Ի՞նչ է թելադրում ամառային նորաձեւությունը. մեկնաբանում է Արայիկ Գաբաջյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ամառ է, եւ արդեն ժամանակն է, որ զգեստապահարանները լցնեք վառ, պայծառ ու թեթեւ զգեստներով: Իհարկե, դուք կարող եք փորփրել նորաձեւության ամսագրերն ու տեղեկանալ վերջին միտումներին, բայց վատ չէր լինի նաեւ, եթե հնարավորություն ունենայիք դիմել ոճաբանին: «Ժողովուրդ» օրաթերթն ընձեռում է այդ հնարավորությունը: Մենք Արայիկ Գաբաջյանի հետ զրուցել ենք «Գարուն-ամառ 2019»-ի վերջին միտումների մասին:

-Արայի՛կ, այս ամառ ո՞ր գործվածքներից հագուստն է համարվում նորաձեւ:

-Շատ նորաձեւ են ծղոտը եւ պարկի թելի հիմքից գործքվածքները: Իսկ գույներից գերակշռող է նարնջագույնն ու կանաչի երեք երանգ:

-Կարճաթեւ բլուզների, տոպերի եւ վերնաշապիկների մասով ի՞նչ կասեք:

-Մոդայիկ են «Դիսնեյի» հերոսների նկարներով բլուզները, հատկապես՝ Միկի Մաուսի պատկերով: Ընդ որում, դրանք կարող են հագնել տնային տնտեսուհիներից մինչեւ գլամուրային աղջիկներ: Իսկ վերնաշապիկներից տարածում ունեն երկար, թափանցիկ մոդելները՝ մեծ գրպաններով:

-Տաբատների, կիսատաբատների ի՞նչ մոդելներ են ներառված հավաքածուներում:

-Դասական ոճի լայն կիսատաբատները, որոնք կարելի է կրել թե՛ կեդերի, թե՛ էլեգանտ, այդ թվում՝ կիսաճտքավոր կոշիկների հետ: Իսկ տաբատներից նորաձեւ են կարճ, կոճը բայց, բայց ներքեւի մասում հավաքված տարբերակները: Դրանք կարծես ջինսի եւ դասականի խառնուրդ լինեն:

-Շրջազգեստների, կիսաշրջազգեստների ի՞նչ մոդելներ են առաջարկում դիզայներները:

-Կիսաշրջազգեստներ առաջարկվում է մեծ մասամբ ծովափնյա նորաձեւության հետեւորդներին, իսկ շրջազգեստներից մոդայիկ են լայն, ֆորմա չունեցող, բարակ գործվածքից, ծալքերով մոդելները:

-Նախորդ տարվանից հավաքածուներ «ներխուժեցին» սաբոները. դրանք այս տարի էլի տարածվա՞ծ են:

-Այո, նաեւ «տանկետկա» կոշիկներն են բավական նորաձեւ: Այս տարի էլ ողջ շուկան ողողված է այդ ֆորմաներով, հաճախ նաեւ՝ ծղոտածածկ:

-Իսկ գլխարկների մասին ի՞նչ կասեք:

-Որքանով ուսումնասիրել եմ, բոլոր տեսակի գլխարկներից էլ ներառված են հավաքածուներում: Ցայտուն մի բան չկա:

-Արեւային ակնոցի ո՞ր մոդելներն եք խորհուրդ տալիս կրել:

-Հավաքածուներում ընդգրկված են թափանցիկ, առանց շրջանակի, միայն ապակիներով մոդելները: Ֆորմաները տարբեր են՝ դեմքը ծածկող քառակուսուց մինչեւ շատ նեղ մոդելներ, որոնք քթի ծայրին են դնում: Վերջիններս ֆորմալ բնույթ են կրում:

-Ծղոտը, կարծես թե, ակտիվ կերպով կիրառվել է նաեւ պայուսակների դիզայնում, այո՞:

-Այո, մոդայիկ են մեծ, փոքր, ուղղանկյուն ծղոտե պայուսակները՝ հարմարեցված առօրյա կյանքին: Դրանք կարելի է կրել ե՛ւ առօրյայում, ե՛ւ համատեղել դասական ոճի հագուստի հետ:

-Իսկ լողազգեստների ո՞ր ձեւերն են ակտուալ:

-Մաքսիմում փակ, մեկ կտորից մոդելները: Մնացած տեսակները համարվում են հակաթրենդ:

-Եվ վերջին հարցը՝ եթե համեմատենք հինգ տարի առաջվա եւ ներկայիս միտումները, ի՞նչ եք կարծում, երիտասարդությունը որքանո՞վ է գրագետ եւ ոճային հագնվում:

Լավ է, որ սկսել են հետեւել նորաձեւությանը, բայց երբեմն այնպիսի տպավորություն է, որ բոլորը միեւնույն խանութից են օգտվել: Ի վերջո, կարելի է տաբատը մի խանութից գնել, վերնաշապիկը՝ մի, կամ գնել հարթ մի շապիկ եւ վրան ինքնատիպ պրինտեր անել: Թե չէ՝ նույն խանութից օգտվում են այգեպանը, կառավարության աշխատողն ու երգչուհին: Դա վախեցնող է եւ տանում է դեգրադացման, որն առկա էր Վրաստանում տասը տարի առաջ: Բայց, արի ու տես, որ հիմա իրենց երկրում իրավիճակը գլխիվայր շուռ է եկել:

Տարածաշրջանում նորաձեւություն թելադրում են վրացիները: Նրանց մոտ երկու ամիսը մեկ անգամ նորաձեւության շաբաթ են անում՝ տասը օրով, մեծ ռեսուրսներ են ծախսում, իսկ դրա համար հարկավոր են ֆինանսական միջոցներ եւ մասնագետներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս