ անել. դրանք լինելու են էմոցիոնալ գործողություններ, որոնք որ կարող են ոչ միայն չառողջացնել համակարգել, դա կարող է աչքի փոխարեն ունքը հանել:

-Իսկ խմբակցությունը ի՞նչ տեսակետ ունի Նիկոլ Փաշինյանի վերջին ուշագրավ հայտարարության մասին, երբ ասաց, որ հնարավոր է` ստեղծեն հանձնաժողով, որը կքննարկի Ապրիլյան պատերազմի հանգամանքները:

-Կա պահանջ, ու այդ պահանջը եղել է անցած տարվանից: Ապրիլյան պատերազմում կան կետեր, որոնք պետք է բացահայտել, որովհետեւ մենք ստանում էինք տեղեկատվություն այն մասին, որ դիզվառելիք չի եղել, բահերով են կռվել ու շատ այլ նման տեղեկություններ, ինչի մասին, կարծում եմ, պետք է կատարվեն ուսումնասիրություններ: Ես կարծում եմ, որ գործադիրը հասկացել է, որ այդ պահանջը ուժի մեջ է, եւ եթե այդ քննիչ հանձնաժողովն իսկապես կարողանա նորմալ գործել, ու դա նպաստի համակարգի առողջացմանը, մենք իհարկե կողմ ենք ու այդ հարցերում մենք աջակցելու ենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս