Ես անձամբ մասնակցելու եմ Դաշնակցության հանրահավաքին. Մարգարիտ Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի դարձավ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մայիսի 23-ին` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Կուսակցությունը խոսելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դատական համակարգի բարեփոխումների համար արվող քայլերի մասին: Կուսակցությունը, ըստ էության, դեմ է երկու օր տեղի ունեցած իրադարձություններին, երբ վարչապետի հորդորով փակվել էին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, եւ դատավորները չէին կարողանում աշխատանքի հասնել:

ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե որ կուսակցություններն են մասնակցելու հանրահավաքին: «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել հավաքին, կուսակցությունում նման խոսակցություն չի էլ եղել: Նույն պատասխանը ստացանք նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար պատգամավոր Արման Աբովյանից:

ArmLur.am-ն այս հարցի մասին խոսեց նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

«Կոնկրետ կուսակցությունից ինձ որեւէ բան չեն ասել` կա՞ որոշում մասնակցելու, թե՞ ոչ: Ըստ էության, ընդհանուր որոշում չկա: Բայց ես անձամբ մասնակցելու եմ Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին: Հետաքրքրություն ունեմ: Ուզում եմ իմանալ` ինչ նպատակով է հանրահավաքը, ինչ ասելիք ունի կուսակցությունը: Ինձ հետաքրքիր է, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերը ինչպիսի քաղաքականություն են որդեգրում այս շրջանում, դրա համար ուզում եմ անձամբ ներկա լինել, լսել, հասկանալ, թե ինչ պրոցեսներ են ընթանում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Եսայանը:

Հարց ուղղեցինք` արդյոք ինքը տեղեկություն ունի` ՀՀԿ-ից էլ ովքեր ներկա կլինեն: Եսայանն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում:

Լուսինե Մինասյան




Լրահոս