ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական բացահայտումներն է արել, այս անգամ` ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում: Մասնավորապես, ՀՊ-ն ստուգել է վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը, եւ արձանագրվել են մի շարք թերություններ:
Նշենք, որ առողջապահական ԾԻԳ-ի ղեկավարությունը պատասխանատվություն է կրում տրամադրած վարկային եւ դրամաշնորհային միջոցների օգտագործման համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը հիմնականում համեմատել է Վանաձորի, Սեւանի, Արտաշատի բժշկական կենտրոնների արդիականացման համար 2017-2018 թվականների ընթացքում սարքավորումների եւ կահույքի ձեռքբերման նպատակով անցկացված մրցույթների, միեւնույն լոտերի համար հայտ ներկայացրած կազմակերպությունների գնային առաջարկները, առանձին չափաբաժինների միավորի գները եւ տեխնիկական բնութագրերը:
Այսպես, ըստ պալատի` եթե մրցույթների գնահատումը կատարվեր` ըստ առանձին չափաբաժինների, ապա անցկացված երեք մրցույթներով կտնտեսվեր 184 մլն 441 հազար դրամ գումար: Օրինակ` Վանաձորի ԲԿ-ի արդիականացման համար անցկացված մրցույթով կարող էր տնտեսել 16 մլն 176 հազար դրամ, նույն ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մրցույթով` 37 մլն 409 հազար դրամ, իսկ Սեւանի եւ Արտաշատի ԲԿ-ների արդիականացման համար անցկացված մրցույթով`130 մլն 855 հազար դրամ: Պալատը այս գործարքներում անհամապատասխանություն է արձանագրել: Արդյունքում 2017-ին եւ 2018-ի 9 ամիսների ընթացքում առողջապահական ԾԻԳ-ի կողմից բժշկական հաստատություններին հանձնված բժշկական սարքավորումների, կահույքի եւ պարագաների գները համեմատվել են մատակարարների կողմից ձեռքբերված գների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վանաձորի, Սեւանի եւ Արտաշատի ԲԿ-ների արդիականացման համար 2017-2018 թթ. ընթացքում մատակարարվել են 262 անվանում 2 մլրդ 418 հազար դրամի բժշկական սարքավորումներ, կահույք եւ պարագաներ: Իսկ Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրության ընթացքում համեմատել է 167 անվանում բժշկական սարքավորումների, կահույքի եւ պարագաների գները մատակարարների կողմից ձեռքբերման գների հետ: Պարզվում է, որ 167 անվանում բժշկական սարքավորումների կահույքի եւ պարագաների ձեռքբերման եւ մատակարարման գների տարբերությունը կազմել է 847 մլն 169 հազար դրամ: Ասել է թե` բժշկական սարքավորումներն ու կահույքը ընկերությունների կողմից բժշկական կենտրոններին մատակարարվել է ավելի քան 847 մլն դրամ թանկ: Օրինակ` հեմոդիալեզի սարքը եւ պարագաները` 15 հատ, «Ֆրեզեն» ընկերության կողմից Հայաստան են ներմուծվել 62 մլն 322 հազար դրամով, բայց դրանք Վանաձորի ԲԿ-ին են մատակարարվել 171 մլն դրամով: Այսինքն` «Ֆրեզեն» ընկերության ձեռքբերման եւ վաճառքի գները մի քանի անգամ ավելի են կազմել, այդ սարքավորումները մարզային բուժհաստատությանը վաճառվել են ավելի քան 108 մլն դրամ թանկ: Իսկ, ահա, հեմոդիալեզի սարքավորման համար ջրի մաքրման կայանը «Ֆրեզեն» ընկերության կողմից ՀՀ է ներմուծվել 18 մլն 630 հազար 800 դրամով, բայց այն Վանաձորի ԲԿ-ին մատակարարվել է 41.7 մլն դրամով` դարձյալ կրկնակի ավել գնով:
Մինչդեռ առողջապահական ԾԻԳ-ը կարող էր ջրի մաքրման կայանը ձեռք բերել 20 մլն դրամ էժան, եթե առանձանցվեր, քանի որ դրա ձեռքբերման համար կարող էին մի քանի հայտատուներ հայտեր ներկայացնել, ինչի արդյունքում կայանը կգնվեր ավելի ցածր գնով: Ըստ պալատի` ԼՈՏ-երում կան ներկայացված բազմաթիվ թերություններ` որոշ սարքերի համար ոչ հստակ ձեւակերպումներ, ակնհայտ սխալ թվային արժեքներով ներկայացված պահանջներ:
Բացի այս, Վանաձոր ԲԿ-ին «Ար. Մեդտեխնիկա» ընկերության կողմից 2017 թվականի նոյեմբերի 10-ին մատակարարվել է լապարասկոպիկ հավաքածու` 102 մլն 500 հազար դրամի չափով: Բայց պարզվել է, որ այն «Ար. Մեդտեխնիկա»-ն ձեռք է բերել ՀՀ-ում գրանցված մեկ այլ ընկերությունից`41 մլն դրամով: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այդ նույն լապարասկոպիկ հավաքածուն Հայաստան ներմուծվել է 23 մլն 243 հազար դրամով առանց մոնիտորի: Իսկ առանձին մոնիտորը 3 մլն 309 հազար դրամ արժե: Այսինքն` այս սարքավորումը եւս բժշկական կենտրոնին մատակարարվել է 2.5 անգամ կամ ավելի քան 75 մլն դրամ թանկ:
Ըստ պալատի` Վանաձորի ԲԿ-ին վարկային ծրագրով մատակարարված երեք անվանում 28 հատ սարքավորումներից 9-ը տեղադրված չեն եղել, որոնց տեղադրման ընդհանուր ծախսը կազմել է 595 հազար դրամ: Բայց, չնայած սրան, մատակարարներին չտեղադրված սարքավորումների համար, որպես տեղադրման եւ ուսուցման ծախս, վճարվել է 519 հազար 900 դրամ: Նույն բժշկական կենտրոնում 268 մլն 186 հազար դրամ արժեք ունեցող «Անգիոգրաֆիայի համալիրը» եւ 7 մլն 394 հազար դրամանոց «Էլեկտրոնեյրոմիոգրաֆը» համապատասխան մասնագետ չունենալու պատճառով շուրջ 8 ամիս չէին շահագործվել:
Նշենք, որ առողջապահական ԾԻԳ-ն այս ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրել է իր բացատրություններն ու առարկությունները: Օրինակ` ապրանքների մատակարարների կողմից ձեռքբերման կամ ներմուծման եւ առողջապահական ԾԻԳ-ին վաճառքի գնի համեմատության արդյունքում արված եզրակացությունների մասին առարկություն է ներկայացվել: Ըստ առողջապահական ԾԻԳ-ի` վաճառքի գինը գոյանում է ոչ միայն ապրանքը արտադրողից ձեռք բերելու եւ Հայաստան ներմուծելու արժեքից, այլ նաեւ Հայաստանում գանձվող մի շարք հարկերից, պարտադիր վճարներից, ապրանքի տեղափոխման, տեղադրման, ուսուցման վճարներից եւ այլն: Ըստ ԾԻԳ-ի` Հաշվեքննիչ պալատի վերլուծությունը թերի է իրականացվել, եւ ապրանքների ձեռքբերման եւ ԾԻԳ-ին վաճառքի գների իրական տարբերությունը հասկանալու համար պետք է առնվազն ձեռքբերման գնի մեջ ներառվեին մատակարարի վերը նշած ծախսերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պալատի ուսումնասիրությունները ԾԻԳ-ը փոխանցել է մատակարար ընկերություններին, որոնք իրենց հերթին ներկայացրել են իրենց պարզաբանումները: Ըստ այդմ` հեմոդիալեզի սարքեր եւ դրանց համար ջրի մաքրման կայաններ ներմուծող «Ֆրեզեն» ընկերությունը պարզաբանել է, որ շահույթը կազմել է 25 տոկոս: Նշել է նաեւ, որ ձեռքբերման արժեքի մեջ չի ներառվել ապրանքների` Գերմանիայից ՀՀ տեղափոխման, ապահովագրության ծախսերը, հեմոդիալեզի բազկաթոռների տեխբնութագրերով պահանջվող կշեռքային մեխանիզմների ձեռքբերման եւ ներմուծման ծախսերը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԵՏՔ Է ՈՒՐԱԽԱՑՆԵՆՔ ԱԶԳԻՆ
Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խաղին նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հավաքականի առաջնային նպատակը ազգին երջանկացնելն է, եւ դրա համար հավաքականի ֆուտբոլիստները ջանք ու եռանդ չեն խնայի: Գլխավոր մարզիչը նաեւ անդրադարձավ Ֆինլանդիայի հավաքականին` նշելով, որ ֆիններն այլեւս առաջվանը չեն, փոխվել է նրանց մարտավարությունը, եւ Բոսնիայի հավաքականի հետ համեմատելով` կարելի է ասել, որ տարբերությունը քիչ է: Գյուլբուդաղյանցը նշեց, որ մեր ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի, եւ հաղթանակի հասնելու համար պետք է խաղանք հաղթողի հոգեբանությամբ: Մարզիչը վստահ է, որ խաղն ավարտվելու է մեր հաղթանակով. «Ամեն խաղին ակնկալում ենք հաղթանակ: Այս պահին կենտրոնացել ենք Ֆինլանդիայի վրա: Ամեն ինչ կանենք լավ արդյունքի հասնելու համար»:
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՐԱՍՏՂ Է
Այսօր կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ կայացել է ֆինների գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի մամուլի ասուլիսը: Նա ասել է, որ իր հավաքականը գնալու է հաղթանակի հետեւից, եւ ընգծել է, որ Հայաստանի հավաքականից պետք է զգուշանալ. «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, պաշտպանությունում լավ ենք գործելու եւ, իհարկե, զգուշանալու ենք Հենրիխ Մխիթարյանից. նա համաշխարհային գերաստղ է»: Մարզիչը նաեւ խոսել է Հայաստանի եղանակից եւ դաշտի վիճակից. «Տեղի եղանակը նման է Ֆինլանդիայի եղանակին: Մի փոքր զարմացանք, որ ձյուն էր տեղում: Բարեբախտաբար, խոտածածկի վիճակը լավ է, ու հույս ունենք, որ ոչ մի ազդեցություն չի ունենա խաղի վրա»:
ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով չի մասնակցի Մարոկկոյի դեմ ընկերական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է հավաքականի պաշտոնական կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստն աճուկի հետ կապված խնդիրներ ունի: Հաղորդվում է, որ Մեսիի վնասվածքը լուրջ չէ, եւ արգենտինացին կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության` «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը: Արդեն հայտնի է նաեւ, որ Մեսիի Մարոկկոյի դեմ խաղին չմասնակցելու պատճառով «Ալբեսելեստեն» կզրկվի գրեթե կես միլիոն եվրոյից, քանի որ խախտվում է պայմանագիրը, որտեղ նշված էր, որ Մեսին պետք է լինի արգենտինացիների մեկնարկային կազմում: Հավելենք, որ Մարոկկոյի դեմ հանդիպումը կկայանա այսօր` մարտի 26-ին:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ