Տավուշում ուժեղ կարկուտը ոչնչացրել է բերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ի երեկոյան մոտ 25 րոպե տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանի ցանքատարածությունների եւ այգիների բերքը մեծ չափով ոչնչացրել է:

Մինչեւ հաջորդ օրվա կեսօր Բերդի տարածաշրջանի բնակավայրերի ցորենի արտերում կարկտահատիկները չէին հալվել:

Բերդի տարածաշրջանի խոշորացված բոլոր բնակավայրերը միավորող Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ կարկտահարության վնասները հատկապես մեծ են Բերդ քաղաքում, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Մովսես, Չորաթան, Նավուր, Իծաքար, Չինչին բնակավայրերում, վնասվել է ոչ միայն գյուղատնտեսական ցանքերի եւ այգիների բերքը, կարկտահարությունից գյուղերի առանձնատների տանիքներ են վնասվել, սելավներից քանդվել են հենապատեր:

Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը հայտնեց, որ կարկտահարությունից Վ. Ծաղկավան գյուղի կրած վնասներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծել, որի մեջ ընդգրկվել են գյուղապետարանի եւ համայնքի ավագանու անդամներ:

Այդ հանձնաժողովը պարզել է, որ կարկտահարությունից գյուղի բանջարանոցային մշակաբույսերի 2 հեկտարը, լոբու ցանքի 1 հեկտարը 100 տոկոսով ոչնչացել են, կարտոֆիլի 2 հեկտար ցանքատարածությունների, պտղատու 20 հեկտար այգիների, խաղողի 2 հեկտար այգիներից սպասվող բերքը` 80 տոկոսով, ցորենի 2 հեկտար արտերի բերքը 70 տոկոսով ոչնչացել է:

Բերդի տարածաշրջանում հակակարկտային ոչ մի կայան չկա: Տավուշի մարզում հակակարկտային 10 կայան տեղակայված է միայն մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, սակայն դրանք արդյունավետ չեն, այգիները եւ ցանքերը չեն պաշտպանում ուժեղ կարկտահարություններից:




Լրահոս